ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ
*** Ստուգելով կամ փորձելով մեկին, դու ոչ թե նրան ես փորձում, այլ նրա հանդեպ քո ունեցած վստահության հավաստիությունը…
*** Աշխարհում ամենավեհ կամ ամենաստոր քայլերն անում են տղամարդիկ. հանուն կանանց կամ դարձյալ` կանա´նց դրդմամբ…
*** Ցավոք, տղամարդկանցից շատերն այդպես էլ ողջ կյանքում տղա-մարդ են մնում:
*** Մարդիկ նույնիսկ թշնամու դեմ պայքարում այնքան համախմբված չեն լինում, որքան արժանավորին կործանելու գործում. հիշենք լավագույնին` խաչված Քրիստոսին…
*** Անարժաններին բախտի նվերները մեծամտացնում են ու չարացնում. արդյունքում նվերները դառնում են փորձանք…
*** Հացափուչիկ թխելու մրցույթում մեր հացթուխները պատվավոր տեղում են…
*** Մինչև օրս էլ մեղք են գործում գայլերը, զոհաբերվում` գառները…
ԾԻՏԻԿԱՅԻՆ…
Ծիտիկն անհույս երազող էր,
Եվ թե արծիվ դառնալու
Գաղտնի հույսեր չփայփայեր,
Ծիտիկային իր կարճ կյանքը,
Գուցե անհոգ վայելեր…
*** Սոխակ ձևացող ագռավները չհանդուրժեցին սոխակին, որն այդպես էլ կռռալ չսովորեց…