Հանուն ինչի՞


…Հետո էլ ասում են, թե մեր ժամանակներում դժվար է մարդկանց զարմացնել: Ինչպե՞ս չզարմանաս, երբ օպտիմալացում կոչված «հրեշի» անվան տակ փորձառու (ոչ միայն թոշակային տարիքը լրացած) մանկավարժներին են «վտարում» դպրոցներից, թե իբր, երիտասարդներին է տրվում առաջնությունը: Ոչ միայն ընկալելի, այլևս ընդունելի չի կարող լինել արատավոր այս պրակտիկան: Բայց արի ու տես, որ ցանկության դեպքում կարելի է նաև աշխատանքները ձախողող պաշտոնյային «պահպանել»` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո էլ: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի մասին է խոսքը: Նրան տասնամյա նոր հոբելյաններ մաղթելով, չենք կարող սակայն չանդրադառնալ նրա հետ քաղաքապետի կնքած նոր պայմանագրի առնչությամբ ծավալվող խոսակցություններին: Եթե կենսաթոշակային տարիքը լրացած հեռավոր ինչ-որ գյուղի մասնագետ մանկավարժի կամ նույնիսկ տնօրենի անփոխարինելիության խնդիր լիներ, կարելի էր «ըմբռնումով լռել». կազմակերպչական բարձր ունակություններով կադրեր ու մասնագետ հեռավոր գյուղը կարող էր և չունենալ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի կրթվարչության պետի պարագայում` և° կազմակերպչական պատրաստվածության, և° մասնագիտական հմտություններով օժտված կադրերի գերառատության պայմաններում առնվազն զարմանալի է Երքաղաքապետի դիրքորոշումը: Ինչպես հայտնի է` Օ. Վաթյանի հետ նա աշխատանքային պայմանագիր է կնքել պաշտոնավարման ժամկետի մասին: Հետաքրքիր է` ազգաշահ կրթանվեր ի՞նչ անհետաձգելի գործ է կիսատ մնացել, որը շուրջ մեկ տասնամյա պաշտոնավարման ընթացքում նա չի կարողացել ավարտին հասցնել ու էլի մի քանի ամիս է պետք` «հաղթական ավարտի» համար: Քաղաքապետին պետք է, որ դեռ մեկ, երկու տարի առաջ հայտնի լիներ` տարիքի հառաջացման բերումով կրթվարչության պետին փոխարինող էր հարկավոր պատրաստել: Եթե նույնիսկ նրա տեղակալներին շրջանցենք, ապա ամեն տարի մանկավարժական գիտությունների մի քանի տասնյակ դոկտորներ ու թեկնածուներ են «ծնվում», ի՞նչ է այս պարագայում երիտասարդները հավատ չե՞ն ներշնչում: Ամենազավեշտալին ու տխուրը, սակայն, մայրաքաղաքի դպրոցներում ապօրինությունների ու կոռուպցիայի տարածվածության մասին հրապարակումներն են, որոնցով ողողված է մամուլը: Նույնիսկ տնօրենների պաշտոնի սակագներ են նշվում. քաղաքի կենտրոնի դպրոցներում` 8.000-12.000, արվարձաններում` 6.000-8.000 դոլար: Այս թեմայով որևէ հրապարակում չի հերքվել: Կամ ասվում է բացեիբաց, որ ավարտական դասարանների բազմաթիվ աշակերտներ գրանցված են նաև մերձերևանյան գյուղերի դպրոցներում և երկու ատեստատ են ստանում` ոչ մի դպրոցում գրեթե դասի չհաճախելով: Դե, արդեն սովորական երևույթ է, որ ավարտական դասարանների աշակերտները սեպտեմբերյան առաջին օրերից հետո ոչ թե դպրոց են հաճախում, այլ կրկնուսույցների մոտ են 2-3 առարկայից գիտելիքներ ստանում: Գրվում է, խոսվում, բայց` ոչ մի արձագանք: Ավելին, մի շարք տնօրեններ ատեստատներում կեղծում են գնահատականները, Երևանում չլինելով` երևանյան դպրոցի շրջանավարտի վկայական ստանում: Մասնավորապես, օրինակ, «Զորավիգ»-ը քանիցս անդրադարձել է թիվ 175 դպրոցում հայտնաբերված փաստին. Հունաստանում գործող «Երևանցի աշակերտուհին «ավարտական քննություն է հանձնել» և… ատեստատ ստացել»: Քաղաքապետարանի կրթվարչությունը նախ փորձել է հերքել հրապարակված փաստը, բայց խմբագրությունը տպագրել է նաև շրջանավարտի մեկնման ամսաթիվը, ժամը, չվերթը: Քաղաքապետարանը դրանից հետո հավատարիմ է մնացել լռելու իր սկզբունքին` այս մի ապօրինությունն էլ թողնելով անարձագանք` ինչպես թերթերի մյուս հրապարակումները: Օրինական չէ՞, ուրեմն, այն տարակուսանքը, թե նման իրավիճակում քաղաքապետի կողմից կոպտորեն խախտվում են օրենքները` աշխատանքների ձախողման պատճառով հասարակայնության բացասական կարծիքը վայելող պաշտոյայի հանդեպ: Ի դեպ, երևանյան դպրոցների հեղինակության անկումը մի՞թե համակարգի ղեկավարների անբավարար աշխատանքների հետևանք է: Առավել ևս` երբ ոչ թե սոսկ ընտրության, այլ լավագույնների միջև ընտրության մեծ հնարավորություն կա: Հուսանք` այս անգամ գոնե Երևանի քաղաքապետը կարձագանքի հրապարակմանը, անսալով գեթ առաջիկա ընտրությունների նախօրյակին սեփական վարկանիշը բարձրացնելու անհրաժեշտությանը և մի փոքր էլ` հարցի կարևորությունը գնահատելով: «ԱՎԱՆԳԱՐԴ»