ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ


Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրել ու ղեկավարում է 20-ամյա դյուցազուն Սերոբ Հանեյանի մայրը` Անահիտ Սարգսյանը (զոհված մարտիկի անունը փորագրված է Քաշաթաղի Փառքի բարձունքում, նրա անունով միջնակարգ դպրոց կա Արցախի Սուս գյուղում), սոսկ տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական ու առողջապահական խնդիրներով չի սահմանափակվում£ Անմոռաց են մնում հատկապես Արցախյան ազատամարտի ռազմադաշտերը նախաձեռնվող ուղևորությունները, որոնք արդեն ավանդական են դառնում£ Հերթականը` այս տարվանը, սակայն, նախորդներից տարբերվում էր. տիկին Անահիտը առաջին անգամ որոշել էր ուխտագնացություն կազմակերպել զոհված ազատամարտիկների ու զինվորականների զավակների համար... Նրանք արդեն միջնակարգն ավարտել, բայց իրենց հայրերին չեն տեսել, եթե անգամ տեսել են, դժվարությամբ են հիշում£ Նրանցից յուրաքանչյուրի համար իր հայրը Եռաբլուրում հավերժացած մահարձանն է, տան ամենաաչքի ընկնող անկյունի սևերիզ լուսանկարը, որի տակ միշտ մոմ է բեկբեկվում ու ջահել մոր սգո հանդերձանքը, որից, երբեք, ոչ մի պայմանով չի բաժանվում£ Եվ ահա զավակները գնում են հանդիպելու իրենց հայրերին, գնում են վերականգնելու արյունակցական այն կապը, որը կյանքը շարունակելու, ճիշտ շարունակելու խթան ու ազդակ է դառնալու£ Ուղևորությունը հովանավորել են Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը, զինկոմը` գնդապետ Ռոմիկ Մարգարյանը£ Բոլորն էլ առաջին անգամ նախաձեռնվող այս ուխտագնացության մեջ առանձնակի իմաստ, խորհուրդ են տեսնում... Ետևում են մնացել Սևանա լիճը, Հայրավանքը, պատմական Սոդքի բարձունքից ոլորուղին գահավիժում է Թարթառի կիրճ£ Այստեղ արդեն հարություն են առնում, հույս, ապագայի հավատ ներշնչում բռնազավթված Շահումյանի վերականգնվող բնակավայրերը` Նոր Մանաշիդը, Նոր Էրքեջը£ Ուխտագնացների առաջին հանգրվանը Դադիվանքն է` եկեղեցական այն համալիրը, որն ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում է հիմնվել, 12-րդ դարում, սելջուկյան ասպատակությունների շրջանում, ամրոցի է վերածվել£ Նույն ճակատագիրն է վերապահված եղել Արցախի հոգևոր բոլոր կենտրոններին` Գանձասարին, Ամարասին, Ծիծեռնա վանքին£ Լեռնաշխարհի վանքերն ու եկեղեցիները, որոնք արցախցիները կերտել են Տիրոջ հետ հաղորդակցվելու, մատյաններ գեղագրելու ու գեղազարդելու համար, օրհասի պահին բերդի են վերածվել, ոսոխի հորձանքը պատնեշել£ Հատկապես վերջին պատերազմի ժամանակ£ Այո°, վերջին, որովհետև 1994-ի` արդեն պատմական դարձած հաղթանակից հետո արցախցին հավատացած է` ոչ մի թշնամու ոտք չի հանդգնի պղծել այս ազատագրված, որդիների արյամբ սրբացած հողը£ Զոհված ազատամարտիկների զավակներին ու այրիներին ուղեկցող սպաները պատմում են, որ Արցախի գոյամարտի վճռական ճակատամարտերից առաջ Դադիվանքում էին մոմ վառում հայ կամավորականներն ու զինվորականները, ուխտում էին առաջիկա մարտը հաղթանակով ավարտել ու իրոք, չնայած անհավասար ուժերին, հաղթում էին£ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, Ֆրանսիայից Արցախ, Հայրենիքին ու հայրենակիցներին օգնության փութացած Հովսեփ Հովսեփյանը, երբ առաջին անգամ Լեոնիդ Ազգալդյանի զորախմբով այս հովիտն է հասել, Դադիվանքով այնպես է զմայլվել, որ երդվել է լեռնաշխարհն ազատագրելուց հետո երկուհազարամյա համալիրում պսակադրվել£ Դա, երևի, այս հինավուրց բնակավայրի ամենայուրօրինակ հարսանիքն էր£ Արդարամարտից հետո նորահարսն ու նորափեսան, հարսանեկան հանդերձանքով, զինվորական ուղղաթիռով Դադիվանք իջան, ստացան քահանայի օրհնությունն ու մինչև լույս շարունակեցին հարսանեկան խրախճանքը£ Հաղթանակի° խրախճանքը£ Ստեփանակերտում հայաստանցի ուխտավորներին հաճելի անակնկալ էր սպասում£ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հանձնարարությամբ նրանց հյուրընկալեցին «Էդ-էմ» հյուրանոցային համալիրում, վարդեր նվիրեցին£ Վարդեր, որոնք Հայաստանի պատվիրակության անդամները շնորհակալությամբ ընդունեցին, բայց հաջորդ առավոտյան Փառքի պանթեոն տարան, զետեղեցին անմար կրակի բոլորակին£ Ստեփանակերտում հայաստանցի հյուրերը եղան նաև զոհված ազատամարտիկների թանգարանում, Վազգեն Սարգսյանի անվան զորամասում, ժամկետային զինծառայողներին նվերներ բաշխեցին£ Իր վեհությամբ առանձնակի տպավորություն թողեց Արցախի անպարտելիության խորհրդանիշը` Գանձասարը£ 1992 թվականի ամռանը, երբ թշնամու հրոսակները վանքի մատույցներն էին հասել, ու թվում էր անխուսափելի է ճակատագրական անձնատվությունը, Գանձասար հասավ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված «Արծիվ-մահապարտ ների» գումարտակը£ Հայաստանցի կամավորականները, որոնք որոշել էին մահապարտներ դառնալ` իրենց կյանքով հաղթանակի հասնելու համար, ոչ միայն ոսոխին ետ շպրտեցին համալիրի մատույցներից, այլև արմատական բեկում մտցրեցին Արցախի գոյամարտում, հայ ռազմիկներին ինքնավստահություն ներշնչեցին սեփական ուժերի, հավատ` վերջնական հաղթանակի նկատմամբ£ Հայաստանի պատվիրակության արցախյան վերջին հանգրվանը Շուշին էր£ Հյուրերը մոմեր վառեցին սուրբ Ամենափրկիչ` Ղազանչեցոց մայր տաճարում, բերդի բարձունքից ըմբոշխնեցին ազատագրված լեռնաշխարհի համայնապատկերը, հպարտացան իրենց հայրերի հաղթանակով£ Այնուհետև, Հագարի կիրճում, Սուս գյուղում նրանք այցելեցին Սերոբ Հանեյանի անվան դպրոցն ու Հայաստան վերադարձան£ Գորիսի մատույցներում, սակայն, Զանգակատան մոտ, նրանց զինվորական ամենագնացներ էին սպասում£ Հայկական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկի զրահատանկային գումարտակի հրամանատարը` մայոր Արմեն Գյոզալյանը, ուխտագնացներին կրակակետ հրավիրեց£ Այդ բարձունքից էին Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի կամավորականներից շատերը Արցախ` պատերազմի գնացել, այստեղ էին մղվել Հայաստանը ազատատենչ լեռնաշխարհին կապող կենսուղու մարտերը£ Ուխտավոր ները ռազմավարժական պարապմունքներ դիտեցին, ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասի դահլիճում մինչև ուշ գիշեր համատեղ համերգ տվեցին, գիշերը քնեցին զինվորական վրաններում£ Չէ՞ որ զոհված ազատամարտիկների որդիները նույնպես վաղը հայկական բանակի զինվորներ են դառնալու£ Այժմ արդեն նրանք այդ օրվան անհամբերությամբ կսպասեն£ Այս ուխտագնացության ընթացքում նրանց հայրերը, ճիշտ է վաղուց արդեն չկային, բայց հաղթել սովորեցրին£ Սովորեցրին այն ամենկարևորը, որ դարձել է մեր ազգային կենսակերպն ու ինքնությունը£ Հավատամքը£

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ