«Ալ-Քաիդան»` գերմանական անձնագրերով


Եվրոպայի տարածքում ահաբեկչություն ծրագրելու համար Արևմուտքի այս հոգեառները հիմա էլ գերմանական անձնագրերն են օգտագործում: Այդ անձնագրերն իբր նրանք ստանում են Սիրիա պատերազմելու մեկնող Գերմանիայի ծայրահեղականներից:

«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը փաստորեն օգտագործում է Գերմանիայում հաստատված իսլամիստների անձնագրերը` իրենց համախոհներին սիրով ընդունող Եվրոպայում ավերածություններ ծրագրելու: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Focusco հանդեսը` վկայակոչելով երկրի ուժային կառույցների տեղեկատվությունը: Այդ տվյալների համաձայն` Գերմանիայի Դաշնային Հանրապետության իսլամիստ ծայրահեղականները հանձնում են իրենց անձնագրերը և սիրիական անձնագրեր ձեռք բերում: Իհարկե, հանձնում են ոչ թե իշխանություններին, այլ «Ալ-Քաիդա»-ին, որն էլ դրանք տալիս է փաստաթղթի տիրոջ հետ արտաքին նմանություն ունեցող վարժեցված ահաբեկիչներին, որոնց միջոցով էլ պատրաստվում են իրականացնել իրենց մեղսագործությունը:

Հանդեսը նաև տեղեկացրել է, որ Սիրիա մեկնող իսլամիստներին նախ տեղավորում են Թուրքիայում` գաղտնի բնակարաններում:

Ներկայումս Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների շարքերում պայքարողներից մոտ 1000 երիտասարդներ եվրոպական երկրներից են. 220-ը` Գերմանիայից (նշել է DPA գործակալությունը):