ՍՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱՌԻ՞ ՄՍԽՈՒՄՆԵՐԸ


Նոր բյուջեն ակնհայտորեն տարբեր է նախորդներից: Մեկ տարի առաջ, երբ 2009-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր ոչ պակաս ջերմեռանդությամբ քննարկվում, թեպետ ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն ներխուժել էր մեր հանրապետություն, բայց այն ժամանակ խորհրդարանի պարոնները կատարվելիքի լրջության հետ այդպես էլ հաշվի չնստեցին: Ճգնաժամի ներկայությունը վերջիններս հավանաբար անցնող ամիսներին պետք է ավելի առարկայորեն զգային` դրա գոյության հետ ակնհայտ ծուլությամբ և ուշացումով հաշվի նստելու համար: Բայց անկախ վերաբերմունքից` հիմա էլ է կասկածից վեր, որ հաջորդ տարվա բյուջեն նույնպես ընդունվելու է այնպես, ինչպես ամեն տարի: Իսկ մինչ խորհրդարանի դահլիճի լուսատախտակին ձայների ջախջախիչ մեծամասնության հավանությանն արժանանալիք քվեարկության արդյունքները, անդրադառնանք հարցերի, որոնք դրանց իրական հասցեատերերի` խորհրդարանականների ուշադրությունից ամենայն հավանականությամբ նորից վրիպելու են: Ընդհանուր առմամբ բյուջետային քննարկումներն այդպիսին անվանելը մի փոքր անտեղյակություն կամ լավատեսություն է պահանջում: Երբ գործադիրի ներկայացուցիչ ների զեկույցները «հասնում» են այս ու այն ոլորտին հատկացվելիք գումարներին, տվյալ բնագավառի ներկայացուցիչներն անպայմանորեն դժգոհում են հատկացվելիքի սակավությունից: Հետո ինչ-որ բան որոշվում է վերանայել կամ ավելի շուտ այդպես էլ թողնվում է… «Յոլա գնալու» բյուջե անվանումը հենց գումարների սակավությունից դժգոհողները կնքեցին, ինչն էլ ենթադրում է, որ նոր իրավիճակի հետ նույնպես նրանք նույն հարմարվողականությամբ հաշտվելու են: Եվ ամենավտանգավորն այն է, որ սեփական թերացում ները վերագրելու են փողի պակասին: Ի վերջո, մինչև հիմա ոչ մի բյուջե այդքան պարզ ու հաշվարկված չի եղել: Բայցևայնպես կասկածելի է, թե գոտիները ձգելու հարկադրանքը արդյո՞ք նույնակերպ ապրելակերպի է վերափոխվելու, թե՞ ամեն ինչ նախկինի պես «անմեկնելի» է մնալու: Մասնավորապես, երբ խոսվում է, ասենք, մարզպետների ծառայողական մեքենաներն օրը 10-ի փոխարեն 5 լիտր բենզինով լիցքավորելու մասին, պարզ է դառնում, որ նախկին տասը լիտրն էլ է քիչ եղել: Սրանով հանդերձ` մեզանում դժվար է պատկերացնել մի չինովնիկի, առավել ևս գավառապետի, ով ոտքով աշխատանքի կգնա կամ վարորդից կպահանջի մեքենան բանալին անջատած վարել ու դրանով բենզին խնայել: Լավագույն դեպքում նա ծառայողական մեքենան սեփական միջոցների հաշվին «կգազաֆիկացնի»` ապրիլ ամսից գազի գնաճից դժգոհելու հեռանկարով: Հետևաբար պետք է ընդունել, որ թե° նախկինում ու թե° առավել ևս առաջիկա տարեսկզբից նույն մարզպետական մեքենաները այլ միջոցների հաշվին են սպասարկվելու: Եվ սա միակ ու ամենատարօրինակ նկատառումը չէ: Ընդհանրապես, եթե նման ինտենսիվությամբ քննարկումները կրճատման հնարավորությունների հայտնաբերման ուղղութ յամբ են առավելապես զարգանում, նշանակում է ավելի լավ, քան տվյալ ոլորտների պատասխանատուները, խնայողության կոնկրետ ուղիներ չեն կարող մատնանշել… Բայց դժգոհելով հարմարվելուց բացի, այդպես էլ չգտնվեցին այն քաջատեղյակները, ովքեր որոշակի փաստարկումներով ու հոդաբաշխ ձևակերպումներով կրճատումների ամենաօպտիմալ հատվածները կմատնանշեին: Ակնհայտ է, որ այս մարդկանց, որքան էլ շատ տրվի, միևնույն է` քիչ է համարվելու. հոգեբանությունն է վերջիններիս առավելապես խանգարում: Ավելին, եթե ոչ այնքան արդյունավետ գործունեությամբ փայլող օղակներ մատնանշվեն, նույն տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ մտավախությամբ կարող են նաև եզրակացնել, թե տվյալ ոլորտը կույրաղիքներ է ունեցել: Մինչդեռ որևէ չինովնիկ երբևէ չի ցանկացել հետահայաց գնահատել անգամ ոչ հեռավոր անցյալը: Անկախ ամեն ինչից` ցանկացած դիտարկման կամ քննարկման վերջիններս ահ ու սարսափով են վերաբերվել: Եվ պարտադիր չէ, որ նման դիտարկումները հենց այդ չինովնիկների համար տհաճ անակնկալներով ու անցանկալի բացահայտումներով եզրափակվեն: Արդեն գործի դրված ցանկացած արհեստական մեխանիզմ հայրենի չինովնիկները ձգտում են անառիկ պահել` ավելորդ գլխացավանքից խուսափելու հույսով: Եվ հենց այդ մեխանիզմներն են, որ հնարավորություն են տվել տասը լիտր բենզինով շրջել մարզապատկան տարածքներում, հեռավոր մարզկենտրոններից մայրաքաղաք հասնել ու հետ վերադառնալ: Իսկ այդ «մեխանիզմներով» նոր իրավիճակում հինգ լիտր «օրապահիկը» նույնպես Երևան գնալ-գալու հնարավորություն ընձեռելու է: Այսուհանդերձ, ի՞նչ անել, որպեսզի տարբերակներից ամենաանախընտրելին գտնվի: Այս հարցը թերևս ամենաքիչն է հուզում բոլոր նրանց, ովքեր կոչված են առաջինը դրա պատասխանը հնչեցնել: Դե, եթե այդպես է, ուրեմն լավ բյուջե այդպես էլ չենք կարող ունենալ: Ճիշտ է, դրան գերազանցապես ճգնաժամն է խանգարում, բայց ակնհայտ է նաև նոր բյուջեին քվեարկությամբ միս ու արյուն տալ պատրաստվողների տրամադրվածության պակասը: Իսկ «յոլա», ինչպես այս օրերին մեր պաշտոնյաներն են սիրում կրկնել, ոնց էլ լինի կգնանք: Ի վերջո, ճգնաժամը թեև դժվարությամբ, բայց կհաղթահարվի, իսկ բյուջետային հատկացումները չմսխելու մեխանիզմներ առայժմ չեն «գտնվում»:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ