ՕՐ ՀԻՇԱՏԱԿԻ


ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանն իր ստեղծագործությամբ մի ամբողջ ժամանակաշրջան է մեր թատրոնում, 20-րդ դարավերջի մեր մեծերից մեկը, ում արվեստը հետայսու գնահատվելու և դիտարկվելու է այն փաղանգում, որը ձևավորեցին Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը... 20-րդ դարի վերջին քառորդի և 21-րդ դարասկզբի ազգային դերասանական արվեստն անհնար է պատկերացնել առանց Վլադիմիր ՄՍՐՅԱՆԻ: Առանց նրա ստեղծած բեմական ու կինեմատոգրաֆիական հզոր կերպարների, որոնք, հրապարակային պայքար չհայտարարելով ավանդականին ու պահպանողականին, այնուհանդերձ հաստատեցին մոդեռնի ու ավանգարդիստականի ներթափանցումները, ինտելեկտուալիզմը դարձրին դերասանական արվեստի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Դերասանի «աստեղային ժամերը» ծնունդ առան Դրամատիկական թատրոնում, Հրաչյա Ղափլանյանի և Արմեն Խանդիկյանի ստեղծագործական համագործակցության շնորհիվ: Եվ մեկտեղվեցին-ներդաշնակվեցին այս երեք արվեստագետի գեղարվեստական որոնումներն ու էքսպերիմենտները` նոր շրջափուլ ձևավորելով ազգային թատրոնում: Հրաչյա Ղափլանյանն ու Արմեն Խանդիկյանը այն բեմադրիչները եղան, ովքեր, հրաշալիորեն ընկալելով դերասանին, նրա յուրատիպ մտահղացումները, ընդվզման մղումը, դեպի նոր ձևերն ունեցած հետաքրքրությունները, կարողացան բացահայտել այն ներքնակուտակ գրգիռները, որոնք դերասանի գեղարվեստական առանձնահատ կություններն էին և որոնք առաջին հերթին ուղղորդված էին դերասանական արվեստում ինտելեկտուալիզմի հաստատման բարձր միտումներին: Վլադիմիր Մսրյանը ծնվել ու մեծացել է դերասանական ընտանիքում. հայրն ու մայրը` ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես և Արաքսյա Մսրյանները, հայ նորագույն թատրոնի համեստ մշակներից էին, նվիրյալներ, ովքեր իրենց կենսագրությունը կապել էին Ալավերդու և Վանաձորի պետական թատրոններին, դարձել այդ քաղաքների թատերական կյանքի երևելիներից: Ազնվակերպ այդ մարդկանց դաստիարակությունը յուրովի արտացոլվեց Վլադիմիր Մսրյանի կյանքում և նկարագրում, նրա մեջ ձևավորեց ձգտումը դեպի բարձր չափանիշները, դեպի պահպանողականության ժխտումն ու սեփական ճանապարհի, հավատամքի ձևավորումը: …Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո Վլադիմիր Մսրյանը մեծ փորձությունների միջով անցավ, աշխատեց Պատանի հանդիսատեսի և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոններում: Սակայն իր տակավին թաքուստված շնորհներով «չհետաքրքրեց» բեմադրիչներին, ովքեր բեմում կամենում էին վերակենդանացնել այն կարծրատիպերը, որոնք հաստատվել էին խորհրդային թատրոնում և կինոյում: Եվ երկու թատրոնում էլ դերասանը ստեղծագործական ձեռքբերումներ չունեցավ: Նրա կյանքում հույսի շող էր «Արշալույս» թատրոն-ստուդիան, որի հիմնադիր Ալեքսանդր Գրիգորյանն իր շուրջ համախմբելով երիտասարդ դերասան-դերասա նուհիների` ստեղծեց առաջին ներկայացումը` «Հարսանիքի օրը», ուր Վլադիմիր Մսրյանը խաղաց Միխայիլ Զաբոլոտնի: 1968-ից, երբ բացվեց Դրամատիկական թատրոնը, Վլադիմիր Մսրյանը դարձավ այս թատրոնի դերասան` իր սերնդակիցներ Լևոն Թուխիկյանի, Գուժ Մանուկյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Հանրի Զարյանի և մյուսների հետ մղվելով դեպի գեղարվեստական խիզախ փորձարարությունը: Վլադիմիր Մսրյանի արվեստն ինքնատիպ է առաջին հերթին դրամատիկականի և ողբերգականի համաձուլման եզակի սկզբունքներով: Ողբերգականի ընկալման միանգամայն նոր արտահայտություն էր, օրինակ, դերասանի Համլետը, որը հաստատում էր բանականության ողբերգությունը, դառնում միջոց` բացահայտելու այն բարոյական արատներն ու այլափոխությունները, որոնք մարդկությանը հասցրել էին ճակատագրական անկումի նախաշեմին: Որքան էլ դերասանի շեքսպիրյան այս կատարումը չընդունվեր հատկապես հայ շեքսպիրագիտության կողմից` իր անսովոր արտահայտչական լուծումներով, կերպարի մեկնաբանության յուրատիպությամբ, այն շատ բարձր գնահատվեց ռուս թատերագիտության և շեքսպիրագիտության կողմից, իրենով պայմանավորեց շեքսպիրյանի ընկալման ու մատուցման մի նոր ժամանակաշրջանի ծնունդը: Ժամանակաշրջան, որը հայ թատրոնում ձևավորեց շեքսպիրյան նոր ավանդույթներ: Շեքսպիրյանի ընկալման ու մատուցման ամենաբարձր դրսևորումը դերասանի ստեղծագործության մեջ Հուլիոս Կեսարն էր: Վլադիմիր Մսրյանին իրապես կարելի է համարել բացառիկ դերերի դերասան, որովհետև նա մղվում էր դեպի «ճակատագրական անհատները», բեմ բերում խորապես հզոր անհատականությունների` յուրովի «երկատելով» այդ կերպարները, այդ «երկատումներում» որոնում «Աստծո և սատանայի» համադրությունը: Ալեքսեյը (Ֆ. Դոստոևսկի, «Խաղամոլը»), Իվան Վոյնիցկին (Ա. Չեխով, «Քեռի Վանյան»), Էդգարը (Է. Ստրինդբերգ, «Մահվան պարը»), Ֆամուսովը (Ա. Գրիբոյեդով, «Խելքից պատուհաս») և այլ կերպարներ հաստատում են ասվածը: Նրա դերացանկում էին նաև Կոմիտասը (Պ. Զեյթունցյան, «Մեծ լռություն»), Միհրդատ Պոնտացին (Պ. Զեյթունցյան, «Աստվածների կանչը»), Խոսե Լուիսը (Լ. Բարանգա, «Դահիճը»), Բանտապետը (Պ. Զեյթունցյան, «Ամենատխուր մարդը») և այլն, որոնք միավորվում էին կինոյում ստեղծած նրա բազմաթիվ կերպարներին: Իսկ Պագանինին իրապես հայտնություն եղավ ժամանակի կինոյում, տարուբերեց ողբերգականի ընկալումները, առաջնային դարձրեց նույն հեգնանքը, որը երևակվում էր մերթ սատանայական «քրքիջով», մերթ կծկվող ցավի ու տառապանքի արտահայտությամբ: - Բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն Պագանինի,- այսպես էր գնահատել նրան իտալական մամուլը` հայ դերասանի այս կատարումը դասելով համաշխարհային կինոյի նվաճումների շարքը: Լ.Մ.