ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ


Հետաձգված հանրահավաքն այդպես էլ չխանգարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի «կուտակված» ասելիքն ասուլիսի միջոցով հանրությանը հրամցնի: Իհարկե, մեծ հաշվով լրատվամիջոցների համար տարբերություն չկա, թե մտքի «կուտակումը» բանախոսը հանրահավաքո՞ւմ, թե ասուլիսում կպարպի: Այլ հարց է, որ եթե չլիներ ասուլիսը, ապա գոնե կարելի կլիներ հուսալ, թե առաջիկա ուրբաթահավաքը գուցեև փոքր-ինչ կտարբերվի նախորդներից: Մինչդեռ այս ամենը վերստին վկայում է ոչ միայն շարժման` փակուղում հայտնվելը (ինչը վաղուց արդեն կայացած փաստ է), այլ, որ պակաս կարևոր չէ, այդ իրողությունը արմատականների կողմից այդպես էլ չընդունելու համառությունը: Փակուղին փակուղի, բայց նորաստեղծ Կոնգրեսին կրկին հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Առաջին Նախագահն ինքը լավ է հասկանում, որ. «Այնպես չէ, որ մենք պահանջեցինք` նա հրաժարվեց: Այդպես ոչ ոք չի հրաժարվում»: Այսքանով հանդերձ, դժվար է կռահել, թե թիմի հաշվարկն այդ ինչ լավատեսության վրա է հիմնված, և կամ գոյություն ունի՞ այստեղ քաղաքական հաշվարկ կոչվածին մոտ ինչ-որ բան: Այս մի գնահատականի առկայությունը թերևս ինչ-ինչ վերապահումներով կարելի է հաստատել… Առաջ է քաշվել ամենաանհավանական պահանջը, ու հանրահավաքային փորձերով թիմը ծրագրում է հատկապես այդ մի պահանջի իրագործմանը հասնել: Ինչ խոսք, պահանջատերերին (՞) նույնպես հասկանալի է, որ ինչպես իրենց առաջնորդն է ասում «այդպես ոչ ոք չի հրաժարվում», սակայն եթե այս մի նպատակը չի իրականանում, ապա այն գոնե ամիսը մեկ-երկու անգամ հանրահավաք անցկացնելու երաշխիքներ ստեղծում է: Միտինգաշարերն, իհարկե, հարթակային հռետոր դարձած երբեմնի պետական գործչին ոչինչ էլ չեն տալիս, բայց «Հրաժարական» կարգախոսով միտինգային դրոշն այն հարմար պատրվակն է, որի շուրջը միշտ էլ կարելի է ինչ-որ քանակությամբ բողոքավորների հավաքել: Մյուս կողմից էլ` այսչափ անհեռանկարային գործելաոճն, իհարկե, բնորոշ չէ առաջին Նախագահին: Հենց այդ պատճառով էլ նա վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է սկսել քննարկել իր իրավահաջորդի խնդիրը: Եվ սովորաբար գնահատականներ տալիս ոչ այնքան շռայլ այս գործիչը այլևս սկսել է շոյող ածականներ չխնայել` թիմի առանձին ներկայացուցիչների մասին խոսելիս: Իսկ նման ակնարկները ոչ այլ ինչի, քան ներքին իրավիճակի էլ ավելի փակուղային դառնալուց հետո, իր իսկ կողմից ընտրվելիք թեկնածուներից մեկին ընդդիմության առաջնորդի թագը սիրահոժար կերպով զիջելու ընդգծվող պատրաստակամության մասին է վկայում: Մեկ այլ պարագայում առաջին Նախագահը մտքովն անգամ չէր անցկացնի անգամ նման սցենար քննարկել, բայց, ինչպես հայտնի է, Կոնգրեսի առաջնորդը պարտվել, առավել ևս այդ պարտությունն ընդունել չի սիրում: Համենայն դեպս, Նախագահի ընտրություններին հաջորդած ամիսներին նրա գործունեությունը գերազանցապես այս պնդման օգտին է խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը շարունակաբար պահանջելը կարճ ժամանակ հետո ծիծաղելի իրավիճակում կդնի հենց իրեն` Լ. Տեր-Պետրոսյանին: Ահա թե ինչու է վերջին շրջանում մեղադրանքների սլաքը հատկապես դեպի Ազգային ժողով ուղղվում` իշխանությանն անուղղակիորեն հուշելով, թե նոր խորհրդարանի ընտրությունը ընդդիմությանը հրապարակներից հեռու պահելու լավագույն տարբերակներից մեկը կարող է դառնալ: Այլ հարց է, որ արմատականների այս մի պահանջն էլ չի իրականանա, որքան էլ այն անուղղակիորեն և ամենայն նրբանկատությամբ մատուցվի: Իսկ առավելագույնը, ինչը հասունանում է խորհրդարանում, Ազգային ժողովի նախագահի փոփոխությունն է, բայց դա էլ արդեն Լ. Տեր-Պետրոսյանի պահանջների շրջանակում չէ: