ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆՆ ԷԼԻ ԿՀԱՐՍՏԱՆԱ


Երևանի քաղաքապետարանը հաստատեց 2014 թվականի բյուջեի նախագիծը: Ինչպես միշտ, այս անգամ ևս 220 մլն դրամ է հատկացվել 2014 թվականին փողոցային շների դեմ պայքարի համար: 550 հազար դոլարի այս փոխարժեքը արդեն որերորդ անգամ կտրվի պատգամավոր Ռուբեն Սադոյանին, ով «Յունիգրաֆ-իքս» ընկերության սեփականատերն է: Այս ընկերությունը մշտապես «հաղթում» է «մրցույթում»:

Այս տարի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչները բողոք-նամակներ էին գրել կառավարությանը, որպեսզի իրենց փրկեն Ռուբեն Սադոյանի «Յունիգրաֆ -իքս»-ից: Գյուղում 4-5 տարի շարունակ Բեկարի շների գերեզմանահորից խայտառակ գարշահոտ էր տարածվում: Ըստ գյուղապետ Յուրա Հովհաննիսյանի` իրենք չորս տարի պայքարում են գերեզմանահորը գյուղից հանելու համար: Հետաքրքիր է, որ ամեն տարի Սադոյանի ընկերությունը քաղաքապետարանին է ներկայացրել նույն թիվը. իբր Երևանում կա 46.000 թափառող շուն: Ինչո՞ւ նույն թիվը: Բա ամեն տարի դրանք չե՞ն քչանում իրենց գործունեության արդյունքում: Բայց մի զարմացեք: Մարդիկ ուզում են միշտ հստակ գումար ստանալ. 550.000 դոլար: Թափառող շներով զբաղվող «Փրո Փոուզ» բրիտանական բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նարե Արամյանը այս առիթով մեզ ասաց.

- Մրցույթին այլ կազմակերպություն չի էլ կարող մասնակցել, քանի որ օրենքով չունի համապատասխան փորձ ու ռեսուրսներ, որոնք տարիներ շարունակ կուտակել է միայն մեկ` «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը, որը և այդ նույն տարիներին հաղթել է մրցույթը: Ուստի և տեղի է ունենում հակամենաշնորհայինի կոպիտ խախտում` օրենսդրական հակասություններով: Նշենք, որ վաղուց իր վեր «փող աշխատելու» այս եկամտաբեր երակը պատկանում է Ռուբեն Սադոյանին, չնայած որևէ օգուտ չկա, թափառող շները շարունակում են վնաս հասցնել, գիշերային ժամերին մայրաքաղաքի մի շարք փողոցներում տիրում է շների իշխանությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ