ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞


Մեր շատ ու շատ հայրենակիցների համար Եվրադատարանը կամաց¬կամաց ջրի ճամփա է դառնում: Վերջին տարիներին ով ումից դժգոհ է մնում, հայաստանյան ատյաններում կռիվ տալուց հետո անպայման Մարդու իրավունքների եվրոպական դատարան է հասնում: Այնպես է ստացվել, որ նմանների համար տեղական դատարանները որքան անհուսալի, նույնքան էլ անհետաքրքիր են դարձել: Այս առումով մեծ անակնկալը թաքնված է եվրոպաներում, քանի որ հաճախ այստեղ հիմնավորապես տանուլ տրված գործերը, ծրարվելով, Եվրոպա են հասնում, ու շատ չանցած` ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս: Ընդ որում, խիստ կասկածելի է, թե ամեն գնով տվյալ գործը ՄԻԵԴ¬ին հասցնել ձգտող մեր հայրենակիցների իրական նպատակը որն է, ու նրանց որքանով է հուզում արդարության վերականգնումը: Այսպես, Բայաթյան ազգանունով ինչ¬որ մեկը, ով հայտնի աղանդավորական մի կազմակերպության անդամ է, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջերս 20 հազար եվրո «պարգևավճար» ստացավ: Հայկական ազգանունով և Հայաստանում բնակվող Եհովայի վկան տարիներ առաջ շրջանցել էր մեր երկրում գործող օրենքները, զինծառայության չէր ներկայացել: Իսկ ավելի ուշ` 10,5 ամիս ազատազրկվելուց հետո, որոշել էր, թե իր իրավունքները ոտնահարվել են ու իրեն անպայման փոխհատուցում է անհրաժեշտ: Ուշագրավ է նաև զինծառայությունից խուսափած կրոնախևի գործի անունը. «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի»... Սա արդեն ամեն ինչ ասում է: Այսինքն, հերիք չէ, որ աղանդավոր երիտասարդը խուսափել է Ազգային բանակում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց, դեռ մի բան էլ երկրի պետական միջոցներից փոխհատուցում է պահանջել ու ստացել` չգիտես, թե ում ապացուցելով, որ իբր խախտվել է ամեն անհեթեթություն դավանելու իր ազատությունը: Հիշյալ դեպքից շուրջ տասը տարի է անցել, սակայն տարբեր դատական ատյաններում կռիվ տված աղանդավորից ճիշտ այդքան է պահանջվել` 20 հազար եվրո «վաստակելու» համար: Կարծել, թե Եհովայի վկան սկզբունքայնություն է դրսևորել` ամեն գնով վիճարկելով դատարանների վճիռները, սխալ է: Աղանդավորը դատի է տվել ՀՀ¬ին` ինքը մեղավոր լինելով ու երկրում գործող օրենքն ուղղակիորեն ոտնահարելով: Վերջին հաշվով` սա ինչ¬որ հանրահավաքներում ծեծվածի կամ էլիտարաշինության արդյունքում տանիքը կորցրածին տրված անհամարժեք փոխհատուցումը վիճարկող բողոք չէ: Այնպես չէ, որ մի դեպքում կարելի է բռնությունների դիմած ոստիկանությանը, մյուս դեպքում, ասենք, ինչ¬որ «մայրապետյանների» մեղադրել: Աղանդավորն առանց պատճառի կամ, որ տվյալ դեպքում նույնն է, ազգադավ կրոնական համոզմունքներից ելնելով` որոշել է երկրի բանակի դեմ քարոզչական պայքար ծավալել ու այդ պայքարը բիզնեսի վերածելու մոլուցքով հասնել մինչև հեռավոր եվրոպաներ: Ամեն ինչ իսկապես այնքան պարզ է թվում, որ կարելի է կարծել, թե ավելացնելու այլևս ոչինչ չկա: Այսուհանդերձ, աղանդավորների պայքարն ընդդեմ Հայաստանի ու նաև հանուն իրենց անուղղակի և ուղղակի բիզնես-շահերի, ավելի հիմնավոր (՞) է դարձնում հետևյալ տեղեկությունը: ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը դիմել է Առողջապահության նախարարությանը` ճշտելու, թե ի՞նչ տվյալներ ունեն աղանդավորական գործունեության հետևանքով հոգեկան խախտումների, շեղումների, առողջական այլ խնդիրների առաջացման վերաբերյալ: Կասկածից վեր է, որ եթե նախարարությունը հետևողական լինի, ապա բավական հարուստ վիճակագրություն է ներկայացնելու կրոնի գործերի վարչությանը: