ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ և թատերագիր Ալեքսանդր Սարուխանի անունն ասես մոռացության էր տրվել, ասես այլևս չէին հիշում այս տաղանդավոր մարդուն, ով 1960-ականներին եկավ Հայաստան, բացեց իր ցուցահանդեսը, որը շատերին զարմացրեց: Ապա ռադիո ու հեռուստաթատրոնները բեմադրեցին նրա «Մենք հայերեն չենք խոսում» երգիծական կատակերգությունը, որում շարունակվում էին օտյանական ավանդույթները: Հայաստանի ազգային պատկերասրահում, Եգիպտական մշակույթի օրերի շրջանակներում Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսը շատ արվեստասերների ծանոթացրեց այս ինքնատիպ նկարչի ստեղծագործությանը: Ուշագրավ էր, որ աշխատանքների մեծ մասը վերցված էր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, որտեղ անձամբ իր աշխատանքները հանձնել էր Սարուխանը: Ալեքսանդր Սարուխանը ծնվել է 1898 թ.: Սկզբնական կրթությունը ստացել է Բաթումում, ապա Կոստանդնուպոլսի նշանավոր Մխիթարյան վարժարանում: Սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, աշխատակցել է Կոստանդնուպոլսի «Գավրոշ» երգիծական ամսագրին: Այնուհետև ապրել է Կահիրեում, նկարչություն դասավանդել Գալուստյան վարժարանում, աշխատակցել տեղական թերթերին, հրատարակել «Հայկական սինեմա», «Լա քարավան» ամսագրերը: 1941 թվականին հիմնադրել է «Հայ մշակույթի բարեկամների մարմին» միությունը: Ալեքսանդր Սարուխանը համարվում է Եգիպտոսի երգիծանկարչության հիմնադիրը, նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ-նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշները: Պատահական չէ, որ Կահիրեի Գեղարվեստի դպրոցում հատուկ դասընթաց է նվիրված այս մեծ նկարչին, ում աշխատանքներն աչքի են ընկնում սոցիալական սրությամբ, երգիծական զարմանալի շեշտվածությամբ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն անձամբ է ճանաչել նկարչին, հանդես եկել նրա պիեսի բեմադրության մեջ: - Ինձ համար երջանիկ օրեր էին` աշխատել այդ բեմադրության մեջ, արտասանել Սարուխանի գրած սուր տեքստերը: Բախտն ինձ ժպտաց, ու ես անձամբ ծանոթացա նրա հետ, լուսանկարվեցինք, նա նկարեց ինձ… Հրաշալի մարդ էր` բարձր մտավորական, մեծ հումորի տեր, սրամիտ: Ես իմ գրքում գրել եմ մեր հանդիպման մասին, որովհետև նա անջնջելի հետք է թողել: Նա հրաշալի պիես էր գրել, որը բարձր գրական արժեք էր ներկայացնում: Ինձ թվում էր, թե առնչվում եմ Պարոնյանի կամ Օտյանի գրականությանը: Ես երբևէ քաղաքական սատիրայի նման ստեղծագործության չէի հանդիպել,- մեր զրույցում ասաց դերասանուհին: Լ.Մ.