Ժակ Շիրակը պատրաստ է պատասխան տալ


Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի նախկին առաջնորդի դեմ` դեռևս Փարիզի քաղաքապետ եղած տարիներին պետական միջոցների վատնման համար: Դատարանը որոշել է, որ նա պետք է պատասխան տա 1983-1998 թթ. ընթացքում ձևական աշխատատեղեր ստեղծելու համար: Ինքը` Շիրակը, բազմիցս հավաստիացրել է, որ այդ աշխատատեղերն անհրաժեշտ են եղել մայրաքաղաքին և հավանության են արժանացել քաղաքային խորհրդի կողմից: Այդուհանդերձ, նրա դեմ քրգործ է հարուցվել դեռևս 2002-ին, երբ նա Ֆրանսիայի նախագահն էր: Եվ հետաքննությունը պարզել է, որ 1987-1995 թ. նրա կատարած ընդունե լությունները և քաղաքապետարանի կողմից սննդամթերքների գնումը պետության գանձարանից վատնել են 2,21 միլիոն եվրո: Ընդ որում, 1,45 միլիոնը` անմիջականորեն Շիրակի ընտանիքի անդամների կողմից: Պետության ղեկավարի հատուկ կարգավիճակը, սակայն, թույլ չի տվել` Ֆրանսիայի նախագահին դատական պատասխանատվության ենթարկել: Հիմա արդեն արդարադատության ձեռքերն ազատ են: Տեղին է նշել, որ Ժակ Շիրակը հիմա 75 տարեկան է: 4 տարի առաջ ուղեղի թեթև արնազեղում է տարել: Նա 12 տարի եղել է պետության ղեկավար, 2 անգամ` վարչապետ և 18 տարի` Փարիզի քաղաքապետ: Այս տարի մարտին նա ստեղծել է «Շիրակի» հիմնադրամ` հանուն մշակույթների միջև երկխոսության ու կայուն զարգացման: Իսկ անցյալ դեկտեմբերին նա դարձավ Ֆրանսիայի առաջին էքս նախագահը, ում հետամտում է արդարադատությունը: