Գարեջուրն անվտանգ չէ


(Առասպելի քողազերկում)

Ասում են` գարեջուրն օգտակար ըմպելիք է.

Իրականում այն ինքնաթոր ու սովորական օղուց էլ վտանգավոր է, որովհետև դրա խմորման ընթացքում պահպանվում են թունավոր միացությունները (ալդեհիդներ, մեթանոլ, էֆիրներ…), որոնք 10-100 անգամ ավելի են, քան բարձր մաքրությամբ սպիրտից ստացվող օղու մեջ:

Ասում են` գարեջրային ալկոհոլիզմը մտացածին խնդիր է.

Իրականում դա հոգեբանական հիվանդություն է: Գարեջրամոլությանը բնորոշ է այսպես կոչված անոզոգնոզիան, այսինքն` հիվանդության բացասումը: Գարեջուր խմելու համար պետք չէ որևէ առիթ կամ ուտելիք ու ոչ էլ` ընկերակից. կարելի է խմել միայնակ, տանը կամ փողոցում, նստած կամ քայլելիս և այլն: Ահա թե ինչու նարկոլոգները պնդում են, որ գարեջրամոլությունը ալկոհոլիզմի ծանր, դժվարաբուժելի տարբերակն է:

Գարեջուրն օգնում է` չչարաշահել օղի՞ն.

Դա մեծագույն ինքնախաբեություն է: Մեկ շիշ գարեջուրը համարժեք է 50-100 գրամ օղու (դրա թնդությամբ պայմանավորված): 5-6 շիշ գարեջուրը հավասարազոր է 1 շիշ օղու: Սակայն խմողը հոգեբանորեն իրեն պաշտպանված է զգում. օրական 1 շիշ օղի խմողը բացահայտ ալկոհոլիկ է, իսկ 2-3 լիտր գարեջուր խմողը «սովորական», երբեմն նույնիսկ հաջողակ երջանիկ մարդ է համարվում: Իսկ ահա վիճակագրությունը փաստում է, որ գարեջուր օգտագործելիս մեծանում է օղի խմելու պահանջը: Ռուս գինեմոլները նույնիսկ ասույթ են հորինել` «Առանց գարեջրի օղին նույնն է, ինչ փողերը քամուն տալը»:

Ասում են` գարեջուրն օգտակար է մարսողությանը.

Շատերը խոստովանում են, որ սկզբում գարեջրի համը նույնիսկ տհաճ է եղել. խմել են` մեծ երևալու համար: Հետո լսել են, թե դա օգնում է` խումհարից դուրս գալ, ոգելիցներից հետո շուտ սթափվել, գլխացավ չունենալ: Ինչպիսի դրական հատկանիշներ էլ վերագրեն գարեջրին, դրա խեժանյութերը քաղկցեղածին են և կատարում են իրենց սև գործը` նպաստելով մարսողական համակարգում չարորակ նորագոյացությունների առաջացմանն ու զարգացմանը:

Ասում են` գարեջուրը վիտամիններ է պարունակում և օգտակար է երիկամների համար.

Գարեջուրը պատրաստվում է ածիկից, որը հարուստ է B խմբի վիտամիններով: Սակայն պատրաստման ընթացքում դրանք այնքան են նվազում, որ օրվա չափաբաժինն ապահովելու համար հարկավոր է օրական խմել 10 լիտր գարեջուր: Իսկ երիկամներին օգտակարության մասին խոսելն ավելորդ է: Գարեջուրն օրգանիզմից տանում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր ու միկրոտարրեր. հատկապես կալցիում, մագնիում և վիտամին C: Կալցիումի պակասի դեպքում խաթարվում է սրտի ռիթմը, առաջանում է մաշկի չորություն, սրնքամկանների ցավ, ոտքերի թուլություն: Մագնիումի անբավարարությունը վատացնում է տրամադրությունը. մարդը դառնում է դյուրագրգիռ, լալկան, վատ է քնում: Իսկ C վիտամինի պակասը թուլացնում է դիմադրողականությունն ու մտավոր կարողությունները, հաճախակի է ի հայտ գալիս մրսածություն: Եվ երիկամներն ստիպվում են ծանրաբեռնվել` մաքրելու գարեջուրն ու դրանում առկա վտանգավոր նյութերը:

Գարեջուրը նպաստում է սեռական կարողունակությա՞նը.

Ճիշտ հակառակը: Մակերիկամների վրա իր թունավոր ազդեցությամբ ալկոհոլը թույլ չի տալիս, որ դրանք արտադրեն անդրոգեններ, որոնցով պայմանավորված է սեռական հակումը: Դա նաև տղամարդկանց արտաքին տեսքն է փոխում. մեծանում են կրծքագեղձերը, լայնանում են կոնքերը: Գարեջրամոլ կանանց շրջանում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Իսկ կրծքով կերակրող մայրերի երեխաները կարող են ընկնավորության ջղաձգումներ «վաստակել»:

Մահմեդականներն ավելի հետևողական են

Մուսուլմանները, փաստորեն, ավելի հեռատես են և գարեջրասիությունը դիտում են որպես հակամահմեդական սովորություն: Հենց այդ սովորությունների դեմ պայքարի շրջանակներում էլ օրերս Նիգերիայում իսլամական ոստիկանությունը 240 հազար շիշ գարեջուր է ոչնչացրել (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը): Եվ ոչ միայն այդքանը: Հասարակական կարգի պահապանները ոչնչացրել են ևս 8 հազար լիտր «բուրկուրու» կոչվող ալկոհոլային խմիչք և 320 հազար ծխագլանակ:

Այս ակցիան անցկացվել է երկրի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում, ուր գործում են շարիաթի օրենքները: Ինչպես նշում է AP-ն` ալկոհոլի վաճառքն արգելված է ողջ քաղաքում` բացառությամբ քրիստոնեական մի թաղամասի:

Նիգերիայի հյուսիսում, այդ թվում և Կանոյում, սակավադեպ չեն ահաբեկչությունները, որոնց հեղինակները իսլամիստ արմատականներն ու «Բոկո խարամ» կազմակերպության անդամներն են, ովքեր ձգտում են շարիաթի օրենքները հաստատել ամբողջ երկրում: