ՔՐԴԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ


 

 Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժիններն ամփոփվում են հիմնական մի քանի  ուղղություններում:

Նախ անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի և անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան «արտոնված» և նվիրականացած ռազմական օժանդակությունը թուրքական տարածքներից և կայաններից է անցնում` հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով կամ կիսաբացահայտ ձևով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներն իրե´նք են հայտարարում տեղի թյուրքմեններին զինելու և ընդհանուր շարժմանը զորակցելու աշխատանքների մասին:

Զինական և ֆինանսական հոսքը Թուրքիայից Սիրիա ընդգծում է Անկարայի շահագրգռվածությունը սիրիական իրադարձություններին: Այստեղ հարկ չկա կենտրոնանալ հայտարարողական մակարդակի վրա կատարվող թատերականացումներին: Նախ մերձեցման, ժողովուրդների եղբայրացման մասին պաշտոնական ելույթներ, «զերո խնդիրների» արտաքին քաղաքականության վարքագծի շեփորում, բազմաոլորտ պայմանագրերի կնքում և մուտքի արտոնագրերի ջնջում: Եվ ապա` հազիվ դեպքերը սկսված` կեցվածքների 180 աստիճան տրամագծային փոփոխություն, ցեղապաշտական և արյունարբու վարչակարգի բնութագրումներ, թուրքական խորհուրդներն անտեսած լինելու հիշեցումներ, սպառնալիքներ…

Սիրիայի թյուրքմեններին զինելու բացահայտ դիրքորոշումը ուղղակի հակակշիռ քայլ է և կապվում է քրդական գործոնի նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության հետ: Անվտանգության գոտու ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները ևս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրի` քրդական թղթածրարի հետ: Թուրքիայի արտգործնախարարի շտապելը հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան և նախագահ Պարզանիի հետ տեսակցությունը ևս գլխավոր այդ մտավախությունից է բխում: Մինչդեռ միջազգային մամուլի էջերին տարբեր դիտանկյուններից վերլուծվում է «քրդական գարուն»-ի գալուստը… Իսկ նոր Քուրդիստանն ամենից շատ մտահոգում է ապահովության գոտիների ձևավորում ձեռնարկած Անկարայի կառավարիչներին:

Նայենք համապատկերին: Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները` իրենց ռազմաարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզրյա Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտու դիմաց ռուսական գոտի է ենթադրում:

Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում են գոտիների ձևավորմանը հետևելիք նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմանների վերագծմանը չի վերաբերում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն և առաջիկա հանգրվանում կարող է ներառել Թուրքիան: Ճիշտ այստեղ է, որ կբազմապատկվի քրդական գործոնի նշանակությունը: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քրդերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի է մատնել անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորման գործընթացները միտվում են` խոչընդոտելու այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:

Անվտանգության գոտի ստեղծել է ուզում վտանգվածը: Իրոք, Թուրքիան վտանգված է: Թվում է, թե մոտ է գարունը: Քրդական գարունը:

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր