Սահմանադրությունը կբացի՞  դեպի ապահով Հայաստան տանող դռները


Երբ Արևմուտքը որոշում կայացրեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ չնայած հեշտ չի լինելու, բայց այն նաև լավ առիթ է ներքին ռեսուրսներն իմի բերելու և սեփական ուժերը մոբիլիզացնելու համար: Նրա խոսքով` դա թույլ կտա ոչ միայն արտաքին ճնշումներին դիմակայել, այլև սեփական ուժերով նոր տնտեսություն զարգացնել: Այս ուղերձն, անշուշտ, ոչ միայն անծայրածիր ու հարուստ բնական պաշարներ ունեցող երկրին կարող է վերաբերել, այլև Հայաստանի նման համեստ չափեր և բնական պաշարներ ունեցող երկրներին: Այս օրերին, երբ մի կողմից մեր երկիրը կանգնած է նոր, արմատական, կամ, ինչպես որոշ վերլուծաբաններ են նշում` ներքին հեղափոխություն ենթադրող փոփոխության`` սահմանադրական բարեփոխումներ կատարելու շեմին, իսկ մյուս կողմից դեռևս քննարկումների փուլում է երկրի գլխավոր տնտեսական փաստաթուղթը` 2016 թ.-ի բյուջեի նախագիծը, պարզից էլ պարզ է դառնում, որ հաջորդ տարին բավականին լարված է լինելու և իշխանությունների, և´ քաղաքական կուսակցությունների, և´ ինչու չէ` հասարակության համար:

Այս ամենի պատասխանատուն իշխող Հանրապետական կուսակցությունն է, որին էլ ուղղված են թե´ ծափահարությունները, թե´ սուր քննադատությունները: Նոր Սահմանադրության առավելությունների, բյուջե 2016-ի և երկրի առջև ծառացած խնդիրների մասին է զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

- Եթե համեմատելու լինենք ներկայիս նոր, կամ բարեփոխված Սահմանա-դրության դրույթները, Ձեր կարծիքով որո՞նք են ամենակարևոր ձեռքբերումները, հանուն որոնց արժե նման փոփոխություն կատարել:

- Նախ ասեմ, թե ինչո՞ւ են անհրաժեշտ Սահմանադրական բարեփոխումները: Փաստորեն, մենք 1995-ին ընդունեցինք Սահմանադրություն և 2005 թվականին էլ բարեփոխեցինք այն: Ճիշտ է, դրանք երկուսն էլ կարևոր էին` Մայր օրենք ունենալու, մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, պառլամենտարիզմի զարգացումն ապահովելու տեսանկյունից: Բայց պետք է արձանագրենք, որ Սահմանադրու-թյան ընդունումից քառորդ դար անց Հայաստանում ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա չէ:

Մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված չեն, չի արմատավորվել կառավարման արդյունավետ համակարգ, իսկ դատարանները դեռևս անկախ և անաչառ չեն: Փոփոխություններն այս հիմնական խնդիրների լուծմանն էր միտված: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ մեխանիզմները և անհրաժեշտ փոփոխություններն առաջադրված նոր տարբերակում առկա են:

- Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ներկայիս գործող Սահմանադրությամբ նույնպես հնարավոր կլիներ Ձեր թվարկած խնդիրները կարգավորել, եթե քաղաքական կամք դրսևորվեր: Որո՞նք են այն փաստարկները, որոնք համոզիչ են դարձնում այն, որ Ձեր թվարկած խնդիրները հնարավոր կլինի նոր Սահմանադրությամբ կարգավորել:

- Ինձ թվում է, որ մեր մեջ պետք է նախ բարքերը, կարծրատիպերը բարեփոխվեն: Առանց այդ կարծրատիպերը բարեփոխելու, ինչ էլ անես` ի զորու չես լինելու հասնել այն նպատակներին, ինչին որ մենք փորձում ենք հասնել սահմանադրական փոփոխություններով: Ես ուղղակի հղում կանեմ իմ գործընկերոջը` սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ով մեջբերել է ֆրանսիացի փիլիսոփա Կլոդ Գելվեցինի կարևոր պատգամը` «Բարքերի բարեփոխումները պետք է սկսել օրենքները բարեփոխելուց»: Ես կարծում եմ, որ Մայր օրենքը բարեփոխելը հենց այս կարևորագույն պատգամն է ներառում: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ներկայիս Սահմանադրությամբ էլ կարող էինք հասնել այն ամեն ինչին, ինչի մասին խոսեցի, ապա այդ ասողների մի ստվար զանգված կանգնած է եղել մեր ներկայիս և նախորդ Սահմանադրության ակունքներում: Նրանք ունեցել են համապատասխան լծակները` որոշումներ կայացնելու և ցույց տալու, թե ինչի կարող են հասնել: Ցավոք, ինչի իրենք հասել են` ամենևին էլ բավարար չի եղել մեր ժողովրդի, մեր հանրության պահանջները սպասարկելու համար: Եվ եթե և´ 95 թ.-ին ընդունված Սահմանադրությամբ, և´ 2005 թ.-ին տեղի ունեցած փոփոխությունները բավարար էին, ապա ինչո՞ւ ժողովուրդն իրենց մերժեց:

- Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում հիմնականում խորհրդարանը բաղկացած է լինում ստորին և վերին պալատներից: Ձեր կարծիքով այստեղ հակասություն չկա՞ դասական մոտեցման և մեզ առաջարկվող տարբերակի միջև:

- Երբ բերում են այդ օրինակները, ապա պետք է համեմատել մեր երկրի տարածքն այլ երկրների հետ: Չի կարելի Հայաստանի Հանրապետությունը իր մոտ 30 հազար քառակուսի մետր տարածքով համեմատել օրինակ Իսպանիայի հետ, որը 504 հազար քառակուսի մետր տարածք ունի: Կամ օրինակ Գերմանիայի հետ, որը մի քանի երկրներից է բաղկացած: Այդտեղ կարևոր է, որ այդ երկրների բոլոր հատվածները ներկայացված լինեն խորհրդարանում, ինչպես նաև օրենսդիր մարմնի վերին պալատում: Մեզ մոտ Երևանում կայացվող որոշումները հասանելի են դառնում երկրի տարբեր ծայրերում: Այս խնդիրը կլուծվի համամասնական համակարգի շնորհիվ: Առավել ևս, որ այդ համամասնական համակարգում կլինեն նաև քվեարկության վարկանիշային տարրեր: Բնական է, չէ՞, որ այդ դեպքում բոլոր տարածքները ներկայացված կլինեն այն անհատներով, ովքեր վարկանիշ կունենան մեկ այլ տարածքում: Բնականաբար, կուսակցություններն իրենց ցուցակները կազմելիս պետք է հաշվի առնեն դա և ներկայացնեն անձանց, ովքեր տարբեր տարածքներում կարող են հավակնել հաղթանակի: Այս առումով կապը փոխադարձ է. մի կողմից կուսակցությունների բջիջները կամրանան ու կկայանան, մյուս կողմից տարածքների, ինչպես նաև ընտրողների շահերը հաշվի կառնվեն, և ամենակարևորը` պետությունը կամրանա:

- 2016-ի բյուջեի քննարկումներից կարծես պարզ է դառնում, որ սոցիալական լարվածությունը շարունակելու է օրակարգային հարցերից մեկը մնալ նաև հաջորդ տարի: Իշխող կուսակցությունը պահուստային ի՞նչ ծրագրեր ունի, որոնցով հնարավոր կլինի փոքր-ինչ մեղմել այդ լարվածությունը: Հնարավոր կլինի՞ արդյոք ինչ-որ չափով կանխել ճգնաժամի հասած սոցիալական լարվածությունը, արտագաղթը և հնարավորություն ստեղծել, որ մանր ու միջին բիզնեսը զարգանա, որպեսզի մարդիկ կարողանան սեփական երկրում արժանապատիվ ու բարեկեցիկ ապրելու իրավունք իրացնել: Ի վերջո, դա է ամենակարևոր հարցը:

- Ձեր նշած բոլոր հարցերի լուծման բանալին բնականաբար տնտեսության աշխուժացմամբ է պայմանավորված: Բայց մենք նաև հասկանում ենք, որ դա ոչ միայն կախված է Հայաստանի Հանրապետության ներկայիս խնդիրներից, այլև ու առավելապես` արտաքին միջավայրից: Սա մենք պետք է ընդունենք, որպես օբյեկտիվ ճշմարտություն: Ինչ վերաբերում է բյուջև 2016-ին, ապա ներկայացված է իրականությունը, և այն փոքրիկ աճը, որը նախատեսված է բյուջե 2016-ում, իհարկե, այն չէ, ինչը կարող է գոհացնել մեզ: Բայց առկա պայմաններում պետք է անել հնարավորը: Մեր կարծիքով չպետք է ապրել խոստումներով և մեր քաղաքացիներին հուսախաբ անել: Այս տեսանկյունից` գալիք տարվա բյուջեն խիստ իրատեսական է: Այն, որ ողջ բյուջեի ծախսային մասի 45 տոկոսն ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը, նշանակում է, որ բյուջե 2016-ը սոցիալական ուղղվածություն ունի, և իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում երկրում առկա սոցիալական խնդիրները: Այդպես է եղել նաև գործող Սահմանադրությամբ: Այդպես է նաև առաջարկվող տարբերակով, քանի որ մեր երկիրը սոցիալական պետություն է: Այնուամենայնիվ, հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է 2,2 տոկոս համախառը ներքին արդյունքի աճ, իսկ բոլոր սոցիալական ծրագրերը պահպանվելու են:

- Իսկ որո՞ն ք են այն բացերը, որոնք դեռևս առկա են:

- Ես կնշեի հասցեականության բարձրացումը: Իմ կարծիքով սոցիալական նպաստներ և աջակցություն պետք է ստանան բոլոր այն մարդիկ, ովքեր իրականում դրա կարիքն ունեն: Երկրորդը` տարբեր ծրագրերի միջոցով հասարակության շերտավորման հնարավորինս մեղմումը նույնպես կարևոր է: Դրանք այն ծրագրերն են (օրինակ` փոքր և միջին ձեռնարկություններին վարկավորման միջոցով սատարելը և այլն), որոնք թույլ կտան որ մարդիկ հնարավորինս շուտ կարողանան դուրս գալ ծանր ֆինանսական վիճակից: Բյուջեն ավելի կայուն և հաստատուն է, երբ ՓՄՁ-ները կայացած են լինում և, երբ նրանց «կշիռն» ավելանում է բյուջեում: Կարծում եմ, որ դրան կնպաստեն նաև վերջին շրջանում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները և ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությունը: Այսինքն, ուղղությունները բազմազան են, ծրագրերը` նույնպես: Բայց, ինչ էլ ասելու լինենք, պետք է ընդունենք այն իրողությունը, որ մեր ներկայիս խնդիրները պայմանավորված են նաև արտաքին միջավայրի ազդեցությամբ, որը խոչընդոտում է` ավելի լավ տեմպերով զարգանալուն:

- Եվ Ձեր կողմից նշած դրական ազդակներից ծնված պտուղները ե՞րբ ավելի տեսանելի կդառնան` ո՞ւշ, շո՞ւտ: Ե՞րբ:

- Ես լավատես եմ և կցանկանայի, որ չլինեին պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի այն կարողանար ներառվել աշխարհաքաղաքական գործ-ընթաց ներում: Մենք էլ կարողանայինք մեր հարավային հարևանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Բացի այդ` Մերձավոր Արևելքում կայունություն հաստատվեր: Իմ կողմից թվարկված խնդիրները փոխկապակցված են իրար հետ, իսկ թե ինչպե՞ս կդասավորվեն իրադարձությունները` ցույց կտա ժամանակը: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ