Կրկին Շեքսպիրի հետ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ամենավճիտ կենսակունքը


Աշնանային փառատոնային գերթանձր շրջապտույտում իրեն հաստատած երևանյան շեքսպիրյան միջազգային թատերատոնը` «Արմմոնո»-ի «իրավահաջորդը», նրա իսկ հեռատեսությամբ, այս տարի հայ արվեստասերին ներկայանում է առավել ընդգրկուն բովանդակությամբ: Եվ վաղուց միջազգային ճանաչման արժանացած Ռոբերտ Ստուրուայի 70-ամյա հոբելյանը մեծարող երեկոյով իր երկշաբաթյա ծրագրին անմիջականորեն հաղորդակցվելու հոգևոր պահանջ արթնացնում: Համաշխարհային թատերաբեմի ամենաերկարակյաց դրամատուրգի բազմաշերտ ու մշտահմա ժառանգության հանրահայտ գոհարների նորաստեղծ մեկնաբանությունների մեջ նրա անմահության գաղտնիքը վերստին որոնելու: Արտերկրի տարբեր թատերամբերի 16 աշխատանքներից շատերը համլետյան բարդույթի մերօրյա աղերսների շուրջ են խմորվում, անլուծելի մնացած «լինե՞լ, թե չլինել» գորդյան հանգույցի վերծանման: Եվ առաջինի պատիվը տրված է իր շեքսպիրիանայով միջազգային թատերական ասպարեզում տասնամյակներ անընդմեջ հուզող ու գերող Ստուրուայի «Համլետ»-ին: Իր իսկ խոստովանությամբ, ամեն փորձ նոր վարկած է: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի գեղարվեստական դիմագիծը կես դար անխոտոր բյուրեղացնող, շուրջ 100 բեմադրություններ հեղինակած մեծանուն թատերադիրիժորի երևանյան այս «Համլետ»-ը ուշագրավ է հենց նորի որոնումների բեմական այլընթերցանությամբ և, անշուշտ, Ստուրուայի կրթած դերասանախմբի անշփոթելի կատարողական վարպետության կոնկրետ արտահայտություններով: Դրանց դյուրըն կալմանը նպաստավոր` բարտոշևիչյան «Ազնիվ ուրվական», «Լինել, թե չլինել», «Մնացյալը լռություն է» թատերագիտական արժեքավոր դասախոսությունների հենքի վրա: Մեր մշակույթի հետագա ճակատագրով կրակված հայ թատրոնի գործիչների, առհասարակ մտավորականության համար, ովքեր ստեղծագործական-բարեկամական անքակտելի մտերմությունն են վայելուոմ մեծահամբավ վրացի արվեստագետի կամ պարզապես ակնածանքով խոնարհվում են նրա բեմական հզոր տեսիլքի ու չկապանքվող արարման խորախորհուրդ կախարդանքի առջև, հոբելյանական հանդիպումը մշակութային արևածագի հույս է ներշնչում: Օպերային թատրոնի ներկայացուցչական հանդիսաս րահում ենթադրում են «Սայաթ-Նովա»-ի նրան առաջարկված բեմադրության իրականացման մասնակիցն ու ականատեսը լինել: Ակնկալում են Ստուրուայի հարուստ բեմափորձի ու մշտանորոգ ստեղծագործական մտքի կարևոր ներարկումով ելք գտնել արդի հայ օպերային արվեստի ներկա տարերահորդ ճգնաժամից: Գուցե թե լայնատարած հակամշակութային հեղձուկի մթնոլորտը այդ լիարժեք օզոնային հոսանքով գեթ մասամբ նոսրացնելու հանապազօր պահանջի մոտալուտ բավարարման հավատն է խանդավառ պահում երեկոյի մասնակիցների տրամադրությունը: Վերջերս տարօրինակ դրսևորումներով ի հայտ եկող հայկական «երախտագիտության» կանխարգելման կոնկրետ նշանով ամրապնդված: Տոնամուտին երևանյան շեքսպիրյան փառատոնի նախագահը, նախևառաջ, գնահատում է իր նախաձեռնության իրագործման աջակիցներին` ամենաառատաձեռն հովանավորին` «Վիվասել» առաջատար բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհելով ՀԹԳՄ ոսկե մեդալ: Վերջինիս մշակութային մեկենասական ակտիվությունը, որպես Հայաստանի քաղաքացի ստանձնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ոչ միայն բարձր դրվատանքի, այլև ընդօրինակման են արժանի: Երեկոն ծավալվում է այնուհետև իր բնականոն հունով: Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղար Թոբիաս Բիանկոնեն թռուցիկ ներկայաց նում է Ռոբերտ Ստուրուայի անցած երկարամյա թատերաճամփան, որը մինչ համընդհանուր դափնիներով ողողվելը նորամերժ բազում փշեպսակներով է պատված եղել: Պաշտոնական ուղերձներն ու հոբելյանական պարգևները ինքնահատուկ արժանապատվությամբ է ընդունում հոբելյարը, ուշիմ հանդիսատեսի նման հետևում գեղարվեստական ելույթներին, բեմի խորքում մերթ ընդ մերթ լուսավորվող պաստառի վրա ցուցադրված տեսանյութին, որով խիստ մոտավոր պատկերացում միայն կարելի էր կազմել նրա շեքսպիրապատումի մասին: Սկսած «Ռիչարդ III»-ից, «Արքա Լիր»-ից մինչև «Համլետ» ու «Մակբեթ»: Ականաջալուր իր արվեստին տրվող բարձր գնահատականներին, որ պատկերավոր հնչեցնում են Հակոբ Ղազանչյանն ու Դավիթ Մուրադյանը, Ալեքսեյ Բարտոշևիչն ու Անջեյ Ժուրովսկին, Երվանդ Ղազանչյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, Ռևազ Գոչեչելաձեն ու Կարեն Դուրգարյանը, մեղադրյալի անսովոր զգացողությամբ յուրատիպ դատավարությանը ներկա համեստ (կորսվող հատկանիշ` հատուկ միայն Մեծերին) արվեստագետը իրեն հատուկ հեգնաշերտ հումորով եզրափակում է մեծագովությունները` երախտապարտ վաղեմի հայ բարեկամների սրտակից վերաբերմունքի համար. «Ինչ-որ առումով երջանիկ են թատրոնի մարդիկ: Օրըստօրե մռայլվող իրականությանը նրանք հնարավորություն ունեն դիմագրավելու իրեն երազած կյանքը բեմավորելով: Այս երեկոն ինձ համար գնահատելի է, ամենից առաջ, որպես հայ վրացական դարավոր բարեկամության նորահաստատում»: Քաղաքական հայտնի խառնաշփոթի բերումով հրաժարված լինելով հոբելյանակատարումից` ի սկզբանե ամեն կարգի գովաբանական անձնավորված թիսակարգ բացառող Մշակույթի պատվավոր քաղաքացին գերադասում է հանրությանը իր սրտի խոսքն ասել ուրույն թատերալեզվով` արարելու համար չբավականացնող կենսաժամերը ջանալով փայփայել ու պահպանել պրոզայիկ ներխուժումներից, վատնում ներից: Եկեք մենք էլ համբերատար հետևենք երևանյան միջազգային շեքսպիրապատումի ընթացիկ արտահայտություններին` Չեխովի անվան գեղարվեստական մոսկովյան թատրոնի «Համլետ»-ից` եզրափակիչ ներկայացումից հետո միայն...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ