Ճաշակ ունեցել է, փող` ոչ


 

Վերջին տարիներին տեսանկարահանող սարքերի մուտքը մեր կյանքի ամենատարբեր բնագավառներ թեև անաղմուկ, բայց իսկական հեղափոխության էր նման: Ակնհայտ էր, որ տեխնիկական այդ սարքերի անտես սլաքներն առաջին հերթին ուղղված էին դեպի օրենքը շրջանցողները: Մեծ խանութներն ու հանրային սպասարկման օբյեկտները կահավորվեցին դրանցով, ինչն անհամեմատ բարդացրեց և գրեթե անհնարին դարձրեց գողության սիրահարների զբաղմունքը: Փոխարենը` բազում գլխացավանքներից ազատվեցին սեփականատերերը: Իսկ ճանապարհային ոստիկանության կողմից փողոցներում և խաչմերուկներում ներդրված տեսա և լուսանկարահանող սարքերն էլ արդեն մեկ տարի է` բազում տհաճություններ են պատճառում ճանապարհատրանսպորտային կանոնները խախտողներին, ովքեր ստիպված են լինում իրենց «սկզբունքներին» հավատարիմ մնալու համար խոշոր տուգանքներ վճարել պետբյուջե:

Գիտատեխնիկական առաջընթացի «զոհերից» է նաև մեր այս հրապարակման հերոսը` Կապանի բնակիչ Վալերի Ն.-ն: 48-ամյա տղամարդն օրերս ժամանելով մայրաքաղաք և միանգամից հայտնվելով ուրբանիզացիայի ալիքի հորձանուտում, համեմատականներ է անցկացրել հայրենի քաղաքի սակավամարդ խանութների և մեր սուպերմարկետների միջև և որոշել իրեն «շռայլություններ» թույլ տալ: Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի խմիչքեղենի բաժնում, օրինակ, զարմանքով նկատել է, որ թանկանոց և էլիտար ամենաբազմազան կոնյակները առոք-փառոք շարված են վաճառասեղանին և` ոչ մի հետևող (հայրենի քաղաքի խանութների աշխատողներն, օրինակ, աչքները չորս արած հետևում են հաճախորդներին):

Եվ Վալերին, առանց երկար-բարակ մտածելու, հարմարեցրել է պահն ու մոտեցել է իր համար շատ բաղձալի կոնյակներին: Մեկական «Նաիրի» և «Հենեսի» է վերցրել, տեղավորել գոտկատեղում, վերնաշապիկի տակ, և ասես ոչինչ էլ չի եղել` առանց վճարելու և հանգիստ խղճով դուրս է եկել խանութից` պատճառելով շուրջ 140.000 դրամի վնաս:

Բայց չարաչար սխալվել էր: Տեսանկարահանող սարքերը արձանագրել էին Վալերիի գործողությունները: Եվ մեծ էր եղել նրա զարմանքը, երբ դուրս գալուց անմիջապես հետո, փողոցն անցնելու պահին, խանութի անվտանգության աշխատակիցները նրան քաղաքավարի հրավիրել էին խանութ և զանգահարել ոստիկանություն:

Տղամարդն անշուշտ կստանա օրենքով նախատեսված իր արժանի պատիժը: Եվ քանի որ գողացածը եղել է խմիչք, այն էլ` թանկանոց, ցանկանում ենք հրապարակումն ավարտել մի «թեմատիկ բարեմաղթանքով»` ուրեմն խմենք, որ այսուհետ միշտ համընկնեն մեր ճաշակները և գրպանի պարունակությունները: