Հանդիպաշար Նկարչի տանը


Կերպարվեստասեր հանրությունը, կարծում եմ, շուտով մոռացության կմատնի ՀՆՄ Նկարչի տան մշակութային «պասիվության» ժամանակները: Վերաբացումից քիչ անց, համքարության 75-ամյա հոբելյանը նշանավորող յուրատիպ հրապարակային հաշվետվություն խմբակային մեկնարկային ցուցահանդեսին շուտով հաջորդեցին անհատական ու թեմատիկ մի շարք ցուցադրություններ: Ավագների ու նրանց հետնորդների ծննդյան հոբելյանական տարեդարձները պատշաճ հանրահռչակելուց զատ` մշտական այցելուներին դրանք հնարավորություն ընձեռեցին սեփական աչոք ու մտոք պատկերացում կազմելու հայ կերպարվեստի տևական ժամանակահատվածի արդի ստեղծագործական ընդհանուր նկարագրի մասին: Նկատված միտումների արվեստաբանական որակումները, տեղ գտնելով ՀՆՄ «Կերպարվեստ» գունապատկերազարդ, երկլեզու ծավալուն պարբերականի (գլխավոր խմբագիր` Վրեժ Առաքելյան) էջերում, մասնագիտական կողմնորոշման հանրամատչելի կրթարանի հայտով ներկայացան: Հիմա արդեն հստակ տարանջատված են գեղեցիկ արվեստների հանրաճանաչման ֆունկցիաները Ազգային պատկերասրահի և Նկարչի տան միջև: Այլևս անկարելի է առանց վերջինիս գործունեությանը մշտապես հաղորդակցվելու պարզորոշ տեղեկացված լինել կերպարվեստագետների ընթացիկ կյանքից: Երեք ցուցասրահներն էլ ակտիվորեն ծառայեցվում են հանրությանը յուրաստեղծ աշխարհով ներկայանալու պապակի հագեցմանը` տարասերունդ նկարչական ընտանիքի անդամների: Այս առումով անհամեմատ բախտավոր էր Հայաստանի վաստակավոր նկարիչ Մարտին Պետրոսյանը, ում նորաբաց անհատական ցուցահանդեսին ծանոթանալու նպատակով երբ ոտք դրեցի Նկարչի տան շեմից ներս, ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանից նվեր ստացա «Կերպարվեստի» նորընծա համարը` վերջին ամիսների իրադարձությունների հակիրճ անդրադարձներով ու մոտակա անելիքների ուշագրավ իրազեկմամբ: Երևելի վարպետների հոբելյաններով առլեցուն 2009-ը (Եսայանի, Քոլոզյանի և Սավայանի 100-ամյակները, Իսաբեկյանի 95-ը) սրում է ՀՆՄ կազմակերպչական ակտիվութ յունը, որպեսզի որևէ արժանավոր արվեստագետ հանիրավի չմնա ստվերում: Արդյունքում` մի ստվար շարան է ստեղծվում ցուցահանդեսների, որոնցից շատերը կենդանի փոխշփման առիթ են դառնում նաև, չխզվող հանդիպաշար: Այդպիսով, յուրատիպ հանդիպասրահներից մեկում Նկարչի եռահարկ տան այցելուներին Թերեզա Բաղդասարյանից (գրաֆիկա), Ղարիբ Եղիազարյանից (գեղանկար), Նունե Աղբալյանից (բատիկա), Բաբկեն Քոլոզյանից և Ռուբեն Ադալյանից (գեղանկար) հետո արվեստասերներին հյուրընկալում է Մարտին Պետրոսյանը: Երկրորդ հարկի ցուցասրահում, առանց որևէ ուղեցույցի, անմիջապես ճանաչում եմ նկարների հեղինակին: Ինքնաստեղծ ոճամտածողությունը Մարտին Պետրոսյանի տպավորվել էր 2007-ի աշնանը, Ազգային պատկերասրահում կազմակերպված անհատական ցուցահանդեսից դեռևս: Երբ փորձում եմ մեր նկարիչներից շատ-շատերի մասնագիտացման ճանապարհով կերպարվեստում հաստատված այս արվեստագետից ճշտել բնատուր շնորհների ձևավորման գլխավոր «դերակատարներին», կտրուկ հրաժարվում է կոնկրետ անուններից: Սկզբում տարված լինելով տաշիզմով ու ֆիգուրատիվ աբստրակցիայով, XIX-XX դդ. ֆրանսիական գեղանկարչությամբ` հատկապես սեփական «եսը» որոնել է աշխարհի բոլոր ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների բացահայտումներում: Եվ, աստվածապաշտության խորացմամբ, վերջին շրջանում դոմինանտ դարձած ներկայիս «ձեռագիրը» հղկել: Հոգևոր թեմաների առաջնայնացմամբ է ինձանում արթնացած միջնադարի զգացողությունը բացատրում: Մանրակրկիտ աշխատվածութ յունը առանձին կտավների` անխոս վկայում է արվեստագետի վարպետության մասին: Փոքր-ինչ ճնշվում ես գունապատկերային ու թեմատիկ միօրինակությունից, բայց հավաստիանում ես, որ այդպիսով գրաֆիկական ձիրք ունեցող գեղանկարիչը իր զրույցն է ծավալում Աստծո հետ: Իրեն տարիների հետ ամենասրտամոտը դարձած ասելիքի խորին խորհրդին մերձեցնելով իր ստեղծագործությունների նոր ցուցահանդեսի այցելուներին` նրանց փորձում է փոխանցել սեփական հավատի լույսը: Հանդիպաշարում շուտով հայտնվում են Էդուարդ Արծրունյանը, ապա` Վիլիկ Զաքարյանը: Հաջորդը Սամվել Սևադան է լինելու, բայց այս մասին` առանձին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ