ՀԱՅԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՆ


 

Վրաստանում շուտով համապետական ընտրություններն են, ուստի շատ քաղաքագետների և վերլուծաբանների հայացքներ հառված են այստեղ ապրող ազգային փոքրամասնություններին: Մասնավորաբար` հայերին, ովքեր հազարամյակներով ապրում են այստեղ` շատ հաճախ ստանձնելով պետական բարձրագույն պաշտոններ: Անգամ այսօրվա իշխանավորներից շատերը հայկական ծագում կամ առնչություններ ունեն հայկականության հետ:

Ըստ արդեն շրջանառվող լուրերի և հարցումների, վիրահայության մի զգալի հատված ընտրություններում պատրաստ է աջակցել Սահակաշվիլուն` համարելով, որ ի նպաստ հայերի որոշակի քայլեր կատարվել են: Այս խոսակցությունները ճշտելու համար մենք զանգահարեցինք Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բայանդուրյանին.

- Տրամադրությունները սարքովի չեն, կեղծ չեն: Իսկապես վիրահայության զգալի մասը պատրաստ է ձայն տալ Սահակաշվիլու իշխանությանը, որովհետև վերջին տարիներին մի շարք լուրջ և հիմնավոր քայլեր կատարվեցին, հարգվեցին հայության իրավունքները, որոնք գրեթե ոչնչացվել էին Գամսախուրդիայի իշխանության տարիներին, չէին բարեփոխվել նաև Շևարդնաձեի իշխանության շրջանում: Ոչ մի հայ դեմ չէ նոր զարգացումներին, որոնք կունենան դրական միտումներ, սակայն շատ հաճախ մենք խաբվել ենք խոստումներով, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Սահակաշվիլին իր շատ խոստումներ կատարել է, ստեղծել է բոլոր պայմանները` հայության կեցությունն ապահովելու ուղղությամբ, լուրջ քայլեր են կատարվել նաև Ջավախքում:

Արմեն Բայանդուրյանի գլխավոր ցանկությունն է, որպեսզի առավել սերտ լինեն հայ-վրացական կապերը, հատկապես մշակվեն և իրագործվեն համատեղ տնտեսական ծրագրեր: