Կովկասյան իրարանցում` ռուսական մոտիվներով


Կովկասյան վերջին իրադարձությունները, թերևս, կնպաստեն նաև հայ-թուրքական հարաբերությունների սկզբնավորմանը: Ճիշտ է, մինչ օգոստոսյան պատերազմն էր սկսվել նախագահ Ս. Սարգսյանը քաղաքական կամք էր դրսևորել` Թուրքիո իր պաշտոնակցին Երևան հրավիրելով: Բայցև անհերքելի է, որ այս հարցում ակամա որոշիչ «դերակատարում» ստանձնեց գերտերությունների շահերի բախման կիզակետ Վրաստանի պահվածքը: Այո°, հարևաններին չեն ընտրում, և բոլոր կողմերի շահերից է բխում տարածաշրջանային կայունությունը: Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը պետք է դեպի իր ռազմավարական դաշնակից Հայաստան այլընտրանքային ճանապարհ ստեղծի: Իսկ այսօրվա պարագայում այս գերտերության մուտքը Սև ծովով Հայաստան հնարավոր է միայն Թուրքիայով: Ահա թե ինչու ավելի օրախնդիր է դարձել սահմանների բացումն ու Գյումրի-Ղարս երկաթուղու վերագործարկումը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան երբեք չի ցանկացել և դժվար թե կամենա էլ առճակատում ունենալ «Հյուսիսային հսկայի» հետ: Ուստի, անգլիական դիվանագիտության ժառանգորդ պաշտոնական Անկարան նրբահնար խուսավարումների է դիմում. առաջարկում է կովկասյան անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծել, որում հաշվենկատորեն դեռևս ընդգրկված չէ Իրանը: Բայց կովկասյան հարցերում պարզապես անկարելի է անտեսել օրըստօրե հզորացող այդ պետությանը, ինչը հավանական է դարձնում, որ Պարկաստանն էլ անդամակցի ստեղծվելիք դաշինքին: Փաստորեն, Ռուսաստանը ստանձնում է խաղաղարար-հաշտեցնողի պարտականությունները, ինչի իրագործումը դյուրին խնդիր չէ: Ինքնին վերստին առաջ է մղվում ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտության հիմնախնդիրը` ուրվագծելով հնարավոր նոր որակում. Թուրքիայի և Հայաստանի միջև Բաքուն կարող է սեպ դառնալ: Այսօր իսկ Ադրբեջանը խիստ անհանգստության նշաններ է ցուցաբերում` այսպես կոչված «Կովկասյան տան» ստեղծման առնչությամբ` մտավախելով, որ կարող է թուրքական գամբիտի մեջ օգտագործվել: Այսինքն` որ կարող է բերվել «տարածքային ամբողջականություն» հորջորջյալ երազանքը, և ազատագրված շրջաններից որոշների վերադարձման դեպքում Թուրքիան կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայցևայնպես, պետք չէ մոռանալ, որ մենք գործ ունենք 1915 թ. հայերի բնաջնջում իրագործած, Հայաստանի անկախ Հանրապետությունը 15 տարի շրջափակման մեջ պահած օսմանցու հետ, ով ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին սառը ռազմական հետախուզական, քարոզչական, հոգեբանական-տեղեկատվական պատերազմում: Պետություն, որը առիթը բաց չի թողնի` Ադրբեջանի միջոցով Արցախն ու Սյունիքը բռնազավթելու ծրագիրն իրականացնել: Եվ ամենակարևորը` Անկարան նոր հնարադիր մեթոդներով է փորձում խուսանավել գործած ոճրի պատասխանատվությունից: Իբր ցեղասպանության փաստերն ուսումնասիրող ինչ-որ հանձնաժողովի միջոցով էլ նա փորձելու է նենգափոխել եղելությունը` այլ պատկեր ներկայացնելով միջազգային հանրությանը: Իհարկե, նաև տեղական տնտեսության վրա աներևակայելի գրոհ է սկսելու թուրքական հզոր շուկան: Հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ հավաքվելիս, մեր պետական այրերը անպայմանորեն հաշվի կառնեն ՀՀ ազգային անվտանգության նշյալ ռիսկերը` սահմանների բացման պայմանավորվածությունները վավերացնելուց առաջ: Հարկավոր է ի մտի ունենալ և այն իրողությունը, որ մենք աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող դիրքում ենք. Հայաստանը Կովկասի խաչմերուկն է, և անհրաժեշտ է հնարավորինս առավելագույն օգուտ քաղել այդ հանգամանքից: Կայուն` ամուր հիմքերի վրա զարգացող պետության տեսլականը իրականության վերածելուց հետո միայն կկարողանանք արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել նույն Թուրքիայի հետ, որպեսզի այլ պետությունների շահերն ավելի չգերադասվեն, և մենք նորից թղթե շերեփով չհայտնվենք աշխարհաքաղաքական խաղերի վայրիվերումներից քշվածի կարգավիճակում:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ