Ո՞վ կլինի Սպիտակ Տան հաջորդ տերը


Ավարտվեցին ԱՄՆ երկու խոշորագույն քաղաքական կուսակցությունների` դեմոկրատների և հանրապետականների համագումարները, որոնք, օրենսդրությամբ սահմանված կարգով, արդեն պաշտոնապես առաջադրեցին իրենց թեկնածուները` Նախագահի առաջիկա ընտրություններում: Իհարկե, այդ համագումարներից դեռ շատ առաջ երկու թեկնածուների անուններն էլ հայտնի էին ոչ միայն ամերիկյան ընտրողներին, այլև համաշխարհային հանրությանը: Համագումարներում ընդամենը հայտնի դարձան միայն փոխնախագահների թեկնածուները, որոնց, սահմանված կարգի համաձայն, առաջադրում են արդեն նախագահի թեկնածուներն իրենք: Դրանով ընդգծվում է, որ ամերիկյան իրականության մեջ փոխնախագահի պաշտոնը առանցքային չէ: Այն վերապահությամբ, որ գործող նախագահի համար իր պաշտոնավարումը շարունակելու անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալիս փոխնախագահն անհապաղ երդում է տալիս որպես նախագահ` մեկ ակնթարթում գրեթե ոչնչից վերածվելով ամեն ինչի: Բայց այս ամենից ավելի կարևոր է այն հարցը, թե նախագահի երկու թեկնածուներից ո՞վ կհաղթի: Գնահատականները, ինչպես միշտ, տարբեր են: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ և այսօրվա վարչապետ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, թե հանրապետականները ամենևին վստահ չեն իրենց թեկնածու Ջոն Մակքեյնի հաղթանակի մեջ, ու նաև Մակքեյնի վարկանիշը բարձրացնելու համար Ջորջ Բուշի հանրապետական վարչակազմը հրահրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն` ձեռնարկել օգոստոսի 7-ի արկածախնդրությունը: Իբր, անկախ այդ արկածախնդրության արդյունք ներից, որոնք Վրաստանի համար աղետալի ավարտ ունեցան, Վաշինգտոնում հաշվարկել էին, որ եթե նույնիսկ Ռուսաստանը համարձակվի խաղի մեջ մտնել ու ժանիքներ ցույց տալ, ամբողջ աշխարհում հակառուսական վայնասուն կբարձրանա, և Մոսկվայի հանդեպ ավելի կոշտ քաղաքական վարքագիծ ունեցող հանրապետական Մակքեյնի վարկանիշը կաճի: Ինչպես տեսանք, այդպես էլ եղավ` վրացիների, օսերի, ռուսների արյան հաշվին Մակքեյնի վարկանիշը իսկապես բարձրացավ: Սոցիոլոգիական հարցախույզների վերջին տվյալներով` հանրապետական Ջոն Մակքեյնը 2 տոկոսով առաջ է անցել իր մրցակից դեմոկրատ Բարաք Օբամայից, որից դեռ մինչև Սահակաշվիլու արկածախնդրությունը ետ էր մնում ամբողջ 6 տոկոսով: Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, վիճարկելով Սահակաշվիլու արկածախնդրությունը Վաշինգտոնի հրահրմամբ բացատրելու պուտինյան մեկնաբանությունը, կտրականապես հայտարարում է, թե «Օբամայի հաղթանակը երաշխավորված է», Օբաման «երկրորդ Ջոն Քենեդին է», նրա նախագահ դառնալուց հետո ամերիկյան արտաքին քաղաքականության արկածախնդրությունը հասնելու է իր վախճանին, «ամեն ինչ իր տեղն է ընկնելու», հարաբերությունները կարգավորվելու են Ռուսաստանի հետ, իսկ Սահակաշվիլին քավության նոխազ է դառնալու: Ո՞ր կանխատեսումն է ավելի հավանական: Անկեղծ ասած, վերջին հաշվով դա մեր գործը չէ: Ամերիկացիներն իրե'նց նախագահին են ընտրելու: Սակայն հաշվի առնելով Միացյալ Նահանգների հսկայական քաղաքական կշիռն այս մոլորակում, նկատի ունենալով, որ ով էլ Սպիտակ Տան նոր տիրակալը դառնա` վիթխարի ազդեցություն է գործելու համաշխարհային քաղաքական կլիմայի վրա, անտարբեր լինել չենք կարող բառացիորեն ամբողջ աշխարհին հետաքրքրող այդ հարցի նկատմամբ: Մանավանդ, ինչպես կյանքն է ցույց տալիս, ամերիկյան իրարահաջորդ նախագահները ամենևին էլ միշտ չէ, որ ողջախոհաբար են գործադրում իրենց գրեթե անսահմանափակ լիազորություններն ու երկրի վիթխարի ռազմատնտեսա կան ներուժը: Այդ տեսակետից, ցավոք, ամենատխուր ժառանգությունը իր հաջորդին թողնում է…ներկայիս նախագահ Ջորջ Բուշը: Թե° դեմոկրատ Օբամային, թե° հանրապետական Մակքեյնին հարկ կլինի լուրջ սրբագրումներ կատարել այդ «ժառանգության» մեջ: Այնուամենայնիվ, նոյեմբերյան ընտրություններում հանրապետական Ջոն Մակքեյնի հաղթելու հնարավորությունները ավելի մեծ են թվում: Ինչու՞: Ամերիկյան հասարակությունը, այսպես կոչված «ամերիկյան միջին ընտրողը», ավելի շատ պահպանողական արժեքների կրող է, հեղափոխական չէ: Նա երաշխավորված անվտանգություն է ուզում, հանդարտ, առանց ցնցումների կյանք: Հանրապետական Մակքեյնը, որ արդեն 72 տարեկան է, հենց միայն իր տարիքի բերումով, իր փորձառությամբ, վիետնամական պատերազմի երբեմնի մասնակցի իր լուսապսակով ավելի մեծ վստահություն կարող է ներշնչել ընտրողներին, քան նրանից ամբողջ 30 տարով երիտասարդ Օբաման: Երիտասարդությունը, փորձի պակասը արատ չեն, իհարկե, առաջինն անցնում է տարիների հետ, երկրորդը ձեռք է բերվում պրակտիկ աշխատանքում: Բայց ավելի հավանական է թվում, որ երիտասարդ Օբաման, իր եռունությամբ, հասարակական կյանքը կտրուկ հեղաբեկելու իր նախաձեռնողականությամբ շատ ավելի ավելի կտրուկ քայլեր կձեռնարկի, քան` Մակքեյնը: Ահա ինչու վերջինս հանրապետականների համագումարում ունեցած իր եզրափակիչ ելույթում անթաքույց հասկացնում էր, որ ինքը «դանդաղ կշտապի», կձգտի հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ և թույլ չի տա «սառը պատերազմի» վերսկսումը, որի առաջ գործնականում հայտնվել է մեր մոլորակը` Բուշ-Կրտսերի մեղքով: Հաջորդ հանգամանքը, որ ավելի հավանական է դարձնում Մակքեյնի հաղթանակը, վերջինիս սպիտակամորթ լինելն է: Ամենևին այն կարծիքին չենք, թե այսօրվա ամերիկյան հասարկությունը չի ձերբազատվել ռասիզմից: Սակայն և շատ դժվար է հավատալ, թե ամերիկացիները վերջին կես դարի ընթացքում լիովին հաղթահարել են իրենց այդ նախապաշարումները: Կես դարը պատմական շատ փոքր ժամանակահատված է` ռասիզմի թույնը լիովին հասարակության միջից հանելու համար: Իսկ ընդամենը 50 տարի առաջ Ամերիկայում նեգրական ծագում ունեցող քաղաքացիներին արգելում էին… գնացքի կամ տրամվայի միևնույն վագոնով սպիտակների հետ երթևեկել: Հազիվ թե այդ հանգամանքը, նույնիսկ ենթագիտակցորեն, չպակասեցնի Օբամայի օգտին քվեարկողների թիվը և չավելացնի Մակքեյնի քվեները: Չէ՞ որ նեգրական ծագման քաղաքացիները այսօրվա Ամերիկայի բնակչության 12,5 տոկոսից ավելին չեն:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ