ԵԹԵ˜ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԼՍԵՆ


 

«ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում` պաշտոնական առաջխաղացման և աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով և մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների և կենցաղային (բնակարան, հողամաս, հերթացուցակային առաջխաղացում) բնույթի անձնականացված խոստումներով և համանման գործողություններով». այսպիսին է ավագանու անդամի թեկնածուի Վարքականոնի առաջին կետը, որը մշակել ու տարածել է Գյումրու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը: Մտահոգվելով ժողովրդավարական ընտրությունների բարելավմամբ, երևի համաշխարհային գործընթացներում առաջին անգամ ավագանու անդամի Վարքականոն է մշակվել, որն, իհարկե, անչափ գովելի նախաձեռնություն է: Սակայն հենց առաջին հոդվածը լուրջ մտորումներ է ծնում, քանի որ անհնար է Հայաստանում պատկերացնել որևէ ընտրություն, որի ընթացքում թեկնածուներից շատերը չառաջնորդվեն հենց այն ամենով, ինչը նախաձեռնության հեղինակներն անթույլատրելի են համարում: Ընդորում, Գյումրիում արդեն մի քանի խանութպանների որդիներ, ովքեր առաջադրվում են ավագանիում, սկսել են ցուցադրական բարեգործություններ անել... Վարքականոնը, ինչպես պարզվում է, դեկլարատիվ հայտարարություն է, որովհետև այն որևէ պարտավորվածություններ և իրավական հետևանքներ չի առաջացնում: Այսինքն, ավագանու անդամի թեկնածուները կարող են կիրառել պահանջները, կարող են բանի տեղ չդնել: Ընտրողներն էլ չեն կարող ասել, թե ինչու չեն հարգում Վարքականոնը: Եվ նախաձեռնության հեղինակներին մնում է միայն հուսալ, որ կանոնները չհարգելու դեպքում, եթե կան փաստեր ու ակնհայտ խեղաթյուրումներ, կհարուցվեն քրեական գործեր: Բայց մինչև օրս ավագանու ընտրությունների առնչությամբ որևէ քրեական գործ չի հարուցվել... Ու չի էլ հարուցվի...

Լ.Մ.