Կոռումպացված բանակ


Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես` սպայական անձնակազմի պայմաններն օրօրի ավելի են վատթարանում: «Զինծառայողների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյուն քում նման եզրահանգման են եկել լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները: Այդ պատճառով էլ Ադրբեջանի զինված ուժերում աճել է կաշառակերությունը: Ադրբեջանի զորամասերում սպաները գումար են հավաքում ինչպես արձակուրդ տրամադրելու, այնպես էլ զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու համար: Այսպես` Tia.az լրատվական պարբերականին էին դիմել մի խումբ մարդիկ` դժգոհելով բանակում տիրող համատարած կաշառակերությունից: Ըստ լրատվամիջոցի` զինվորներին մեկ շաբաթյա արձակուրդ ձևակերպելու համար պահանջում են 50-100 մանաթ (60-120 դոլար), եթե տվյալ զինվորն այդ ժամանակահատվածը օգտագործելու է հարսանիքի, ծննդյան տոնի և այլ հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար, ապա կաշառքը կարող է հասնել մոտ 150 մանաթի: 2007 թվականից էլ Ադրբեջանի բանակում տիրում է զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու «սակագնային պլանը»: Տվյալ պարագայում գանձվող գումարի չափը կախված է զինվորի պարտականություններից և պատասխանատվությունից: Ասենք բժշկական կետ տեղափոխվելու համար ադրբեջանական բանակի զինվորից պահանջվում է 2000-3000 մանաթ, շտաբ` 1500-2000 մանաթ, ստեղծագործական բաժին` 1500 մանաթ, մթերքների պահեստ` 1200-1500 մանաթ և այլն: Մեր հարևան երկրի ամենակոռումպացված զինվորականը հենց պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն է: Դեռևս հուլիս ամսին Ադրբեջանի ռազմական ակադեմիայի ուսանողները նամակը էին հղել լրատվամիջոցներին` խիստ քննադատության ենթարկելով ուսումնական հաստատության ղեկավարությանն ու ամբողջ պաշտպանության նախարարությանը: Նամակում ուսանողները բողոքում էին անտանելի կաշառակերությունից և հարցնում, թե ինչպես է մոտ 2000 դոլար աշխատավարձ ունեցող Պնախարար Սաֆար Աբիևը միլիոնավոր դոլարների հասնող շքեղ առանձնատուն գնում: Այս խնդրի լուծման վերահսկողությունն իր վրա էր վերցրել անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն առ այսօր Աբիևը որևէ տույժի չի արժանացել, ավելին` Պնախարարը ԶՈՒ-ում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով սկսել է միտումնավոր կերպով բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակել իր հարազատներին: Ավելի քան տասը տարի է, ինչ Աբիևն իշխում է Ադրբեջանի բանակում: Օրերս «Պոլիգոն» ադրբեջանական գործակալությունը գրել էր, որ այդ ընթացքում Աբիևը և գեներալները հասցրել են «խեղդամահ» անել սեփական բանակը: