«Արվեստագետի խոսքը պետք է կշիռ ունենա»


Դերասան Սամվել ԹՈՓԱԼՅԱՆԻՆ հայ հանդիսատեսը ճանաչում է «Գոյ» և «Հ. Մալյան» թատրոն-ստուդիայի ներկայացումներից, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներից: «Խաչագողի հիշատակարան» գեղարվեստական ֆիլմում նա մարմնավորել է խաչագող Մուրադին:

 - Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը. երջանիկ պատահականությո՞ւն էր, թե՞ ճակատագրի կանխորոշում:

- Ամեն ինչ շատ պատահական ստացվեց, եթե իհարկե կարելի է պատահականություններին հավատալ: 2002 թվականին ընդունվեցի Թատերական ինստիտուտ` Արմեն Մազմանյանի կուրսը: Այդ ժամանակ փորձում էի մասնագիտություն ձեռք բերել: Հիշում եմ, թե ինչպես էինք մինչև գիշերվա 12-ը փորձեր անում: Խաղում էինք Նժդեհ, Խուլիո Կորտասարի «Հաջողություն Ռոբինսոնին»: Արմեն Մազմանյանը մեզ տեղ էր տալիս ` նախ` որպես քաղաքացի: Հաճախ էր կրկնում. «Առաջինը պետք է ճիշտ մարդ լինես, հետո միայն արվեստագետ: Եթե օրինակ ես հանդիսատեսի համար, պիտի լինես նաև կյանքում»:

- «Խաչագողի հիշատակարանում» մարմնավորեցիր Մուրադի կերպարը, որը քո առաջին փորձն էր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու. հաջողվա՞ծ կերպար էր:

- Կերպարիս սիրել եմ ու հաճույքով եմ խաղացել, բայց իմ արած աշխատանքին գնահատական չեմ ուզում տալ, թող հանդիսատեսը դատի: Դերասանն իրեն ցանկացած դերում պիտի պատկերացնի: Մուրադն էլ տարիքային, հույսը չկորցնելու, միշտ դեպի արմատները նայելու (ոչ որպես խաչագող, իհարկե) առումով որոշակիորեն նման է ինձ: Ինքս էլ իմ խաղով բնավորության որոշ գծեր դրել եմ իմ մարմնավորած Մուրադի մեջ: Ամենակարևորը` մասնագիտությանս մեջ որոշակի փորձառություն ձեռք բերեցի: Եթե նման առաջարկ նորից ստանամ, մեծ սիրով կընդունեմ:

Այսօր գաղտնիք չէ, որ դերասաններին տրվող գումարները չնչին են: Արդյո՞ք դա է պատճառը, որ դերասաններնը հաճախ «մատների արանքով են նայում» իրենց աշխատանքին:

- Մատների արանքով նայելը փոքր-ինչ ծայրահեղացված է: Սերիալը գործարան է, որը պետք է անընդհատ արտադրանք տա: Այդ արագության մեջ դերասանը պետք է կարողանա կենտրոնանալ, հասկանալ իր արածը: Այս արագության մեջ շատ բաներ կորչում են: Դա սերիալի համար նորմալ է: Կան թատրոններ, որոնք բղավում են «օ˜, սերիալները», բայց իրենց ներկայացումները սերիալի մակարդակից էլ ցածր են, և դա շատ ավելի վատ է: Կան թատրոններ, որոնք 5-6 տարի դուրս չեն եկել Հայաստանից: Այսպիսի լճացված վիճակում ավելին ակնկալելը սխալ է:

- Ի՞նչ ես կարծում, հանդիսատեսի կողմից հատկապես ո՞ր դերով ճանաչվեցիր:

- Բնականաբար` «Հանուն սիրո» սերիալում Արմենի կերպարով, որովհետև 2 տարի շաբաթը 5 օր ցուցադրվում է: Եթե չեն էլ նայում, գոնե 1 անգամ հեռուստաալիքը փոխելիս նկատած կլինեն: Դա հեռուստատեսության պատճառահետևանքային կապն է: Սակայն դա լուրջ հաջողություն կամ առաջընթաց չեմ համարում: Իմ ընկալմամբ` սերիալը հանգստի մի ձև է, երբ մարդը հոգնած աշխատանքից վերադառնում է և փորձում սերիալի միջոցով լիցքաթափվել: Չեմ կարծում, թե որևէ մեկը սերիալից ավելի մեծ ակնկալիք ունի:

Որպես «Մալյան» թատրոնի դերասան, ի՞նչ ես կարծում. կա՞ն այսօր Մալյանի ավանդույթների արժանի շարունակողները:

Անշուշտ կան: Իհարկե Նարինե Մալյանի դժվարին աշխատանքի շնորհիվ: Մալյանի թատրոնն այսօր էլ ունի իր գեղագիտական առանձնահատկությունները` թե´ նյութի մատուցմամբ, թե´ բեմադրություններով: Այսօր շատ հստակ պահպանվում են Հենրիկ Մալյանի, ավանդույթները: Այդ ամենը ոչ միայն Նարինե Մալյանի այլև ողջ դերասանական կազմի շնորհիվ է, քանի որ նրանց մեծ մասն ավարտել է Հենրիկ Մալյանի կուրսը:

- Կարծում ես այսօր կա՞ այն միջավայրը, պայմանները, որտեղ դերասանը կարողանա կայանալ:

- Ես մեծ կարևորություն եմ տալիս հյուրախաղերին, քանի որ փորձի փոխանակումից են շատ բաներ ծնվում: Կան թատրոններ, որոնք 5-6 տարի դուրս չեն եկել Հայաստանից: Արվեստագետի խոսքը պետք է կշիռ ունենա, բայց ցավոք` այսօր լրիվ հակառակն է:

- Առաջիկայում ի՞նչ կերպարով է պատրաստվում ներկայանալ հանդիսատեսին Սամվել Թոփալյանը:

- Առաջիկայում ներկայացումներ ունեմ «Գոյ» և «Մալյան», առանձին ներկայացումներ` նաև ուրիշ թատրոններում: Իսկ այնուհետ Հանրային հեռուստատեսության եթերում կվարեմ նոր հաղորդաշար: Կարծում եմ հետաքրքիր և հանրամատչելի ծրագիր կլինի: Այսօրվա ցածրորակ ծրագրերից հաստա´տ կտարբերվի:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ