Մենամարտ ճակատագրի դեմ


(Սկիզբը`

«Ավանգարդի» թիվ 16 -21-ում)

Մարտը տևեց մոտ մեկ ժամ, Կարենն անընդհատ հարձակվում էր, փորձում հարվածել, սակայն հակառակորդը ճարպկորեն խուսափում էր հարվածներից, մեկ-մեկ կտրուկ հակահարվածներ տալիս:

Մեկ ժամվա ընթացքում Կարենն այդպես էլ չկարողացավ գոնե մեկ անգամ հարվածել նրան: Տիգրանը բռնցքամարտիկի ձեռնոցը հանելով մի ձեռքն առաջ պարզելով` ասաց.

- Լավ, հիմա հարվածեք ձեռքիս, ցանկանում եմ Ձեր հարվածի ուժն իմանալ:

Մարզումը տևեց մոտ կես ժամ, Կարենն ուժասպառ ու շնչասպառ էր, երբ մարզիչն ասաց.

- Լավ, բավական է:

Շունչը տեղը բերելով, Կարենը հարցրեց.

- Դե, ի՞նչ կասեք:

- Կարող էր ավելի վատ լինել: Նկատի ունենալով Ձեր տարիքը` վատ մարզավիճակում չեք, բայց ճկունությունն ու շարժունակությունը վատ է, շնչառությունն էլ բանի պետք չէ, ու ամենակարևորը` հարվածի ուժն է թույլ: Այնպես որ, մրցամարտին դեռ պատրաստ չեք:

- Դուք կօգնե՞ք ինձ վերացնել այդ թերությունները, հասկանալի է, գումարը նշանակություն չունի:

- Կարծում եք, ամեն ինչ փողով հնարավո՞ր է գնել,- հեգնեց Տիգրանը:- Ես դրա ժամանակը չունեմ, բայց, եթե կցանկանաք, Ձեզ կկապեմ Հայաստանում արևելյան մարտարվեստի լավագույն մասնագետներից մեկի հետ: Հենց նա էլ Ձեզ կպատրաստի մարտի, նրա սաներից շատերն են մրցանակների արժանացել: Բայց նկատի ունեցեք` շատ դժվար է լինելու:

- Ես դժվարությունից չեմ վախենում…

- Գիտեմ, Աշոտն ասել է, որ շատ համառ ու նպատակասլաց եք: Եթե այդպես չլիներ, ես Ձեր վրա այսքան ժամանակ չէի կորցնի:

…Մարտարվեստի վարպետը մռայլ դեմքով, խորաթափանց հայացքով մի պահ զննեց նրան և առաջարկեց նստել: Կարենը նստեց:

- Նախ ծանոթանանք, ես Գևորգն եմ, երեսուն տարի է` զբաղվում եմ մարտարվեստով և մարզել ու մարտի եմ պատրաստել բազմաթիվ մարդկանց: Հենց սկզբից ասեմ` նվնվաններին չեմ հանդուրժում, եթե մարզվելու ենք, ապա ամեն ասածս անվերապահորեն կատարելու ես: Բայց ինձ համար կարևոր է, թե ում եմ մարզում և ինչի համար:

- Դե ես…

- Եթե ձեր պատասխանը չբավարարեց ինձ, ապա մենք կբաժանվենք:

Կարենը շփոթվեց.

- Կյանքս մի տեսակ իզուր անցավ, ես շատ հնարավորություններ ունեի, բայց այդպես էլ չօգտվեցի դրանցից, հիմա կարող էի շատ բան ունենալ, բայց ունեմ այն, ինչ ունեմ` ոչինչ: Ամուսնանալուց հետո, ինձ համար էլ աննկատ, կորցրի ամեն ինչ ու բոլորին: Կին ունեմ, որ ողջ կյանքում մնաց օտար, որդի` ում համար կամ թե չկամ` միևնույն է, չունեմ ընկերներ, հարազատներ, մենակ եմ: Չեմ ուզում մենակ մնալ: Ու ամենավատն այն է, որ ամեն ինչում ինձ եմ մեղադրում: Դրա համար էլ որոշեցի անել անհնարինը` ինքս ինձ ապացուցելու համար, որ ինչ-որ բանի ընդունակ եմ, որ արժանի եմ ավելի լավին: Եթե կարողացա, ուրեմն հույս կա, որ ամեն ինչ կփոխվի, եթե ոչ` ավելի լավ է մեռնեմ ռինգում, որովհետև էլ չեմ կարող, չեմ ուզում առաջվա նման ապրել:

Գևորգը զննող հայացքով երկար նայում էր Կարենին:

- Չե՞ս համակերպվում ծերության հետ:

- Էսպիսի´ ծերության:

- Լավ, պարզ է, մարզադահլիճիս տեղը գիտե՞ս: Վաղը երեկոյան արի, կտեսնենք` ինչի ես ընդունակ: Բայց հիշիր` տքնաջան մարզվելու ես:

Հաջորդ օրվանից սկսեցին մարզումները:

Մարզումների երկրորդ ժամն արդեն անցել էր, երբ Գևորգն ասաց.

- Լավ, ամեն ինչ պարզ է: Այսօրվա համար արդեն բավական է, կշարունակենք վաղը:

Կարենը ոտքերը հազիվ քարշ տալով հասավ հանդերձարան. անգամ ցնցուղ ընդունելու համար ուժ չուներ: Մի կերպ հագնվեց ու մտավ Գևորգի առանձնասենյակ: Մռայլ հայացքը բարձրացնելով` Գևորգն ասաց.

- Լսիր, եթե ցանկանում ես ծեծ ուտել, միգուցե ե՞ս ցանկությունդ կատարեմ, այստեղ հիմա ոչ ոք չկա, այնպես որ…

- Չէ, միևնույն է, մարտին մասնակցելու եմ, Ձեր օգնությամբ, կամ ոչ:

- Լավ, այսօր մարզումների պլան կգրեմ, վաղվանից կսկսենք մարզվել այդ պլանով:

Մեկ շաբաթ անց, Գևորգն ասաց.

- Վաղը մրցումներին մասնակցելու հայտ ներկայացրու:

- Արդեն պատրա՞ստ եմ:

- Մարտի համար` դեռ ոչ, բայց հայտ ներկայացնելու համար` այո:

Հաջորդ օրը Կարենը գնաց «Մարտեր առանց կանոների» մրցաշարեր կազմակերպող գրասենյակ: Գրասենյակում նրան դիմավորեց մարզիկի կազմվածքով նույն երիտասարդը:

- Դուք ինձ չե՞ք հիշում:

- Չէ, մենք նախկինում հանդիպե՞լ ենք:

- Դե մի քանի ամիս առաջ ցանկանում էի մասնակցել մարտի:

- Ախ հա, Դուք այն ժամանակ փորձնական մարտը չանցաք:

- Հիմա եկել եմ ռևանշ վերցնելու, Դուք խոստացել եք այդ հնարավորությունը ինձ տալ, հիշու՞մ եք:

Երիտասարդն ուշադիր զննեց Կարենին,

- Տեսնում եմ` մարզվել եք: Դե ինչ, փորձենք, սակայն եթե այս անգամ էլ անհաջողության հանդիպեք, երրորդ հնարավորությունը չի լինի, համաձա՞յն եք:

- Այս անգամ նախորդի նման չի լինի:

- Կտեսնենք, գնանք:

Նրանք մտան նույն մարզադահլիճը: Երիտասարդը մարզվողներից կանչեց մի հոգու և առանձին ու շշուկով ասաց.

- Գուրգեն, պարոնը ցանկանում է մասնակցել մեր մրցաշարին. փորձիր` տեսնենք, թե ինչի է ընդունակ: Հետը շատ կոշտ չլինես, պետք չէ նրան հաշմանդամ դարձնել:

Մի քանի րոպեից երկուսն էլ ռինգում էին, երկուսն էլ բռնցքամարտիկի ձեռնոցներ հագած` կանգնած էին դեմդիմաց: Մեկնարկը տրվելուց հետո Կարենը մի փոքր կռացավ ու նետվեց հակառակորդի վրա: Գուրգենը մի հուժկու հարված հասցրեց, սակայն Կարենը ճարպկորեն խույս տվեց և հաջորդ պահին գրկելով Գուրգենին` գոտկատեղից վեր բարձրացրեց ու շպրտեց գետին: Հնարքը բավականին կոպիտ ստացվեց, Գուրգենը դժվարությամբ էր շնչում: Կարենը մի կողմ քաշվեց ու սպասեց` մինչ Գուրգենը կբարձանա: Դժվարությամբ ոտքի կանգնելով` Գուրգենը փորձեց մարտական դիրք ընդունել, սակայն Կարենը նորից հարձակվեց ու սկսեց մեկը-մյուսից հուժկու հարվածներ հասցնել, դեմքին, փորին, կրծքին, սրտի շրջանում: Գուրգենը ձեռքերը տարածելով փորձում էր մի կերպ պաշտպանվել, բայց հարմար պահ ընտրելով` Կարենը բռնեց Գուրգենի ձեռքը ու սամբոյի մի հնարքով տապալեց գետին, ինքն էլ ընկնելով նրա վրա, սկսեց խեղդել:

- Բավական է, բավական է,- ռինգ մտնելով` գոռաց երիտասարդը ու մի կողմ քաշեց Կարենին:

Հետո օգնեց ոտքի կանգնել Գուրգենին, Գուրգենը ծանր էր շնչում, շփոթված ու ապշահար նայում էր Կարենին: Վերջինս ծանր շնչելով` հարցրեց երիտասարդին.

- Փորձությունն անցա՞:

- Անցաք, անցաք, գնանք գրասենյակ ու ձևակերպենք հայտը:

Մոտ կես ժամից Կարենը դուրս եկավ գրասենյակից: Մարտը տեղի էր ունենալու քսան օրից, տասնհինգ օրից վիճակահանություն էր լինելու և իրեն պիտի ասեին, թե ով է լինելու իր մրցակիցը: Կարենը ցնծում էր, նա հիշեց, թե ինչպես մի քանի ամիս առաջ պարտված, խորտակված դուրս եկավ նույն գրասենյակից: Այսօր նրա օրն էր, վերջին երեսուն տարում առաջին ու առայժմ միակ հաղթանակը: Լավ կլիներ նշել, բայց նախ մարզումների պիտի գնար: Ամեն ինչ մանրամասն պատմեց Գևորգին: Գևորգն ի պատասխան` ժպտաց.

- Դե սկիզբը դրեցիր, մնաց մնացածը: Այսօր պարապմունքը սովորականից շուտ կվերջացնենք, պարապմունքից հետո, գնա նշիր, արժանի ես, բայց վաղվանից պիտի ավելի շատ պարապենք…

- Իսկ գուցե միասի՞ն…

- Հաճույքով կմիանայի քեզ, բայց, ցավոք, անհետաձգելի գործեր ունեմ:

Կարենը պարապմունքից հետո այցելեց նույն բարը, անսանձ ցանկություն ուներ տեսնելու այն մատուցողուհուն, բայց մատուցողուհին բարում չէր, նրա հերթափոխը չէր, Կարենը բարում երկար չմնաց, ընթրեց ու տուն վերադարձավ: Տանը նրան դիմավորեց Նունեն` սովորական թթված դեմքով:

- Մի բան կուտե՞ս.- անտարբեր հարցրեց նա:

Ատելությամբ նայելով Նունեին, Կարենը պատասխանեց.

- Չէ, ես քեզ չե՞մ ասել, որ տանն այլևս չեմ ընթրելու:

- Կարեն, ի՞նչ է կատարվում, տուն փող չես բերում, տանը չես ընթրում…

- Ախ փո՞ղ ես ուզում:

- Տանը մթերք չկա…

- Ինձ ի՞նչ, միևնույն է, ես տանը չեմ ուտում:

- Կարեն, ի՞նչ է կատարվում քեզ հետ, ինչո՞ւ ես քեզ այդպես պահում, փոխվել ես…

- Այդ երբվանից ես ուշադրություն դարձնում ինձ, որ նկատել ես` փոխվել եմ, թե ոչ:

- Ամոթ է, չլինի՞ օր ծերության նոր կին ես ճարել…

- Քեզ ի՞նչ…

- Չե՞ս մոռացել, որ ես եմ քո կինը…

- Դու ինձ ի՞նչ կին: Մի հարկի տակ ենք ապրում, բայց այդպես էլ մնացինք օտարներ, և դա այն դեպքում, որ ես արել եմ կարելին ու անկարելին, որ մեր հարաբերությունները…

- Կարեն, թույլ տուր հիշեցնեմ, որ ես չեմ վզովդ ընկել, այլ դու էիր հետևիցս ընկել, խնդրում էիր, աղաչում, խոստանում երջանիկ դարձնել ինձ, որդուս ոտքի կանգնեցնել, այսպե՞ս ես խոստումդ կատարում: Ասա, երբևիցե դավաճանե՞լ եմ քեզ, երբևիցե խանդելու առիթ տվե՞լ եմ:

- Դու ճիշտ ես. ես եմ ընկել քո հետևից, ես եմ խնդրել, որ դառնաս իմ կինը: Հա´, սխալվել եմ, սխալիս համար խստորեն պատժվել եմ, մի ամբողջ կյանք ստիպված եմ եղել սառը գորտի հետ ապրել, օջախի ջերմություն չեմ տեսել, ինձանով երբեք չես հետաքրքվել… Գիտե՞ս, երբ դու մենակ էիր, դա Աստծո կամքով էր, ես` հիմարս, կարեկցեցի քեզ, ցանկացա երջանիկ դարձնել, ու դրա համար էլ պատժվեցի: Ո՞վ էի ես, որ Աստծո կամքին հակառակ գնայի…

- Կարեն, ես ազնվորեն զգուշացրել էի քեզ, որ ամուսնուս մահվանից հետո…

- Ուզում ես ասել` քեզ բռնաբարողից հետո…

Նունեն խոսելու ընդունակությունը կորցրեց, ապշահար նայելով Կարենին` մի քանի րոպե ընդմիջումից հետո կամացուկ հարցրեց.

- Դու վաղո՞ւց գիտես…

- Տասը տարուց ավել…

- Կարեն, չեմ հասկանում, ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել. երբևիցե տանը ճաշը պակասե՞լ է, վերնաշապիկդ միշտ թարմ և արդուկած չի՞ եղել…

- Այդ ամենի համար ես կարող էի տնային տնտեսուհի վարձել: Ինձ ջերմություն էր պետք, ժպիտ, որ այդպես էլ չստացա: Փոխարենը քո մշտական թթված դեմքն եմ տեսել միշտ, դժգոհ ու արհամարհական վերաբերմունքդ: Անընդհատ ինձ քո առաջ մեղավոր եմ զգացել, ու այդպես ողջ կյանքս անցավ: Հիմա օր ծերության ոչինչ չունեմ. անիծվես դու, որ խորտակեցիր իմ կյանքը…

- Կարեն, աչքիս դու ոչ թե կին, այլ մամա էիր ուզում: Ջերմությունն էր պակաս` ջեռոց առնեիր: Իսկ դու ինձ ջերմություն տված կա՞ս… Եվ հետո, դժգոհ էիր` բաժանվեիր, ես չեմ խնդրել մնալ: Եթե կարծում ես քեզ հետ երջանիկ եմ եղել, սխալվում ես, ողջ կյանքս քո տափակ պատմություններով, մանրախնդրությամբ, վախկոտությամբ հոգիս հանեցիր… Դժգոհ էիր` խոսեիր, փորձեիր ինչ-որ բան փոխել, տղամարդը դու էիր: Ես չեմ բողոքում, դո՞ւ ես բողոքում, կարծում ես քեզ հետ հե՞շտ է եղել: Եթե ուզում ես իմանալ` այդ դո´ւ խորտակեցիր կյանքս, քո մանրությամբ, հիմա էլ կնոջը վախեցնում է, որ էլ փող չի տա: Ում պատմես` չի հավատա: Մանր վաշխառու եղել ես, էդպես էլ մնացել ես, քեզ համար աշխարհում միայն մեկ բան կա` փող: 

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ