ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԻԶԲ ԵՎ..


Հայ-թուրքական հարաբերությունները տասնամյակներով շղարշած սառցապարիսպն աստիճանաբար սկսում է հալչել: Ընդ որում, այլևս կարելի է արձանագրել, որ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը վերականգնվող դիվանագիտական հարաբերությունների ոչ այնքան պատճառն էր, որքան առիթը: Ու արդեն իսկ կարելի է արձանագրել, որ նշված հանդիպումը լավագույնս ծառայեց իր նպատակին: Համենայն դեպս, հակառակ հոռետեսների կանխատեսումների` խաղն առանց միջադեպերի անցավ, իսկ «Հրազդան» մարզադաշտում տասնյակ հազարավոր մարզասերներ, այդ թվում նաև Թուրքիայի հավաքականի երկրպագուներն էին ժողովվել: Զուգահեռաբար նկատելի էր թե° ակտիվ հանդիսատեսի թեկուզև անուղղակի, բայցև անթաքույց ոգևորությունն ու պատմական հանդիպումը վայելելու սպասումը: Իհարկե, հաճախ է պատահում, որ տվյալ մարզական միջոցառումը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ է ընթանում: Սակայն տվյալ դեպքում «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցածը վաղուց հասունացած և արդեն կայացած դիվանագիտական ձեռքսեղմման կարևորագույն արտահայտությունն էր: Դրացիական հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու նախադրյալները վաղուց էին հասունացել: Սեպտեմբերի 6-ին նախորդող շաբաթներին քարոզչական դաշտում հետևողականորեն կարևորվում էր Ա. Գյուլի` Երևան ժամանումը: Համենայն դեպս, թուրքական հեղինակավոր պարբերականները (ի տարբերություն ադրբեջանականի) առիթը բաց չէին թողնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները ամենադրական բնորոշումներով կարևորելու հանգամանքը, ինչն ինքնին վկայում է, որ Թուրքիայի նախագահի Երևան ժամանումը ավելի ուշ թուրքական մամուլի վաղօրոք արված կանխատեսումների վավերացման արտահայտությունն է դառնալու: Իր հերթին Հայաստանի նախագահը նույն այդ թերթերից մեկին տված հարցազրույցում նշել է. «Մենք հարևաններ ենք: Պատմության մեջ դժվարին ժամանակներ ենք ունեցել: Սակայն Հայաստանը պատրաստ է հարաբերությունների զարգացմանը, և նույնն էլ ակնկալում ենք Թուրքիայից»: Այսպիսով, երկու նախագահների` միմյանց փոխլրացնող գնահատականներում նախքան սեպտեմբերի 6-ն էլ արդեն փաստվում էր, որ անկախ խաղի ելքից` ամենամոտ ապագայի ձեռքբերումներն արդեն իսկ շոշափելի և առարկայական են լինելու: Ինչ խոսք, հրաշալի կլիներ, եթե հայկական կողմին նաև մարզական բախտը ժպտար, և աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ հանդիպումը Հայաստանի ֆուտբոլային ընտրանին հաղթանակով կամ գոնե չեզոք հաշվով ավարտեր: Սակայն տեղի ունեցածը չշեղվեց բուքմեյքերների կանխատեսումների սահմաններից: Մեկնարկը տրված է: Այնպես որ, ՀՅ Դաշնակցությունը, ով վերջին շաբաթներին պարզապես տարերքի մեջ էր կամ պետք է հաշտվի ժամանակի պահանջով թելադրված նոր խնդիրների հետ, կամ էլ հետագայում նույնպես կուսակցական հայրենասիրության արդեն ծանոթ դրսևորումերը կիրառի: Թեպետ հանուն ճշմարտության հարկ է խոստովանել, որ գոնե հարաբերություննների վերանայման ֆոնին դաշնակցականների միջոցառումներն էլ իրենց ուրույն տեղն ունեին: Այն պահին, երբ հայ և թուրք ֆուտբոլիստների բազմամարդ խմբերը ոգևորված բացականչություններով դեպի մարզադաշտ էին շտապում, Ծիծեռնակաբերդի բարձունքից գիշերային Երևանն էին լուսավորում նաև դաշնակ երիտասարդների վեր պարզած ջահերը` իբրև վկայություն` որ անկախ ամեն ինչից` ոչ ոք չի մոռացվել, և ոչինչ չի մոռացվել: