Հայացք անցած ճանապարհի


Ասում են` մարդն ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ երբեք ուսուցիչ` եթե մանկավարժ չես£ Բացահա¯յտ ճշմարտություն: Բնությունը Ձեզ տվել էր մանկավարժական ձիրք ու շնորհք: Դուք Ձեր ողջ կյանքի ընթացքում պատրաստված էիք դրան` իսկական ուսուցիչ-մանկավարժի և խորաթափանց հոգեբանի կոչմանը, չէ որ այդ դպրոցում սովորող երեխաների հոգում լույսի ճանապարհ բացելու, գիտելիքների մի փոքրիկ կայծ տալու համար լույսի մի ամբողջ ծով պետք է կուտակված լիներ Ձեր մեջ: Եվ դա այդպես էր: Ձեր մազերին ձյուն է իջել արդեն (խաբուսիկ ճերմակություն), բայց Ձեր սիրտը գարուն է տակավին և դեռ երիտասարդական ավյունով շարունակում է աշխատել: Մարդը կարող է ապրել մի ողջ կյանք և չիմանալ, թե ինքը որքան շատ է սիրել իր հայրենիքը, եթե որևէ միջադեպ իր համար ակնհայտ չդարձնի այդ սիրո ամբողջ ուժը: Այդպես էլ մենք` հատուկ դաստիարակչական դպրոցի նախկին ուսուցիչներս, տարիներ շարունակ աշխատելով Ձեզ հետ, հիմա նոր ենք խորությամբ զգում, թե մենք որքան ենք Ձեզ սիրել` մեր ավագ ընկեր և ուսուցիչ, սիրելի Ժորա ՄՈՒՐԱԴՅԱՆ: Կառավարելու, ղեկավարելու արվեստը ոչ բոլորին է տրված: Տարիներ շարունակ մենք Ձեզ հետ աշխատելով հասկացանք, որ իսկական դպրոցը մանկավարժական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքն Է, որտեղ կարող ես ճանաչել երեխայի մտորումները, հետաքրքրությունները, նրանց տանջող ցավերը, երազանքները, որտեղ վերանում Է անվստահությունը և սկիզբ Է առնում վստահությունն ու փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: Խստապահանջ, բայց իրական կյանքում մարդկային, բարի ու մեծահոգի, ներող ու սիրող, այդպիսին եք եղել միշտ: Երևանի հատուկ դաստիարակչական դպրոցը (այդպես էր այն կոչվում նախկինում, ներկայիս թիվ 18 հատուկ դպրոցը) Ձեզ համար սոսկ աշխատանքի վայր չէր, դա Ձեր կյանքն էր, ընտանիքը, որին Դուք նվիրված էիք Ձեր ողջ էությամբ, որտեղ կրթվում, վերադաստիարակվում ու կյանք էին մտնում ճակատագրի բերումով կյանքի ճիշտ ճանապարհից շեղված բազում երեխաներ: Ձեր պարտաճանաչության անձնական օրինակը վարակիչ էր բոլորիս: Տնօրեն-ուսուցիչ-աշակերտ պատնեշի աստիճանաբար հարթման շնորհիվ, Ձեր անմիջական շփումը օրվա գրեթե բոլոր ժամերին երեխաների հետ, մեզ զգացնել էր տալիս, որ դասապրոցեսից դուրս ուսուցիչը նույնպես պետք է երեխաների վրա ուղղակի, անմիջական դաստիարակչական ազդեցություն ունենա: Դպրոցում ունեցած Ձեր և մեր հաջողության գաղտնիքը այդ համագործակցության մեջ էր, որի շնորհիվ էլ փոխվեց դպրոցական կյանքն ու առօրյան, այն դարձավ հետաքրքրական ու հաճելի: Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ էր, որ դպրոցի բակային տարածքը, որն անապատի էր նման, դարձավ ծաղկուն ու կանաչ պարտեզ: Ձեր 70-ամյա հոբելյանը մենք չենք դիտում տարեդարձի նշում (Աստված իմ, մենք չենք հավատում, որ դուք արդեն յոթանասունն եք բոլորել), այն մենք ընդունում ենք ևս մի գեղեցիկ առիթ մեր երախտագիտության ու սրտի անկեղծ խոսքը Ձեզ ասելու համար` գնահատելով Ձեր վաստակը, մա°րդ ով երբեք չի ձգտել մեծարման ու փառքի, ով միայն իր խղճի թելադրանքով է առաջնորդվել (ինչպե¯ս դուք չէիք սիրում Ձեր մասին գովեստի խոսքեր լսել): Մենք լի ենք հույսերով ու ակնկալիքներով, որ դուք Ձեր 70-ամյա փորձառու հասունությամբ կշարունակեք Ձեր գործունեությունը այլ բնագավառում (նկատի ունենք երեխաների ամառային հանգստի կազմակերպումը), որը վաղուց եք ընտրել, չէ որ Ձեր ուժն ու եռանդը անսպառ է և երևակայությունը անսահման: Ցանկանում ենք Ձեզ արգասաբեր, առողջ ու երկարատև կյանք: