Ի՞նչ է նշանակում... փոխզիջում


Անցյալ շաբաթ, Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2010 թ. պետբյուջեի նախագծի մաս առ մաս քննարկումների ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին բառացիորեն ասաց. - Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և անվտանգությունը…Բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակից բացի, այլ հարցեր չեն քննարկվում… Էդ. Նալբանդյանի այդ հայտարարությունը տարակերպ մեկնաբանություններ ստացավ: Դրանցում տարօրինակ եզրակացություններ կային, թե` «եթե բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից բացի այլ հարցեր չեն քննարկվում, ապա դա նշանակում է, որ ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը կողմերի միջև ավելի վաղ արդեն համաձայնեցվել է»: Իրականում ազատագրված տարածքների վերադարձի վերաբերյալ կողմերի միջև իբրև թե արդեն առկա համաձայնության մասին հավաստի ոչինչ հայտնի չէ: Միգուցե այդպիսի համաձայնություն իսկապես կա, միգուցե` չկա: Հավաստի հայտնի են միայն «Մադրիդյան սկզբունքների» 14-15 կետերից 6-ը: Դրանք նախատեսում են հակամարտության խաղաղ լուծում այն հիմքով, որ հարգվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զուգահեռաբար` նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն, որոնք պիտի բացառեն կողմերի միջև ռազմական նոր բախման հնարավորությունը: Բաքուն իսկապես չի թաքցնում, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում» ասելով` ինքը հասկանում է հայկական ուժերի դուրսբերում «Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի տարածքներից»: Այսինքն, հայկական զինուժի ետքաշում սկզբում 5, ապա նաև 7 «ադրբեջանական շրջաններից»: Այնուհետև ադրբեջանցի փախստականների (իրականում` հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով հարկադրյալ տեղահանվածների) վերադարձ իրենց նախկին բնակության վայրերը, որին պիտի հետևի Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչների մասնակցությամբ, Աստված գիտե` որքա¯ն ժամանակ հետո կայանալիք հանրաքվեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու հարցադրումով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հստակ հայտարարեց, որ իրենց նախկին բնակավայրեր ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կարող է խոսք լինել միայն հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ կողմերի միջև քաղաքական համաձայնությունից հետո: Այլապես միջազգային փորձը ցույց է տվել, որ առանց խնդրի վերջնական քաղաքական կարգավորման, փախստականների վերադարձի դեպքում ազգամիջյան նոր բախումները դառնում են անխուսափելի: Հետևաբար, կարելի է վստահաբար ասել` Հայաստանը երբեք չի համաձայնի, որ նախքան Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ քաղաքական համաձայնության կայացումը, ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Դա իսկապես կնշանակեր ազգամիջյան նոր բախումների սկիզբ, ինչն անվերապահորեն կհանգեցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի: Հստակ չէ նաև Արցախում միջազգային հանրության, տվյալ դեպքում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք նոր հանրաքվեի ժամկետը: Ըստ Իլհամ Հեյդար-օղլու` «Ադրբեջանը երբեք, անգամ 100 տարի հետո չի ընդունի Ադրբեջանի տարածքից Լեռնային Ղարաբաղը դուրս բերելը»: Մեր անմահ Պարոնյանը կասեր` խելքիդ պուտուկը սիրեմ, տեր փաստաբան: Էլ ո՞ր գրող ու ցավի համար է անցկացվելու նոր հանրաքվեն, եթե դրա արդյունքները նախապես կանխորոշված լինեն, և «էն գլխից» սահմանվի, որ նույնիսկ այդ հանրաքվեի արդյունքներով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է փոփոխվի»: Մինչդեռ առողջ դատողությունից ոչ զուրկ ցանկացած մարդու համար պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մշակած «Մադրիդյան սկզբունքները», նախատեսելով Լեռնային Ղարաբաղում միջազգային հովանու ներքո նոր հանրաքվեի անցկացում, գործնականում միանգամայն հնարավոր են համարում, որ այդ հանրաքվեի արդյունքներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարող է փոփոխվել: Այսինքն, միանգամայն հնարավոր է, որ այդ նոր հանրաքվեից հետո Ադրբեջանն այլևս չի ունենա այն սահմանները, որոնք ուներ Խորհրդային Միության գոյության ժամանակներում: Եվ Ադրբեջանը դրա հետ ուզի-չուզի` պետք է հաշտվի… Ինչպես իրավացիորեն մատնանշում են Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, սակայն տեղնուտեղն ավելացնելով սեփական ճակատագիրն ու կարգավիճակը հանրաքվեով որոշելու արցախահայության իրավունքի հարգման անհրաժեշտությունը, «Մադրիդյան սկզբունքները» մշակողները արդեն «էս գլխից» Լեռնային Ղարաբաղը չեն դիտարկում որպես Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս: Նրանց համար բուն Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջանի մաս չէ, դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի Խմբի Եռանախագահները խնդիր չեն դնում բուն Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերը ետ քաշելու մասին: Եռանախագահները հրաշալի հասկանում են, որ Արցախի Ինքնապաշտպանական Բանակի ստորաբաժանումներն իրենց հողից ոչ մի տեղ գնալ ուղղակի չեն կարող: Աշխարհի այդ ո՞ր բանակն է կամովին հեռանում սեփական հայրենիքից` անզեն ժողովրդին թողնելով թշնամու հորդաների անխուսափելի ներխուժման սպառնալիքի դեմ-հանդիման: Ենթադրենք, մինչ այդ միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն Լեռնային Ղարաբաղում` իբրև թե արցախահայության անվտանգությունը ապահովելու նպատակով: Ո՞վ է այնքան հիմար, որ հույս դնի միջազգային խաղաղապահների վրա: Օտար խաղաղարարն ինչու՞ պետք է իր կյանքը վտանգի արցախահայության համար: Շատ ավելի տրամաբանական չէ՞ ենթադրել, որ միջազգային խաղաղապահները, Ադրբեջանի կողմից արցախահայության վրա հրով ու սրով նորից հարձակվելու դեպքում, պարզապես մի կողմ կքաշվեն, և Ադրբեջանն անպատիժ կիրականացնի արցախահայության ամենաիսկական ցեղասպանություն: Հետևաբար, միջազգային խաղաղարարներ գան-չգան` Լեռնային Ղարաբաղից հայկական զինուժի դուրսբերման մասին խոսք անգամ լինել չի կարող: Միջազգային խաղաղարարները, լավագույն դեպքում, հայկական զինուժի հետ միասին կարող են կանգնել բուն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների վրա` Ադրբեջանի հնարավոր նոր հարձակումը կանխելու համար: Իսկ դա կնշանակի նույն այդ միջազգային խաղաղարարների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության փաստացի ճանաչում: Եթե Ադրբեջանն այնքան խելք ունենա, որ համաձայնի պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապա այդ դեպքում, այսպես կոչված «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» հայկական զինուժի դուրսբերումն իմաստ կունենա: Վերջին հաշվով, Արցախը զենքի է դիմել ի պատասխան Ադրբեջանի չհայտարարած, սակայն նրա կողմից արցախահայության հանդեպ իրականացված ագրեսիվ ու բնաջնջող պատերազմի: Համայն հայությունն Արցախին օգնել է ինքնապաշտպանական պատերազմ վարելու, ոչ թե Ադրբեջանի բռնազավթումից հին-պատմական հայկական հողերն ազատագրելու: Եվ եթե պատերազմական գործողությունների ընթացքում ազերիական աղտեղությունից մաքրվել, իրենց խոսքով` «բռնազավթվել են ադրբեջանական 8 շրջան», ապա դա արվել է միայն և միմիայն բուն Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար: Այդ յուրահատուկ «գոտու» շնորհիվ մենք 900 կիլոմետրով կրճատեցինք ռազմաճակատի գիծը, հեշտացրինք բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության մեր խնդիրը: Հիմա հանուն ինչի՞ պետք է մենք այդ «անվտանգության գոտին» հանենք մեր «մեջքից»: Ուրիշ բան, եթե իրենք ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ամբողջ աշխարհի առաջ պարտավորություն ստանձնեն այլևս երբեք հրով ու սրով չհարձակվել Արցախի վրա: Այդ դեպքում, որպես խաղաղության պահպանման համար մեր կողմից Ադրբեջանին արված զիջում, կարելի կլինի քննարկել ազատագրած տարածքները (այն էլ, անշուշտ, ոչ բոլորը) Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Դա իսկապես կլինի փոխզիջում` Արցախը կստանա իր անկախության պաշտոնական ճանաչումը, Ադրբեջանը` իր «բռնազավթված» տարածքների մի մասը: Դա փոխզիջում ների այն առավելագույն սահմանն է, որից այս կողմ նահանջելու այլևս ոչ մի տեղ հայկական կողմը չունի:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ