Հայաստանը կարեվորում է ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ հայտարարությունը (հատված)


ԲՈՒԴԱՊԵՇՏ . Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Հունգարիայի հարգարժան Նախագահի հետ քննարկեցինք հայ-հունգարական հարաբերություն ների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Նշեցինք քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև ընդգծեցինք հայ և հունգար ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության կարևոր դերը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: ...Մենք համոզված ենք, որ քիչ առաջ ստորագրված համաձայնագրերը կընդլայնեն երկկողմ համագործակցության շրջանակն ու նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ գործակցության համար: Դրանցից կուզենայի հատուկ առանձնացնել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առևտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է: Արդարադատության և գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը ևս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը: ...Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել հունգարական արդարադատությանը, Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա և արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, և այդ զազրելի ոճրագործությունը մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաև յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է և ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակութ յուն կգտնեին նաև այլ պետություններում: «Ինչ էլ լինի` պետք է դիմանանք» Խորհրդարանում շարունակվում են բյուջետային քննարկումները: 2010 թ. պետական բյուջեի նախագծի ծախսային մասը 2009-ի հաստատված մակարդակի համեմատ նվազել է 40,8 միլիարդ, իսկ սպառողական մասը` 5,4 միլիարդ դրամով: Այդ տարբերությունը ի՞նչ կերպ կանդրադառնա տարածքային կառավարման մարմինների և պետական կառույցների աշխատանքների վրա, «Ավանգարդ»-ի հարցին պատասխանում են ոլորտի պատասխանատուները: Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՀՀ Արդարադատության նախարար - Չեմ կարծում, թե բյուջեի նվազումն էական բացասական ազդեցություն կունենա մեր նախարարության գործունեության արդունքների վրա: Բնականաբար, մենք փորձելու ենք այդ իրավիճակում ևս մեր աշխատանքները տանել բնականոն հունով: Այդուհանդերձ, թեև նախատեսել էինք համակարգչային տեխնիկայի թարմացում, կփորձենք հետաձգել: Չենք կարծում, թե դա այն հրատապ խնդիրն է, որը կարող է էապես ազդել մեր աշխատանքի որակի և արդյունքների վրա: Պետք է ուղղակի փորձենք հնարավորության սահմաններում աշխատել խնայողության ռեժիմով: Նշեմ, որ հատկապես քրեակատարողական համակարգի շենքերի հիմնանորոգման նպատակով գումարներ նախատեսված են դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրերով: Մեզ համար, վերջին հաշվով, նշանակություն չունի` այդ գումարը պետական բյուջեի՞ց է հատկացվելու, թե՞ այլ աղբյուրներից: Կարևորն այն է, որ պետությունն անհրաժեշտ է համարում այդպիսի ծրագրերի կենսակոչումը և դրա համար գտնում է միջոցներ: Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀՀ ԿԳ նախարար - Մեր նախնական հաշվարկներով և կանխատեսումներով` կկարողանանք պահպանել եղածը և մի քանի նորամուծություններ կատարել: Դպրոցաշինությունից զատ չունենք որևէ ծրագիր, որը կրճատվել է տնտեսական ճգնաժամի պատճառով: Հուսանք, որ միջազգային և համաշխարհային բանկերի աջակցությամբ, նաև եվրոպական համագործակ ցության ծրագրերի շրջանակներում մենք կկարողանանք ապահովել նաև որակական արդյունքները: Սարգիս ՍԱՀԱԿՅԱՆ. Արագածոտնի մարզպետ - Մենք փորձում ենք բյուջեի բացը լրացնելու համար այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ որոնել: Ես արդեն հանդիպել եմ տարբեր ֆինանսական ծրագրերի ղեկավարների հետ և 2010 թ. մեր մարզի շուրջ 40-45 համայնքներում կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել: Կարծում եմ, որ Արագածոտնի մարզին բավական հաջող տարի է սպասում: Նվեր ՊՈՂՈՍՅԱՆ. Գեղարքունիքի մարզպետ - Մեր մարզի 20 հազար բնակիչներ ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքների: Աշխատատեղերի նվազումով կմեծանա նաև մեկնողների թիվը: Իսկ եթե աշխատանք որոնողները չկարողանան արտերկրներում գործ գտնել, դա ավելի շատ կազդի մեր մարզի բնակիչների կեցության վրա, քան պետբյուջեի նվազումը: Լիդա ՆԱՆՅԱՆ. Շիրակի մարզպետ - Մենք ունենք ժամանակացույց, որով ուղղորդվել ենք 2009 թվականին և շարունակելու ենք 2010-ին: Մեր մարզի համար առանցքային է համարվում քաղաքաշինությունը, և նախատեսված բյուջետային միջոցները կրկին ուղղվելու են այդ ոլորտին: Վարդգես ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Վայոց Ձորի մարզպետ - Կարծում եմ` բյուջեի նվազումը բացասական ազդեցություն կարող է ունենալ ճանապարհաշինության վրա, քանի որ դրա համար ծախսեր չեն նախատեսվել: Կասեցվել են նաև մարզի 5 դպրոցների կապիտալ վերանորոգման աշխատանքները: Արմեն ՂՈՒԼԱՐՅԱՆ. Տավուշի մարզպետ - Մենք ըմբռնումով ենք մոտենում տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացած ֆինանսական դժվարություններին և պետք է խնայողաբար վերաբերվենք նյութական միջոցներին: Կովալենկո ՇԱՀԳԱԼԴՅԱՆ. Կոտայքի մարզպետ - Հատկանշական է, որ բյուջեում չեն պակասել մշակույթին և կրթությանը տրամադրվող նյութական միջոցները: Ուղղակի նվազել են կապիտալ ծախսերը, իսկ համահարթեցման օրենքով միջին հաշվով 16,7 % -ով ավելացել են համայնքներին տրամադրվող փոխհատուցումները: Մի խոսքով` ինչ էլ լինի, պետք է դիմանանք թեկուզ առանց ծախսերի. դրանով աշխարհը հաստատ շուռ չի գա: Սուրեն ԽԱՉԱՏՐՅԱՆ. Սյունիքի մարզպետ - Մենք աշխատում և ապրում ենք սահմանային գոտում: Ռմբահարումներց տուժած ընտանիքներն ամեն տարի սպասում են, որ վերանորոգվեն իրենց բնակարանները, սակայն այդպես էլ այդ հարցը չի լուծվում: 2010-ի վրա էլ հույս դնել չի կարելի, իսկ 2011-ի հեռանկարը չենք էլ տեսնում: Ավ եթե չի լինելու բնակարանաշինություն և դպրոցաշինություն, ապա մարզի կյանքը նորմալ հունով ընթանալ չի կարող: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Թերևս ոչ մեկի կասկածը չէր հարուցում այն, որ հայ-թուրքական նորմալ հարաբերությունների հաստատումը դժվար, բազում խոչընդոտներով լի գործընթաց է լինելու: Դեռևս մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով այդ մասին, ասել էր, որ և° Թուրքիայում, և° Հայաստանում կան շրջանակներ, որոնք կարող են դեմ լինել: Սակայն խնդիրը զգայականից ավելի խորքային բնույթ ունի: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել հենց այս պահին և ոչ թե օրինակ` 5 կամ 10 տարի առաջ: Ռուս-վրացական պատերազմից հետո էապես մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Արևմուտքն արևելքի հետ կապող ճանապարհները, ինչպես նաև արևելքից եկող էներգակիրների միջանցքն անցնում է Հարավային Կովկասով և տարածաշրջանի վրա ազդեցության համար ԱՄՆ-Ռուսաստան պայքարն իր ազդեցությունն է թողնում տեղի երկրների վրա: Բազմիցս ասվել ու ապացուցվել է, որ վերոհիշյալ` հնգօրյա պատերազմում «խառնված էր» ԱՄՆ-ի մատը. այդ պատերազմը տարածաշրջանում առկա բարդ հակամարտություններում գործընթացների արագացման` Միացյալ Նահանգների քաղաքականության արդյունք էր: Հարավային Կովկասի համար Մոսկվայի հետ մղվող պայքարում Վաշինգտոնն օգտագործում է Թուրքիային: Վերջինիս` տարածաշրջանային տերություն դառնալու հավակնութ յունների տրամաբանության շրջանակներում է տեղավորվում Կովկասում խաղաղության «համագործակցության հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: Այն սկզբում շատերի տարակուսանքը հարուցեց, որովհետև համագործակցության մասին հայտարարության մեջ չէր հիշատակվել Իրանը: Սակայն վերջերս վարչապետ Էրդողանի այցը Թեհրան լրացրեց այդ բացը: Վերջին երկու տարում Իսրայելի հետ հարաբերությունների վատացումը, իսկ Սիրիա և Իրան աննախադեպ այցերի ու համաձայնությունների կայացումը վկայում են տարածաշրջանում Թուրքիայի լայնածավալ քաղաքականություն վարելու մասին: Իսկ որ նա փորձում է հարաբերություններ զարգացնել նաև Հայաստանի հետ, թերևս, խոսում է այն մասին, որ Միջին Արևելքից իր շահերը, կարծես, տեղափոխում է Կովկաս: Այս գործընթացը բավական բարդ ու վտանգավոր է նաև: Կովկասում Թուրքիան ստիպված է պայքարել միանգամից երկու ճակատով: Այստեղ նրան սպառնում է կա°մ Ռուսաստանի, կա°մ Միացյալ Նահանգների ազդեցության տակ ընկնելու ու նրանցից մեկնումեկի մարիոնետի դերում հանդես գալու վտանգը: Այս առումով` Թուրքիան, իրոք, բավական բարդ կացության մեջ է հայտնվել: Վիճակը կարող է է°լ ավելի բարդացնել Սուդանի նախագահ Օմար Ալբաշիրին Անկարայում ընդունելը: Խնդիրն այն է, որ Հաագայի միջազգային դատարանը վերջինիս ձերբակալելու որոշում է կայացրել` Դարֆուրի սևամորթների ցեղասպանության համար: Թուրքիայի նախկին իշխանությունները չէին ընդունում Ալբաշիրին, իսկ ներկայիս իշխանությունները մտադիր են անտեսել միջազգային դատարանի որոշումը: Իսկ Սուդանի նախագահին ընդունելու հետևանքով հնարավոր է` չկայանա Օբամայի հետ Էրդողանի հանդիպումը: Իսկ Ալբաշիրին, այնուամենայնիվ, Անկարայում չընդունելու պարագայում ինքնին հարց է առաջանում. եթե Թուրքիան համաձայնում է միջազգային դատարանի որոշմանը` չընդունելով Սուդանի նախագահին, որովհետև նա ցեղասպանություն է իրականացրել, ապա ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի Հայոց ցեղասպանության հարցում. չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի շատ պետություններ: Թուրքիայի համար նաև մեծանում է վտանգը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Եթե ամերիկյան Սենատն ընդունի ցեղասպանությունը, նշանակում է` Հայաստանը տարածաշրջանում Միացյալ Նահանգների հետապնդած մեծ ծրագրի մի մասն է, և այդպիսով նաև կպարտադրի Թուրքիային արագացնել ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը: Ի դեպ, թուրքական մամուլում եղած հրապարակումներից կարելի է ենթադրել, որ հնարավոր է` Թուրքիայի խորհրդարանը վերապահումներով վավերացնի հիշյալ արձանագրությունները: Այդ պարագայում չի բացառվում, որ Հայաստանի Ազգային ժողովը նույն կերպ վարվի: Մանավանդ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն արդեն պարունակում է անհրաժեշտ վերապահումները: Անկարան առիթը բաց չի թողնում արձանագրությունների վավերացումը, սահմանի բացումը, այսպես ասած, գրավյալ տարածքներից հայկական զորքերի հետ քաշելով պայմանավորելու համար: Այս առումով, որոշակի անհանգստություն է նկատվում Հայաստանի ներքաղաքական կյանքում. ոմանք կարծում են, թե վերջիվերջո միջազգային հանրությունը կարող է պարտադրել Հայաստանին` ղարաբաղյան հիմնահարցի ոչ հայանպաստ լուծում: Սակայն, ինչպե՞ս պետք է դա իրականացվի: ՀՀ նախագահը գնաց զորավարժություններ անցկացնելու գրավյալ համարվող, բայց իրականում բուն հայկական տարածքում, ինչը թերևս վկայում է այդ տարածքներն ամեն գնով պահպանելու վճռականության մասին: Իսկ սա էլ նշանակում է, որ Ղարաբաղի հարցում որևէ զիջում հայկական կողմից չի լինելու: Այսինքն, գնդակը դարձյալ Թուրքիայի դաշտում է. թուրքերն այժմ կանգնած են մի մեծ հարցականի առջև, այն է` վավերացնե՞լ արձանագրությունները` շրջանցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, թե՞ ոչ` այդպիսով առաջացնելով ԱՄՆ դժգոհությունը և ճաշակելով դրա այնքան դառը հետևանքները: P. S. Անհեթեթություն է կարծել, թե գերտերությունները կարող են թույլ տալ, որ Ադրբեջանն իրականացնի Ղարաբաղի հարցը զենքի ուժով լուծելու իր սպառնալիքները: Այսօր բոլորը գիտակցում են, որ լոկալ պատերազմ այլևս հնարավոր չէ վարել, իսկ տարածաշրջանում նոր պատերազմի շահագրգռություն չկա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ