Վարկառուները բանկերին «քցել են»


 

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից վերջերս ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, թե բանկի «Ուրարտու» մասնաճյուղում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի վարկառուներ Սամվել Ն.-ն, Արթուր Մ.-ն և Լենդրուշ Մ.-ն որպես գրավ են ձևակերպել ոսկու շերտով պատված այլ մետաղներ` խաբեությամբ հափշտակելով 1.149.000 դրամ:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համանման հաղորդում է ստացվել մեկ այլ` «Արցախբանկ» ՓԲԸ-ից. Կիևյան փողոցում գտնվող կենտրոնական մասնաճյուղում իրականացված ոսկու գրավադրմամբ տրամադրված վարկերի ստուգման արդյունքում պարզվել է, որ գրավի առարկաների 214 կապարակնքված պարկերում պահվող ոսկյա զարդերի հարգը ցածր է սահմանված 375 հարգից, մինչդեռ դրանք գրավադրված են եղել որպես 583, 750, 900 և 958 հարգի ոսկյա իրեր:

Ըստ այդմ, բանկը 132 վարկառուների 185.723.800 դրամ արժողությամբ գնահատված ոսկու գրավի դիմաց տրամադրել է 146.860.000 դրամ վարկ:

Աճպարարությունն ակնհայտ էր, ու դժվար չէր բացահայտել գլխավոր խարդախին: Մասնաճյուղի վարկավորման վարչության ֆիզիկական անձանց վարկավորման և ավանդների ներգրավման բաժնի ոսկերիչ-փորձագետ Լևոն Ն.-ն հանցավոր համաձայնության գալով տարբեր անձանց հետ և չարաշահելով բանկի վստահությունը, պարբերաբար ոսկյա զարդերը գնահատել է բարձր հարգի, որի հետևանքով բանկին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: