Տարին դեռ չփակված` զոհերի թիվը կազմել է 89 հոգի


Վերոհիշյալ բոլոր խնդիրների հետ մեկտեղ ադրբեջանական բանակում հանցավորության աստիճանը հասել է կրիտիկական սահմանների: ԶՈՒ-ում տեղի ունեցած հանցագործությունների մեծ մասը մնում են չբացահայտված: Սպանությունները որակվում են որպես պատահաբար մահեր, ինքնասպանություններ, մահ հիվանդության պատճառով և այլն: Միայն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակում գրանցվել է 5 մահվան դեպք: Այդ դեպքերից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել մեքենայի անիվի պայթյունի հետևանքով: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի Սումգայիթի շրջանում տեղակայված զորամասում զինծառայող Ջավիդ Ալիևը մահացել է զինվորական մեքենայի անիվը փչելու պահին` նույն անիվի պայթունի հետևանքով: Այս հաղորդագրությունը միայն զավեշտ է առաջացնում կարդացողի մտքում, մինչդեռ ադրբեջանական լրահոսում նման որակումներ բազմաթիվ են: Մյուս 3 զինծառայողները զոհվել են հիվանդության պատճառով, իսկ մեկը` հոսանքահարումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը սահմանափակ վում են նմանաբնույթ հակիրճ և երկակի ընկալվող հայտարարություններով: Որպես օրենք` հիշյալ դեպքերի մասին այլևս չի խոսվում: Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնն այդ երկրի ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքների հիման վրա կատարած ուսումնա սիրության արդյունքում պարզել է, որ 2011 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստները կազմել են 89 հոգի: Ըստ այդ ուսումնասիրության` հիշյալ ժամանակահատվածում 90 հոգի վիրավորվել կամ վնասվածք է ստացել, հաղորդել է Milaz.info-ն: Կենտրոնի փորձագետների հաշվետվություններում նշվում է, որ 2004 թվականից ի վեր ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշն ամենաբարձրն է: Մարտական կորուստները այստեղ չնչին թիվ են կազմում (11 հոգի), ուստի կենտրոնը մտահոգություն է հայտնել, առ այն, որ Ադրբեջանում ռազմական բյուջեի հետ մեկտեղ աճում է նաև զոհերի թիվը: Սա ենթադրում է, որ այդ գումարը սխալ է ծախսվում, և ընդհանրապես երկրի զինված ուժերը համակարգային փոփոխության կարիք ունեն: «Դոկտրինա»-ի մեկ այլ հաշվետվության համաձայն` 1994-2010 թվականներին երկրի զինված ուժերում գրանցվել է 3500 զոհ: Այս տվյալները կարելի է համարել «նկարված», քանի որ իրականում զոհերի թիվը շատ ավելի է ներկայացվածից. 2010 թվականի ամռանը «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով` վերջին 15 տարում, այսինքն` հրադադարից հետո, մահացած ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում էր 5000-ը: Այսինքն` ադրբեջանական կենտրոնը զգալի չափով նվազեցնում է մահացությունների իրական թիվը: Բացի այդ, Ադրբեջանի պարագայում բացակայում է հասարակական հսկողության գործոնը, որն իր հերթին նպաստում է երկրի ԶՈՒ-ում ոչ կանոնադրական բարքերի տարածմանը: Այստեղ սպանված զինվորների ծնողները չեն կարող դուրս գալ բողոքի ակցիայի, քանի որ նշանակված վայր չհասած` նրանց կձերբակալեն, ինչը չես ասի Հայաստանի մասին: Այս ֆոնի վրա զարմանալի ու նույնիսկ զավեշտալի են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` երկրի նախագահի այն հայտարարությունները, թե իրենց բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և հավանական պատերազմում իրենք հաղթանակ կտանեն:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ