ՈՒԿՐԱԻՆԱ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Ուկրաինայի գործընկերներն այս երկրի իշխանությունների հետ բանակցություններն արդեն համարում են անիմաստ: Նրանք արդեն դիմում են այդ երկրի գիտակից քաղաքացիներին, ովքեր ընդունակ են գնահատել համագործակցության ռիսկերն ու օգուտները և իշխանությունների պես կոմպրոմատային կախվածություն չունեն Ռուսաստանից:
Ներկայում Ուկրաինայում տեղի է ունենում իշխանությունը տապալելու հերթական փորձը: Ուկրաինական հանրությունը պետք է պատրաստ լինի վերցնել իշխանութ յունը և այն չհանձնել նրանց, ովքեր կբերեն «այլ» կախվածություն:
Հայաստանում նույնպես նկատելի է իշխանությանը շրջանցելով հանրությանը դիմելու փորձը: Ընդ որում, դա անում է ոչ միայն Արևմտյան հանրությունը, այլև Իրանը: Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Իրանի հետ Հայաստանի համար շահավետ համագործակցությունից` իրացնելով ռուսական մենաշնորհների շահերը, և փակելով Իրանի մուտքը հայկական էներգետիկ շուկա:
Իրանի դեսպանը խնդիրը հանրայնացրել է և փաստացի դիմել հանրությանը: Հայաստանի էներգետիկայի նախարարը ստիպված էր պատասխանել դժվար հարցերի, որոնք ավելի ու ավելի են շատանալու: Թվում է` Իրանի դեսպանին մնում է հայտնել միայն իրանական գազի գինը, և այդժամ իշխանության խնդիրն ավելի կբարդանա:
Ուկրաինայում հանրությունը կարող է հաջողություն ունենալ, եթե ընդդիմությունը օգտվի հնարավորությունից և պահպանի երկրի ինքնիշխանությունը: Հայաստանում հանրության արժանապատվությանը դիմելը կարող է արգելակվել, որքան էլ տարօրինակ է, հենց ընդդիմադիր համարվող կուսակցությունների միջոցով: