Շնորհավորում ենք Ավանդույթները շարունակվելու են


Աժ չորրորդ գումարման աշնանային նստաշրջանի մեկնարկային քառօրյայի առաջին օրը, քվերակության մասնակիցների ճնշող մեծամասնությամբ ԱԺ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ: Այդ ընտրությունն, իհարկե, սպասված էր ու ողջունելի: Գործընկերներն, իսկապես, հարգում ու վստահում են երիտասարդ պատգամավորին և վստահ են, որ նա արժանապատվորեն կգլխավորի նաև բարձր համբավ ու հեղինակություն վայելող հանձնաժողովը: Արմեն Աշոտյանն ինքն էլ չի թաքցնում, որ դա բավական պարտավորեցնող է ու նաև հավաստիացնում է, որ այսուհետ ևս շարունակվելու է հանձնաժողովի գործնական ակտիվությունը` նորանոր նախաձեռնություններով հանդես գալու ավանդույթներով: - Արդյունավետ աշխատանքի համար նախ և առաջ անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների և մեր բոլոր գործընկերների համերաշխ ու հետևողական աշխատանքը: Իհարկե, կարևորում եմ նաև համագործակցությունը Կառավարության համապատասխան բոլոր օղակների, նախարարությունների հետ: Մեր աշխատանքներում հասարակական կազմակերպությունների ու կառույցների ներգրավումը նույնպես անհրաժեշտություն է` նրանց խնդիրներին ու հարցերին վերաբերող օրինագծերի քննարկման ժամանակ: Կարծում եմ, այդ երեք գործոնների առկայության դեպքում միայն մենք կարող ենք նոր հաջողություններ արձանագրել: Ինչ վերաբերում է առաջնահերթ ներկայացվող օրինագծերին, ցանկանում եմ նշել, որ հանձնաժողովում չեն եղել և չեն լինելու անկարևոր կամ, այսպես կոչված ժամանակավրեպ օրինագծեր: Հանձնաժողովի բազմաթիվ անդամներ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներ են և նախկինում էլ ամենօրյա աշխատանքի արդյունքում աչքի են ընկել ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախաձեռնողականությամբ: Ի դեպ, ոլորտը բավական ծանրաբեռնված է (եթե ոչ ամենածանրաբեռնվածը), և ի պատիվ հանձնաժողովի նախկին նախագահ Հրանուշ Հակոբյանի, պետք է արձանագրել, որ նա թողել է բազում բարի ավանդույթներ և աշխատասիրության անսպառ պաշար: Կարծում եմ` համատեղ ջանքերով նորանոր նախաձեռնություններ կարող ենք կյանքի կոչել: Երդվեցրե°ք, բայց... Մինչ պատգամավորները կանցնեին ԱԺ օրակարգի քննարկմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը առաջարկեց նորընտիր պատգամավորների համար նույնպես պարտադիր համարել խորհրդարանի կանոնակարգով սահմանված երդման արարողությունը: Արարողակարգն, իհարկե, պետք է պահպանել: Բայց դա իբրև հատուկ պահանջ հնչեցնելն ակամա հիշեցրեց հատկապես այն երդումները, որոնք գրեթե չեն էլ կատարվում: Այդուհանդերձ, թող չթվա, թե դեմ ենք պատգամավորներին երդվեցնելուն: Բայց ուզում ենք, որ «երդվյալներն» էլ երդմնազանց չլինեն: Եվ հետո, ժողովուրդը սովոր է իր «ընտրյալների» երդումներին, խոստումներին` նույնպես: Բայց, եթե դա հերթական տեքստի ընթերցում պետք է դառնա, արժե՞ արդյոք երդվել, քանզի Սուրբ գրքում գրված է` «մի° ստիր»…