ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ


 

Բոլորն էլ գիտեն, որ առողջարանային Ջերմուկ քաղաքի շատ «օբյեկտներ» պատկանում են պատգամավոր Աշոտ Արսենյանին: Նրանն է նաև «Արմենիա» նշանավոր առողջարանը, որի հարևանությամբ 2009 թվականից ի վեր բուռն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:

Մեզ հաջողվեց պարզել, որ այս նոր «օբյեկտը» ոչ թե արդեն հայտնի առողջարանի շարունակությունն է, այսինքն` նոր մասնաշենքը, այլ միանգամայն նոր առողջարան, որի բաժնեմասերի մոտ 50 տոկոսը պատկանում է Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, իսկ 15 տոկոսն էլ` Աշոտ Արսենյանին:

Այն, որ Ջերմուկում շինարարություն է ընթանում, կառուցվում են փողաբեր նոր «օբյեկտներ»` շատ լավ է: Զարմանալին և տարօրինակը, սակայն այն է, որ գրեթե բոլոր շինությունների տերերը պաշտոնյաներ ու պատգամավորներ են, ովքեր «սրընթաց արագությամբ» հարստացել ու հիմա փակել են բոլոր այն գործարարների «օդերը», ովքեր նույնպես կամենում են բիզնես ծրագրեր իրականացնել: Ուրեմն, Ծաղկաձորը գրեթե ամբողջապես սեփականաշնորհելուց հետո, հիմա մեր նոր հարուստներն արշավանք են սկսել դեպի Ջերմուկը: