Հա՞ ՈՐ…


ԴԺՎԱՐ է ասել` տնտեսական ճգնաժամը նպաստե՞ց ոգելից խմիչքների վաճառքին, թե՞ գումարների սղությունը, ասենք, օղի գնելը անթույլատրելի շռայլությունների շարքում դասեց: Համենայն դեպս, եթե հավատանք թվերին, ապա ըստ խոշոր հարկատուների ցուցակի` տեղական արտադրողներն այստեղ դժվարությամբ հայտնաբերվողներից են: Բայց մյուս կողմից էլ` դա ամենևին չի նշանակում, թե գնողունակության անկումն է վերջիններիս զրկել մարդավայել հարկեր մուծելու հնարավորությունից: Պարզապես նախքան ճգնաժամն էլ բոլորը գիտեին, որ տեղական օղի խմելը համարձակություն է պահանջում, քանի որ հետևանքներն այս դեպքում անկանխատեսելի կարող են լինել: Հետևաբար արդեն քանի տարի մեզանում հարգի են ռուսական, ուկրաինական օղիները, որոնք գնով չնայած քիչ են գերազանցում տեղականին, բայց համեմատաբար տանելի որակը մեր սպառողներին ընտրություն կատարելու ավելի լավ հնարավորություն է ընձեռում: Նշված իրողությունը լավ են հասկացել տեղական օղու արտադրությամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունում: Եվ ոչ միայն հասկացել, այլև մի քանի անգամ արդեն նույնիսկ հնարամիտ գործնական քայլերի էլ են դիմել: Ներկրվողն ու տեղականը «միասնականացնելու» նրանց նախաձեռնության արդյունքում մի քանի անգամ, ինչպես պաշտոնապես են ձևակերպում, շփոթության աստիճան նմանեցվել են պիտակներն ու շշերը և սպառողին հրամցրվել: Այդպիսի կեղծիքներ, իհարկե, միշտ են արվել, բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն ըստ նպատակահարմարության (՞) է նման խնդիրներով մտահոգվում, մի քանի օր առաջ դարձյալ որոշել ու ընդամենը 1,5 միլիոն դրամով «Ալեքս Գրիգին» տուգանել է: Այն, որ նույն կազմակերպության հանդեպ արդեն մի քանի նման տուգանք կիրառվել է, թույլ է տալիս ենթադրել, որ նշված 1,5 միլիոն դրամը այսօր երրորդը համարվող հարկատուի գուցե ընդամենը մեկ կամ կես օրվա շահույթն է: Ավելի հետաքրքիր է հանձնաժողովի համեստ տուգանքին զուգակցվող անհասկանալի մեծահոգությունը` ընթացիկ ամսվա ընթացքում վաճառքից կեղծված օղիները հավաքելու հորդորի տեսքով: Սա ըստ երևույթին այն ժամկետն է, երբ առկա խմբաքանակները վերջնականապես կսպառվեն, և «Ալեքս Գրիգն» էլ, հավանաբար, հլու-հնազանդ կկատարի իրենց պահանջը: Բայց նմանակողն, անշուշտ, նաև պահեստավորված շշեր նույնպես ունի. դա էլ շուկա կհանի առժամանակ հետո ու կա°մ «կվրիպի» ուշադիր աչքերից, կա°մ հերթական 1,5 միլիոնը կնետի… Այնպես որ, այս տարի ալկոհոլային կրքերը նախքան Ամանորն սկսեցին եռալ, ինչն էլ ենթադրում է, որ այստեղ հակասությունները նոր-նոր են սկսում թեժանալ: ԹԵՊԵՏ այս հանձնաժողովի տեսադաշտում բենզինի և դիզվառելիքի շուկան, որը Հայաստանում ամենահայտնի մենաշնորհային ոլորտներից է, դեռևս չի հայտնվել, սակայն մասնագիտական հմտություններ պետք չեն արձանագրելու, որ այստեղ նույնպես գնաճն իր սև գործը շարունակում է: Ընդ որում, մեկ լիտր ամենաէժան բենզինի գինն արդեն մի փոքր ավելի վաղ վերելք արձանագրած մեկ դոլարի գնին է հասել: Մենաշնորհատերերը ինչ-որ տեղից լսել են, թե միայն անցյալ ամսվա ընթացքում վառելիքի գինը միջազգային շուկայում 14-16 տոկոսով թանկացել է: Բայց սույն արդարացմանը սկզբից ևեթ դժվար է հավատալ, քանի որ նշված տոկոսը գումարային արտահայտությամբ ոչ թե 20-30, այլ առնվազն 50 դրամ պետք է կազմեր: Մինդեռ մենք լավ գիտենք, որ տնտեսվարողներն առավել ևս նրանք, ովքեր մենաշնորհների են տիրապետում, երբեք ու երբեք նման զիջող ու մեծահոգի քայլերի չեն գնում: ՎԱՌԵԼԻՔԻ թանկացումն ու մի շարք այլ` ոչ պակաս լուրջ խոչընդոտները հանգիստ չեն տալիս հիմա էլ երթուղայինների վարորդներին: Ավելի ստույգ, թերևս` գծատերերին: Եթե մի քանի շաբաթ առաջ հենց վերջիններս բողոքի ցույց կազմակերպեցին, ապա նախորդ շաբաթ դժգոհելու «փոխանցիկը» վարորդներին հանձնվեց: Նրանք, իհարկե, միշտ են դժգոհ եղել, բայց, ըստ երևույթին, համբերության բաժակն արդեն վերջնականապես է լցվել… Դժվար չէ վերհիշել, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի շարք ստուգող կազմակերպություններ համերաշխաբար սկսեցին վաղուց ի վեր բաժան-բաժան արված այս ոլորտում միաժամանակյա ստուգումներ իրականացնել: Սա ինքնին ենթադրում էր, որ շատ շուտով զրկվելու են գերշահույթներից ու ստիպված են լինելու բավարարվել թեթև շահույթներով: Իսկ նախորդ շաբաթվա գործադուլն այս դեպքում ընդամենը այսբերգի երևացող հատվածն է միայն, քանի որ, ամենայն հավանականությամբ, վաղուց կոնկրետ տերեր ունեցող այս ոլորտում առաջիկայում վերադասավորումներ են սպասվում: