ՀՈՒՄՈՐ «Շան շնորհիվ»


Մի մեծաշուք խնջույքի ժամանակ մեր կողքին նստած թղթակից Շահնազարը շրջապատի ընկերներին շշուկով խնդրում էր. - Պարոննե´ր, օգնեք, ոսկորները հավաքենք` տանեմ շանս… Ընթացքում սեղանակիցներս նկատում էինք բավարարված մարդու գոհ ժպիտը: Երբ մարդն ինքն այսքան ուրախ է, իսկ շունն ինչքա˜ն կուրախանա… Պատահեց այնպես, որ մի օր հետո նա մեզ իր տուն հրավիրեց: Աչք ածելով բնակարանը, հարցրինք. - Շահո, բա շունդ ո՞ւր է, կանչիր տեսնենք. էն օրվա բերածիդ մեջ մենք էլ մեր մասն ունենք: Քանի որ շունը մարդու բարեկամն է, մենք էլ բարեկամանանք: Անսպասելի հարցադրումից տանտերը կմկմաց: Կմկմոցից մի կերպ հասկացանք` ես շուն չունեմ: - Ո՞նց թե, ոսկոր հավաքելիս հավատացնում էիր` շանս համար է… Ես Գուրգենի ականջին շշնջացի. - Այ տղա, իրենից էլ լավ շուն… Հանկարծ էդ ոսկորներից մեզ չհյուրասիրի, խայտառակ կլինենք. ուտենք` չի լինի, չուտենք` չի լինի: Այդ պահին Շահնազարը մի բան հիշեց ու գնաց խոհանոց: Մինչև Շահոյի գալը Հորիզոնի միտքը փայլատակեց. - Այ Գուրգեն, էդ ոսկորները իմ ու քո կրծած ոսկորներն են: Որ ինքը բերում, ուտում է, մենք իրենից լա՞վն ենք, որ չուտենք: - Ինչո՞ւ չուտենք, հո մենք մեզանից չենք զզվում: - Հիմա որ մեզ դրանցով հյուրասիրի, մեջներն իմ կրծած տանձանման ոսկորը կճանաչեմ: Ճիշտ է, ոչ կարգին ատամ ունեմ, ոչ ոսկորի վրա միս կլինի, բայց կճանաչեմ ու ախորժակով կուտեմ: Որ ֆայմի գործակիցն աշխատի, դրանց հետ էլ մի շիշ «Բոյիդ մեռնեմ» բերի, մեր քեֆին քեֆ չի հասնի: Գուրգեն, իսկ դո՞ւ… - Տո, ես էլ թարսի պես այսօր տնից դուրս գալիս բան չեմ կերել: Հորիզոն, քեֆի սեղանն առատ էր, կիսակրծած ոսկորները տալիս էինք Շահոյի շանը, հիմա կանենք դրա վերջաբանը: Մեր քաղցր զրույցի պահին Շահոն շախով¬շուխով ներս մտավ. մի ձեռքում կոնյակի շիշն ու «Բոյիդ մեռնեմը», մյուսում` չակերտավոր խորովածը, մեր ու սեղանակիցների նվիրած ոսկորներով լի ափսեն: Հորիզոնը ծղրտաց. - Շահո, էս որ բերիր կոնյակ ու օղի` Հիմի քեֆ տինք անիլ առանց փողի… - Հա, տղերք ջան, ձեր բոյին մեռնեմ, մինչև խաշլամայի բերելը մի¬մի բաժակ «բոյիդ մեռնեմ» խմենք: Հետո մատուցեց խաշլամա ասվածը: Հորիզոնը փնտրեց ու գտավ իր տանձաոսկորը: Երևի կարոտով հիշեց այն օրվա իր հարազատ ոսկորը, նայեց, անմիջապես վերցրեց ու ախորժակով սկսեց կրծոտել: Գուրգենն էլ նրա ախորժակից վարակվեց, մտքովն անցավ` բա ես էլ մի տհենց ոսկոր չունենայի՞: Էս ինչքան անտարբեր եմ եղել, որ երեկվա կերածս էլ չեմ հիշում: Հորիզոնը կարճ կապելու համար երկար խոսեց. - Շահո ջան, կարող է ամաչում ես խոստովանել` սա ոնց որ այն օրվա քեֆի սեղանի ոսկորները լինեն: Եթե այո, ապա ընդունում ենք, ողջունում քո ընկերասիրական արարքը, քո պատիվն ու հարգանքը առ մեզ: Դու ինչ ունես, մեջտեղ ես հանում, հենց դրանով ես հարուստ: Հո երկնքից մեզ համար աստղեր չէի՞ր իջեցնելու… Մի¬մի բաժակ խմելուց հետո, Շահնազարը անկեղծացավ և երևի միակ տեղն էր, որ չասաց` տղերք, ոսկորները դեն չգցեք, շանս համար է, այլ սկսեց իր կենաց¬մենախո սությունը… - Տարիներ առաջ իմ դրությունը երկրիս դրության նման ծանր էր: Ոչ աշխատանք ունեի, ոչ էլ եկամուտ: Վիճակս վիճակ չէր, այսպես ասած` շան օրի էի: Ես նույնիսկ նախանձում էի այն շներին, որոնք տերեր ունեին, օրվա մի կտոր հացից զուրկ չէին: Ուզում էի մի այդպիսի շուն էլ ես լինեի: Բայց քանի որ մտավորական եմ, հարազատներ ունեմ, այդ մտքին հրաժարական տվեցի: Հետո էլ ինքս հայտարարեցի, թե ես շուն ունեմ: Էսպես անցան տարիներ: Հիմա ինձ ամենուր ճանաչում, հարցնում են. առանց շանս տեսնելու, սիրով ինձ տրամադրում են ոչ միայն ոսկորներ, այլ, այսպես ասած` չալաղաջներ, նույնիսկ տոլմացու միս… Արհեստավարժ եմ դարձել, արհեստավարժ… Որ սրտիցս ուզած մի բան էլ վերցնում եմ, սեղանակիցները ամոթից (ես չէ), երեսները շրջում են, որ ես հանգիստ վերցնեմ… Բա˜: Տղերք ջան, հիմա տեսնում եք, թե շան շնորհիվ ինչերի հասա: Համո Սահյանի ասածն իմ վարիանտով լսեք. …Որ ես էսպես կուշտ ուտում եմ, Էլ իմ չեղած շունն ո՞ւմ շունն է… Տուն գնալիս Հորիզոնը լրջացավ. - Գուրգեն, մի¬մի շուն էլ մենք չպահե՞նք: Գուրգեն ԼՈՌԵՑԻ Հրանտ ՀՈՐԻԶՈՆ