Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սպիտակն ու սևը


(Սկիզբը նախորդ համարում) - Մեր հոգևորականները սովորում են այնպիսի երկրների (Ռուսաստան, Հունաստան) հոգևոր ուսումնական հաստատություններում, որոնց եկեղեցիները չեն կիսում ՀԱԵ դավանական մոտեցումները: 19-րդ դարի վերջից նրանք կրթություն են ստացել Գերմանիայի բողոքական աստվածաբանական ուսումնական հաստատություններում: Վտանգ չկա՞, որ մեր եկեղեցու ոգուն օտար որոշ դավանաբանական մոտեցումներն այդ կրթության միջոցով կամրապնդվեն մեր եկեղեցում: - Տեսականորեն այդպիսի վտանգ հնարավոր է, բայց գործնականում դա չի լինում: Անկասկած, այն հոգևորականները, ովքեր սովորում են տարբեր երկրներում, ենթարկվում են այլ դավանաբանական ազդեցությունների: Բայց այդ ամենը հարստացնում է մեր եկեղեցին, որը միշտ բաց է եղել տարբեր աստվածաբանական հոսանքների կարծիքների համար, մարսել դրանք, դարձրել սեփական հավատքի մի մասը: Պետք է նկատի ունենալ, որ մեր եկեղեցին երբեք չի վախեցել և այժմ էլ չի վախենում ազդեցություններից: Հայ եկեղեցու համար գլխավորը ժողովրդին ծառայելն է, և հանուն լավ ծառայելու մենք կարող ենք ընդօրինակել ամեն լավագույնը և° կաթոլիկ, և° ուղղափառ, և° հին Արևելյան եկեղեցիներից, որոնց հետ մենք հաղորթունեական կապի մեջ ենք, և նույնիսկ` բողոքականներից: Շատերը զարմանում են, թե հայկական եկեղեցին ինչպես կարող է ավանդութ յուններին ծայրահեղ կապվածությունը համատեղել ծայրահեղ լայն մտածողության հետ: Նրանց համար դա անըմբռնելի է: Եվ հայ եկեղեցու ուժը հենց նրանում է, որ երբեք չի վախեցել աստվածաբանական տարբեր հոսանքներից, կարծիքներից, մեկնություններից: Նա միշտ ունեցել է սեփական աստվածաբանությունը և իր սեփական դավանաբանութ յան համար յուրացրել է այն, ինչ համարել է անհրաժեշտ: Քրիստոնյա աշխարհում շատ են խոսում այն մասին, որ ժամերգությունը հարկավոր է հասկանալի դարձնել հավատացյալներին: Մեր դեպքում դա կարելի է դիտարկել որպես երկու տարբեր հարց: Առաջինը` որպես պատարագի թարգմանությունը աշխարհաբարի գրաբարից, որով պատարագը մատուցվել և այժմ էլ մատուցվում է` Սուրբ գիրքը 5-րդ դարում հայերեն թարգմանելուց հետո : Երկրորդ` պատարագը ընկալելու խնդիր կա այն թեմերում, որտեղ հոտը զգալի չափով կորցրել է ժամանակակից հայերենը և դարձել է անգլիախոս, ֆրանսախոս և այլն: Շատերը կարծում են, որ պատարագն աշխարհաբար թագմանելուց հետո ժողովուրդը կլցվի եկեղեցի: Այդպիսի բան չի լինի: Նույնիսկ մեկ տոկոսով չի մեծանա պարբերաբար եկեղեցի այցելող մարդկանց թիվը: Այդ փորձն ունի կաթոլիկ եկեղեցին, որը երկրորդ վատիկանյան ժողովում հրաժարվեց լատիներեն պատարագից և անցավ ազգային լեզուներին: Ոչ մի տեղ, ոչ մի երկրում դա հավատացյալների թվի ավելացում չբերեց: Եվ հիմա, 40-50 տարի անց, կաթոլիկ եկեղեցին հասկացավ, որ պատճառը այդ չէ: Պատճառն ավելի խորքում է, սեկուլյարիզմ, արտաքին ազդեցությունները, հարձակումները եկեղեցու վրա տարբեր կողմերից և շատ հաճախ` ոչ ճիշտ հովվական ծառայություն: Լեզուն այստեղ դեր չի խաղում: Այն անգրագետ տատիկները, որոնք ամեն կիրակի պատարագի են հաճախում, շատ լավ են հասկանում աղոթքը, այն անգիր գիտեն, հասկանում են` ինչ է ասվում և ինչ իմաստ ունի: Թարգմանությունը պետք է միայն քարոզների համար, որպեսզի ծխականներին հնարավոր լինի խրատել աշխարհաբարով: Բացի դրանից, մկրտությունը, պսակը, կարևոր աղոթքները պետք է կատարել աշխարհաբարով: Դրանցում ևս պարունակվում են խրատներ, որոնք պետք է ճշգրիտ հասկանալ: Պատարագն այլ իմաստ ունի: Պատարագը նաև մշակույթի ոլորտին է պատկանում: Դա նաև երգեցողություն է, Եկմալյանի և Կոմիտասի երաժշտությունը: Չի կարելի այդպիսի հարստությունը ոչնչացնել մեկ հարվածով: Հայը որտե՞ղ պետք է լսի Կոմիտասի պատարագը, Եկմալյանի պատարագը, եթե ոչ եկեղեցում: Գրաբարը մեր լեզուն է: Չի կարելի գրաբարը հավասարեցնել օտար լեզուներին: Հայը պարտավոր է իմանալ և° գրաբարը, և° աշխարհաբարը: Ժամանակակից հայերենը լավ իմացողի համար գրաբարն այնքան էլ դժվար չէ, հատկապես` պատարագինը: Հոգևորականի պարտքը նաև այն է, որ նրա հոգևոր հոտը լավ խոսի հայերեն, ծայրահեղ դեպքում գոնե ծանոթ լինի գրաբարին: Հակառակ դեպքում մենք միայն կկորցնենք մեր ժառանգությունը, իսկ հավատացյալները ոչինչ չեն շահի: Կաթոլիկ եկեղեցին դրա լավագույն օրինակն է: Մի քանի տասնամյակի ընթացքում այնտեղ լատիներեն իմացող չի մնացել, իսկ նախկինում յուրաքանչյուր հոգևորական գիտեր այն: Այժմ լատինական մշակույթն անհասանելի է մեծամասնությանը: Դա ոչ միայն հավատի հարց է, այլև` մշակույթի: Եթե հայ եկեղեցին անտարբերություն ցուցաբերեր մշակույթի պահպանման նկատմամբ, պատարագը կթարգմաներ ժամանակակից լեզվի, ժամերգութ յունը կկրճատեր մինչև կես ժամ. այսինքն` հավաքվեք, հաղորդություն ստացեք և կարող եք գնալ: Բայց եկեղեցին պարտավոր է ժողովրդին բարձրացնել վեր, ոչ թե իջնել նրա մակարդակին: Ռեֆորմացիայի ժամանակներից սկսած բողոքականությունն իր առջև նպատակ դրեց իջնել դեպի ժողովուրդը: Ահա և իջավ … Տեսեք` բողոքական երկրներում քրիստոնեություն կա՞: Ժամանակին մենք դպրոցում կարդացել ենք Յան Հուսի և Յան Ժիժկայի մասին, որոնք կաթոլիկ եկեղեցու դեմ պայքարում էին հանուն քրիստոնեության բարեփոխման (ռեֆորմացիա): Քրիստոնեություն կա՞ այսօրվա Չեխիայում: Այսօր դա Եվրոպայի ամենաաթեիստական երկիրն է: - Ձեր ասածների լույսի ներքո գուցե հայկական եկեղեցի՞ն պիտի ստանձնի գրաբարի ուսուցման խնդիրը: - Համաձայն եմ, եկեղեցին պիտի ակտիվացնի այդ ուղղությամբ աշխատանքը, բայց դրա համար ուժեր են պետք: Այսօր մեր եկեղեցին չունի բավարար ուժ: Աշխարհի ոչ մի եկեղեցի չի ենթարկվել այնպիսի հարվածների, ինչպես մերը: Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ժամանակ ողջ հոգևորականությունն արմատախիլ արվեց: Արևելյան Հայաստանում այդ նույնը կատարվեց Ստալինի օրոք: Այդ պատճառով ներկայիս Հայ եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող եկեղեցին չէ: Հայ եկեղեցին փաստացի 20 տարեկան էլ չկա: Ու՞ր են 1700 տարվա ընթացքում մեր կուտակած արժեքները: Չկան, մեր եկեղեցին կորցրել է ամեն ինչ: Այսօր ժողովուրդը կարծում է, թե եկեղեցին պահպանել է այդ ունեցվածքը և պահանջում է այս, պահանջում է այն: Ումի՞ց է պահանջում: Դուք եք ձեր ձեռքով իջեցրել խաչերը եկեղեցուց, իսկ այսօր պահանջում եք: 1600 տարի եկեղեցին լումա առ լումա հավաքել է իր ունեցվածքը: Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո նրանից ամեն ինչ խլեցին: Խոսքը միայն նյութականի մասին չէ: Խոսքը նրա հաստատությունների, նրա ենթակառուցվածքների մասին է: Նախկինում յուրաքանչյուր գյուղում հոգևորական կար, նա այնտեղ ամենակրթված մարդն էր: Այսօր գյուղերում ո°չ հոգևորական կա, ո°չ էլ նրա կարիքը. արդեն սովորել են 70 տարի ապրել առանց նրանց: Անհնար է նկարագրել այն հարվածը, որը հասցվել է հայ եկեղեցուն… Իհարկե, նա վերականգնվում է, բայց նյութական վնասն արդեն երբեք չի հաջողվի վերականգնել: Ինչպե՞ս վերականգնել արտասահմանում վաճառված ձեռագիր գրքերը, մանրանկարներով զարդարված Կտակարանները, որոնք այրեցին հրապարակներում, վերաձուլված դարավոր զանգերը, եկեղեցական գործածության ոսկե և արծաթե առարկաները, որոնք թալանողները վաճառում էին որպես ջարդոն: Երբևէ մենք յուրաքանչյուր գյուղում նորից հոգևորական կունենանք: Բայց ժողովուրդն ինքն արդեն նույնը չէ: Ո°չ թուրքերը, ո°չ մոնղոլները, ո°չ պարսիկները այնպիսի հարված չեն հասցրել հայ ժողովրդին, ինչպես Խորհրդային իշխանությունը: (Շարունակելի)

Համլետ ՄՈՍԻՆՅԱՆ