«ԲԻԼԱՅՆԸ»` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԵՆՔ


 

Երկու օր առաջ «Բիլայն» ընկերությունը 5 ժամով դադարեցրել էր բջջային և ինտերնետ կապի մատակարարումը: Բնականաբար, հատկապես ինտերնետից օգտվողների վճարման հաշվարկներից չի հանվելու այս հինգ ժամը, և բաժանորդները վճարելու են նաև չմատակարարված կապի դիմաց: Սա շատ վաղուց նաև ընկերությունների գործելաձևն է դարձել:

Սակայն «Բիլայնի» կողմից բջջային և ինտերնետ կապի անջատումը հատկապես օգոստոսի 7-ին` Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման նախօրյակին, բնավ էլ պատահական չէր: Հայտնի էր, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու էր վերջին օրերի համար կարևորագույն դարձած` Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցը: Հայաստանը վերջնական պատասխան չէր տվել այդ առթիվ: Ավելին, փորձել էր խուսանավել պուտինյան նախագծից, քանի որ այդ միության ստեղծմամբ Հայաստանը որոշակիորեն հեռանում էր իր արտաքին քաղաքական առաջնություններից, առավելապես կապվում Ռուսաստանին` նպաստելով հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի մշտական ներկայության ապահովմանը:

Գիտենք, որ մի շարք եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները չեն կամենում խորացնել հենց ռուսաստանյան գործոնի առկայությամբ: Վրաստանը ևս խույս է տալիս կապերի ամրապնդումից` զգուշանալով, որ Ռուսաստանը կարող է Հայաստանն իր հարթակը դարձնելով` վնաս հասցնել իրեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Ռուսաստանի հետ պահպանելով գործընկերությունը, Հայաստանն, այնուամենայնիվ, նոր գործընկերության մեջ է տեսնում իր առաջընթացը` ձգտելով դեպի եվրոպական ընտանիք: Հենց այս հանգամանքն էլ մշտական լարման մեջ է պահում Ռուսաստանին և մասնավորաբար նրա նորագույն բռնակալ Պուտինին:

Այս ամենը, կհարցնեք, ի՞նչ կապ ունի «Բիլայնի» անբարեխիղճ աշխատանքի հետ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ ունեն ամենաանմիջական կապը, եթե փոքր-ինչ հետ նայենք և հիշենք նաև գազի խնդիրը... Ռուսաստանը գազը միշտ օգտագործել է որպես քաղաքական գործոն և իր ընդդիմադիրներին պատժել «գազային ճնշումներով»` ավելացնելով սակագները, դադարեցնելով գազի մատակարարումը և այլն: Արդեն իսկ Ռուսաստանը որոշել է գազի սակագինը բարձրացնել, ինչի ծանր հարվածին հայաստանցիները կբախվեն մարտ ամսից: Բայց գազից զատ` հիմա էլ Ռուսաստանն օգտագործում է կոմունիկացիոն «տեռորը»` հասկացնել տալով, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է հայտնվել նաև կոմունիկացիոն շրջափակման մեջ: Հեռահաղորդակցության ոլորտն օգտագործելով ընդդեմ Հայաստանի` Ռուսաստանը կամենում է ճնշումներ գործադրել` հասնելու համար իր նպատակների իրագործմանը:

Լ.Մ.