ԴԻՄԱԿԱ«ՀԱՆԴԵՍ» 


Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը.

Գուցե ամոթի՞ց...…

Գուցե կարոտի՞ց...

Գուցե ճանկռտող ճյուղերի՞ց այս չար,…

Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ…

Ու ստիպում է կուչ գալ խեղճորեն…

Պարույր ՍԵՎԱԿ

 

Իսկապես, ե՞րբ և ովքե՞ր են թաքցնում դեմքը: Մեզանում` գրեթե բոլորը և ամեն օր: Ու մեծամասամբ` նույն դիմակի տակ: Սրտամաշ հոգևոր ցրտից ճկվածների հայացքը դարձել է անզոր-անտարբեր: Ամոթահարներ մեզանում չկան, կարոտյալները ուրիշ երկրներում աշխատանք գտած հարազատներից համբերատար գումարի են սպասում ու վախվորած աղոթում, որ փորձանքից հեռու մնան: Սոցիալական բեռի «ճանկռտող չար ճյուղերից» լլկվածները Տիրոջ հրաշքին են սպասում, անփող հիվանդները` մահվանը… Ու բոլորի դեմքին անհուսության դիմակն է, որը երբեմն-երբեմն ծամածռվում-չարանում է ու իսկույն էլ` նորից անզորանում:

Մի փոքրիկ խումբ էլ ինքնամեծար ամենազորի դիմակն է հագել` մոռանալով այն անցյալը, երբ ինքն ամաչկոտ վերջիններից էր: Ամաչկոտ վերջիններից էր ու այդպես էլ անբռնազբոս ծիծաղել, լիաթոք ժպտալ չսովորեց: Այն ժամանակ, սակայն գիտեր արժանավորի գինը, ու նրանց բարևը որսալու համար դեմքին ժպիտ էր սարքում, իսկ ինչ- որ բան խնդրելիս խոնարհվում էր կորամեջք: Հիմա արդեն ինքն է ստիպում, որ իրեն դիմելիս նույն քսու ժպիտը սարքեն ու խոնարհվեն կորամեջք: Այդպե´ս էլ լիարժեք ժպտալու և արժանապատվորեն շնորհակալ լինելու արժեքը չհասկացան: Եթե հասկանային` տառապանքից կուչ ու ձիգ եղող այս ստվար բազմությանը երախտիքի շարականներ պիտի ձոնեին (տեսնես` գոնե կհասկանա՞ն, թե ինչու): Տե´րը` նրանց դատավոր: Իսկ մինչ նրանք կհամոզվեն, որ Տիրոջ առջև պատռվում են բոլոր դիմակները, թող շարունակեն մերթընդմերթ բարեգործի դիմակով ծածկել անկուշտ հայացքները: Կարևորը` գիտեն, որ այդ դիմակը ավելի լավն է իրենց իսկական դեմքից:

Իսկ անզոր անտարբերությունը կենսակերպ դարձրածներին ժամանակն է հուշել. շտկեք ձեր մեջքերն ու շարունակեք որոնել արդարությունը: Այն տկարարել է բոլոր մահկանացուներիս նման և բոլոր մահկանացուներիս նման նա էլ սպասում է: Սպասում է, թե վերջապես ով կգտնի իրեն: Այսօր բոլորիս անունն է Պայքար, Արդարության անունը` հաղթանակ: Այո: Պայքար, բայց ոչ ամբոխավայել, հայհոյաբարբառ: Պայքարենք` սեփական դեմքը չկորցնելու, աղավաղվող ազգային մեր դիմագիծը պահպանելու, տքնանքից չխոժոռվելու և արարման բերկրանքը կրկին վայելելու համար: Զգուշանանք, որ չարությունը տեր չդառնա մեր տանը, ու այդ տան` նույնիսկ խոտոր ճամփան ընտրած զավակների գահավիժումը երբևէ չպետք է ուրախացնի ոչ մեկիս: Որպեսզի, երբ հնչի «հանե´ք դիմակները, պարոնայք» վերին հրահանգը, ինքներս չսարսափենք մեր իրական դեմքից: