ԽՆԿԱՐԿՈՒՄ


 

Շիրակ աշխարհը պատմական Հայաստանի երաժշտական մշակույթի շտեմարաններից մեկն է: Իսկ աշուղներն իրենց երգով առավել գունեղ էին դարձնում ավանդույթներով հարուստ Գյումրին:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կրկին «հանդիպել» էին երկու մեծություններ, որոնց արվեստը միաձուլված ապրել էր իրենց կենդանության օրոք, գերել շատերին և այսօր էլ իր արձագանքն է թողնում մեր սրտերում:

Այս երեկոն էլ նվիրված էր Գյումրիի երկու վառ անհատականություններին, որոնց արվեստը առանց մեկը մյուսի չի կարելի պատկերացնել` Աշուղ Շերամ և Արաքսյա Գյուլզադյան: Հանդիսությանն առանձին գրավչություն էր հաղորդում Աշուղ Շերամի թոռան` Տեր Կյուրեղ քահանա Տալյանի ներկայությունը: Ինքնանպատակ չէր և համերգը աշուղ Աստղանուշի «Ձոն Աշուղ Շերամին» երգով սկսելը: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանը «Սարեր կաղաչեմ» կատարումով նոր շունչ ու ոգի հաղորդեց դահլիճին:

Արաքսյա Գյուլզադյանը այն երջանիկ երգչուհին էր, ում ինքնատիպությունն ընդգծուն էին դարձնում հատկապես Շերամի երգերը: Աշուղական արվեստի անշրջանցելի օրենքներից մեկն էլ միմյանց նկատմամբ հարգանքն է ու արժևորումը: Արվեստասեր հասարակության անունից երախտիքի գնահատականը հնչեցրեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Համերգի կազմակերպիչ Կարինե Մկրտչյանը ևս ներկաներին հիացմունքի պահեր պարգևեց «Գյումրիից այն կողմ էլ աշխարհ չկա», «Էլի իմն ես, իմ Գյումրի» բանաստեղծությունների, Շերամի «Նամարդ տղա», «Նա մի նազ ունի» քնքուշ երգերի կատարմամբ ու ողջույնի խոսք ուղղելով բոլոր նրանց, ովքեր աշուղական երգն ու երաժշտությունը բարձր են պահում մեր օրերում:

Բարեբախտաբար` աշուղական արվեստը բարձր են գնահատում ոչ միայն մեծերը, այլև մատաղ սերունդը:

Արուս Գուլանյանի «Նազանի» համույթի և իր դասավանդած սաների երգերի մատուցումներն է´լ ավելի ոգևորեցին դահլիճում գտնվող 60-ից ավելի պատանի երկրապահներին: Աշուղները ոչ միայն սիրո երգիչներ են, այլև մարտակոչ ու հայրենասիրական երգի ջատագովներ:

Կարինե ԿԻԿՈՅԱՆ