ՋԵՐՄԱՑՆՈՂ ՀՈՒՇԵՐ


Կյանքի բովում թրծված մտավորական է բանաստեղծ Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ: Մինչ օրս նա սրդողածությամբ է թերթում իր հուշերի «ալբոմը», որի յուրաքանչյուր էջն ամեն անգամ նորից ու նորից ջերմացնում է հոգին: Հատկապես հայ երևելիների հետ հանդիպումների մասին է սիրում պատմել բանաստեղծը: Նրա հուշերից մի պատառիկ ներկայացնում ենք ստորև.

Ավարտական դասարանում մոտ էի հանճարեղ Հովհաննես Շիրազին, նույն թաղամասում էինք ապրում: Լսելով, որ ծնողներս մահացել են` ինձ օգնում էր ինչով կարող էր` խոսքով, խորհուրդներով, երբեմն դրամով և իր հետ տանում լեփ- լեցուն դահլիճներով Շիրազյան իր մեծ հանդիպումներին. «Այս մանուկ որբին Աստված է շնորհազարդել, որ մարդիկ կուլ չտան»- ասում էր իմ մասին: Մի օր էլ հանճարեղ բանաստեղծն իր «Բնության գլուխգործոցից» հատվածներ արտասանելուս համար նվիրեց «Հայկական մանրանկարչություն» պատկերազարդ, խիստ արժեքավոր մատյանը.

- Մարդու կոչումն այն է, որ դեպի Աստված քայլի, այդ ճամփով գնա,-- ասաց:

Եվ գրական անունս Բազումենց կնքեց.

- Որ ժամանակին բազում մարդկանց համար էլ մխիթարական բաներ գրես,-- ասաց:

Իմ ու Շիրազի բարեկամության մեջ նախախնամական մի վառվռուն էջ կա, որ երբևէ անկարելի է մոռանալ: Շիրազն ու Խաչիկ Դաշտենցը դեռ մանկությունից շատ մոտ ընկերներ էին` որբության դառնությունների միջով անցած: Եվ ահա Շիրազը շաբաթ մի իրիկուն ինձ ասաց.

- Վաղը ժամը 11-ին «Արմենիա» ռեստորանի մոտ կլինես, ես, դու և Խոդեդան` միասին բորշ ենք խմելու:

Մի՞թե Խոդեդան կենդանի է, մտքիս մեջ ապշեցի ես: Ի վերջո եզրահանգեցի` եթե Շիրազն է ասում` կենդանի կլինի: Եվ չէի սխալվում: Խաչիկ Դաշտենցին նրա իսկ հերոսի անունով էր Շիրազը կատակով Խոդեդան անվանում. Խոդեդան, որ հսկայազարմ, ոգեղեն գրողի միջոցով էր կենդանացել ու կենդանանում մեր ժողովրդի մեջ:

Դաշտենցի հայացքը լուսարձակի նման պայծառ լույս էր արձակում, իմաստուն` պապենական, նահապետական հաղթական լույս: Եվ ինձ թվում էր, թե Դաշտենցն այս աշխարհից չէր, կամ` պայմանականորեն էր այս աշխարհում գտնվում: Շիրազի կատակների վրա ժպտում էր, բայց խոսքով չէր արձագանքում: Մինչ այդ այդպիսի լուսարձակող հայացքով մարդ չէի տեսել: Մատուցողը մեզ բորշ բերեց և ակնարկեց խմիչքի մասին.

- Հարկավոր չէ,- ասաց Շիրազը,- մենք բո´րշ ենք խմելու:

Սկսեցին ուտել, իսկ ես դեռ չէի համարձակվում: Եվ Հայոց երկու պատմական հսկաներ, հանճարեղ այրեր սկսեցին ինձ քաջալերելով բորշ կերցնել, որովհետև կաշկանդվել էի. այս ակնածալի, արդեն պատմական հսկաների ներկայությամբ անպատկառություն չի՞ լինի ճաշ ուտել: Եվ Երկուսն էլ գորովանքով, ուրախությամբ, խնդմնդալով էին նայում, թե ինչպես եմ ուտում:

Ճշմարիտ որ` նախախնամական ճաշ էր, որբության դեմ հաղթանակի ուրախ ճաշ` արդեն ալեզարդ Շիրազի կատակների ուղեկցությամբ: