ՊԱՐՏՔԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ


Ուրախացանք, ազգովի հրճվեցինք, որ Ռուսաստանը հերթական վարկը մեզ տրամադրեց` լուծելու համար մի շարք կարևորագույն խնդիրներ, կյանքի կոչելու կառավարության կողմից` հանուն հայաստանցիների որոշ ծրագրեր: Դրանից առաջ էլ ազգովի խրախճանք սարքեցինք, որ Համաշխարհային բանկն է հերթական վարկը տրամադրել: Ինչո՞ւ չէինք ուրախանա. չէ՞ որ մեր կիսադատարկ բյուջեն սկսում է «ցմփորանալ», հնարավոր դարձնել երկրի շնչառության կազմակերպումը: Ըստ որոշ տեղեկությունների, մեր երկրի արտաքին պարտքն անցնում է երեք միլիարդ դոլարից: Այսինքն, պարտքն ավելին է, քան երկրի բյուջեն: Եթե տնտեսագետ լինեինք, կհայտարարեինք, որ սա տնտեսագիտական նոնսենս է: Սակայն տնտեսագետ չենք, մեր ստացած աշխատավարձով մի կերպ ծայրը ծայրին հասցնող ենք, դրա համար էլ չենք խորանում պարտք-բյուջե հարաբերակցության մեջ: Եվ միայն սկսում ենք կնճռոտված ճակատներս քորելով` մտածել, թե ով և երբ է փակելու մեր արտաքին պարտքը, ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ պարտքերի բեռան տակից: Մինչդեռ օրավուր ավելացնում ենք նորերը: «Քանի ապրում ենք, այդքան պարտք ենք» ժողովրդական ասացվածքը երևի ստեղծել են միշտ պարտքերի տակ կքված մարդիկ և իրենք իրենց մխիթարել, թե չեն մոռանում պարտքի գոյության մասին, բայց և չգիտեն, թե երբ են ի զորու լինելու վճարել... Միջպետական և միջբանկային հարաբերություններում, բնականաբար, ամեն ինչ այլ կերպ է. պարտք ես, ուրեմն պարտավոր ես նշված ժամանակամիջոցում վճարել: Չես վճարի` կկիրառենք «գույք պարտքի դիմաց» սկզբունքն ու ջրի գնով կտանենք ամեն ինչ... Եվ` տարան, եթե հիշում ենք... Հիմա կարծես մեր երկրի մի մեծ մասն է գրավ դրված, ու եթե չկարողանանք որոշակի ժամանակաշրջանում վճարել պարտքերը, ստացվում է, որ կարող են տանել երկրի կեսը` մի օր էլ մեզ դարձնելով պատանդ մեր սեփական երկրում, կամ էլ երկրից դուրս վռնդելով (ինչպես անում են շատ տնատերեր` անվճարունակ վարձակալների դեպքում)... Մեզ հանգստացնում են, որ նման հեռանկար մեզ չի սպառնում, որ «գույք պարտքի դիմաց» սկզբունքը ոչ միշտ կարող է գործել, իսկ մեր պարտքերը մեր պարտքերն են, հետևաբար դրանք կփոխանցվեն մեր զավակներին ու մեր թոռներին: Նրանք պարտավոր պիտի լինեն վճարել այն բանի համար, որ ունեցել ենք անճարակ կառավարիչներ, գերատեսչություններ կառավարող մարդիկ: Պաշտոնյաներ, ովքեր այդպես էլ տասնամյակներ շարունակ չեն կարողացել այնպես անել, որ նվազեն պարտքերը, որ չապրենք «աղքատ ազգականի» հոգեբանությամբ, ում ինչ-որ գրոշներ են նետում` սովից չմեռնելու և շնչահեղձ չլինելու համար: Հունաստանն անընդհատ ավելացրեց իր պարտքերը և... «պայթեց»... Ուրեմն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեղքը քիչ էր, մեղավոր էր երկրի կառավարությունը: Ուրեմն, մի կողմ թողնենք ճգնաժամի ու էլի նման բաների մասին անընդհատ կրկնվող «նաղըլները» և մտածենք, որ պարզապես իրավունք չունենք, մեր սերունդներին կտակել մեր պարտքերը...