Զգուշացեք կեղծ գեներալներից


 

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հերթական խաբեության վերաբերյալ տեղեկությունների հերոսն այս անգամ քառասունին մոտ մի տղամարդ էր: Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Փոքր Փարիզ» սրճարանի և Հանրապետության հրապարակին մերձակա «Նոյան Տապան» գրախանութի տնօրեններին ներկայանալով որպես ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ-մայոր, նա ցույց է տվել ծառայողական վկայականը և բանակին օգնելու պատրվակով` իբր զինծառայողների օգնության ֆոնդի համար, խնդրել է 30.000-ական դրամ:

Իրենց աշխատանքային առօրյայում նմանօրինակ դրամահավաքների հանդիպած տնօրեններին կասկածի տեղիք է տվել գեներալ-մայորի ոչ գեներալական վարքագիծը: Նրանք, բարեբախտաբար, աչալրջություն են ցուցաբերել, և շարքային խաբեբային չի հաջողվել ստանալ իրեն անհրաժեշտ գումարները: Ավելին, կեղծ գեներալը հաստատություններից հեռանալուց քիչ անց բռնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:

Պարզվել է, որ նա Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, նախկինում դատված,1975 թ. ծնված 37-ամյա Աշոտ Իսախանյանն է:

Իսախանյանի մոտից առգրավվել են ՀՀ ՊՆ 2 կեղծ վկայականները: