Լինել մարդկանց կողքին


«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան բոլորեց գործունեության առաջին տասնամյակը: Ասոցիացիայի հիմնադիր Էդուրդ Սիմոնի ՄԱՆԵՎԻ էնտուզիազմը դեռ «Կոմունիզմի թագավորության» ժամանակներից դրսևորվում էր բոլոր ոլորտներում. աշխատանքում, մարդկային փոխհարաբերություններում, հայրենասիրական ընկալումներում, ընկերասիրության մեջ: Այն տարիներին շատերի համար նա դարձել էր չափանիշ. շատերն էին ձգտում նմանվել նրան, ապրել մաքուր, լինել ազնիվ, անկեղծ, սատարել թույլերին ու օգնության կարիք զգացողներին, բարձրացնել ընկածին, նվիրվել գործին, գաղափարին:

Վստահորեն կարող եմ ասել, որ այդ որակները Մանևի մոտ ձևավորվել էին ընտանիքում և արդյունք էին ծանր արդյունաբերության մեջ առաջավոր աշխատող հոր և պատերազմի մասնակից, լոռեցի մոր անմիջական դաստիարակության:

Էդիկն այսօր էլ անհաշտ է ստի, կեղծիքի հետ և կռիվ Է տալիս ճշմարտության համար` վասն բարոյական և վեհ գաղափարների: Չի սիրում ստորաքարշներին և այն գարշելի արարքները, որոնք մարդուն հեռացնում են մարդկայինից ու տանում բնազդական աշխարհ:

Անհանգիստ, միշտ պրպտուն այս մարդը հիմա էլ ակտիվ է, ինչպես երիտասարդ տարիներին: Գիտության դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, գեներալ, մարդու իրավունքների պաշտպան, ՀԿ նախագահ, ժուռնալիստների միության անդամ, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ ու էլի մի քանի պարտականություններ, որոնք կատարում է անտրտունջ ու նվիրումով:

Ահա և կյանքի այսպիսի ուղի անցած մարդը հիմնադրել է «Կյանք» հասարակական կազմակերպությունը, որի 10-ամյակը լրացավ երեկ:

Կազմակերպության գլխավոր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ժողովրդավարության հաստատման ճանապարհին մեծ անելիքներ ունի` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Մեր խնդիրն է ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ դրա խոցելի կողմերը, պատճառահետևանքային աղերսները և աջակցել, որ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները կայանան հնարավորինս արագ և արդյունավետ աշխատեն: Հասարակական կազմակերպության մեջ ընդգրկված են կյանքի դպրոց անցած և մեծ փորձ ունեցող մասնագետներ, պետական-քաղաքական գործիչներ են, գիտության, կրթության, արվեստի բնագավառների ներկայացուցիչներ, նախկինում Ոստիկանության, Ազգային անվտանգության, Զինված ուժերի սպաներ, գործարարներ ու ՀՀ մերօրյա պետական այրեր… Նրանց ջանքերը ուղղված են մեր կյանքն առավել օրինավոր դարձնելու նպատակին:

Հիմնադրելով «Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպությունը, Էդ. Մանևը նպատակ ուներ համախմբել կյանքի շիտակ ուղի անցած անհատների` համատեղ ջանքերով նպաստելու մեր պետության ու պետականության կայացմանը: Ինչ խոսք, պատահական չէ հասարակական այս կազմակերպության անվանումը` «Կյանք»: Ասել է թե` նախևառաջ կյանքի բովում թրծված համախոհների միություն: Եվ, իհարկե` սեփական օգտակարությամբ թույլին, տկարին կյանքի ռիթմում պահելու առաքելություն:

- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը գործունեության գերխնդիր համարող միջազգային ասոցիացիայում լավագույնս պատկերացնում են, որ սոցիալական դժվարությունների մեջ հայտնված մարդկանց նախևառաջ սրտացավ վերաբերմունք ու հոգատարություն է պետք: Եվ «Կյանք» միջազգային ասոցիացիան նաև բարեգործական ու հովանավորչական առաքելութուն է ստանձնել: Կազմակերպությունն իր հիմնական գործն է համարել լինել այն մարդկանց կողքին, ովքեր տարիներ առաջ զենքով են պաշտպանել հայրենի հողը և այսօր օգնության ու աջակցության կարիք ունեն: Այն մարդկանց կողքին, ովքեր անաշխատունակ են դարձել ու դեռևս կրում են երկրաշարժի աղետալի հետևանքները` հաշմանդամ են: Եվ, իհարկե, այն մարդկանց կողքին, ովքեր «Հայրենական մեծ պատերազմի վետերան» սուրբ անունն են կրում: Գլխավոր խնդիր է համարվում նաև հաշմանդամ երեխաների, զինծառայողների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը,- մանրամասնում է հ/կ նախագահը:

«Կյանք»-ն իր ներկայացուցչություններն ունի ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում և, իհարկե, ԼՂՀ-ում ու Ջավախքում: Այն արդյունավետ համագործակցում է նաև Սփյուռքի, Պաշտպանության, Առողջապահության, Սոցիալական ապահովության, Բնապահպանության, Մշակույթի, Կրթության ու գիտության նախարարությունների և պետական ու հասարակական բազմաթիվ կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Հանրային խորհրդի, դեսպանատների հետ:

Հիրավի, դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են, երբ դրանց առջև չընկրկելու կամք կա: «Կյանք» միջազգային ասոցիացիան հստակ առաքելությամբ է հիմնադր վել, և դրա ղեկավար Էդ. Մանևն աշխատանքային հարուստ փորձով գիտե, որ դեպի հաջողություն տանող ճանապարհներից ամենահուսալին մարդասիրական ծրագրեր իրականացնելն է և համառ հետևողականությունը: Իսկ գործընկերներ ընտրելիս նա սովորաբար ապավինում է հին բարեկամներին, նրանց, ովքեր նույնպես բեղուն ճանապարհ են անցել և ծանոթ են օգտակար լինելու վեհ ու մարդային վայելքին:

Ֆահրադ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ