ՍՊԻՏԱԿՈՒՄ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ


Ազգավեր երկրաշարժից անցել է մոտ 23 տարի: Էպիկենտրոն Սպիտակը շատ վաղուց ջնջել է ավերածությունների հետքերը: Հատկապես քաղաքի կենտրոնը նոր նկարագիր է ստացել` ոչնչով չհիշեցնելով նախաերկրաշարժյան քաղաքը: Ավելացած միկրոշրջաններն էլ, անծանոթ եկվորին կարող են մեկնաբանվել որպես ծավալվող քաղաքի արտահայտություն: Կենտրոնը հիացնում է մշակույթի հրաշալի կենտրոնով, որը ստեղծվել է ճարտարապետ-ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի նախագծով: Դրա կողքին հառնում են տիպարային շենքեր, որոնք արդեն ժամանակակից քաղաքաշինության նմուշներ են: Ուրեմն, Սպիտակը ոչ միայն ձգտել է վերացնել երկրաշարժի հետքերը, այլև` նոր նկարագիր ձեռք բերել: Եվ այս ամենն ուրախացնում է: Սակայն զրուցելով սպիտակցիների հետ` նկատում ես, որ բնակավայրի կերպարի փոփոխությամբ ուրախանալով հանդերձ, նրանք շատ մեծ դժգոհություններ ունեն: Իսկ սպիտակցիներից շատերի վիճակն իսկապես ծանր է, սոցիալական կեղեքումները չոքել են շատերի դռներին և չեն կամենում հեռանալ: Երկրաշարժից առաջ Սպիտակն ուներ կարի արտադրական միավորում, վերելակների ու շաքարի գործարաններ, ալրաղաց կոմբինատ, որի մի արտադրամասից բացի, մնացած ամեն ինչը հողին հավասարվեց: Մեծ ջանքերով վերականգնվեց Ալրաղացը, որն այսօր աշխատում է իր հզորությունների մի փոքր մասով միայն: Ինչպես մասնագետներն են ասում` մոտ երեսուն տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ կրճատվել են աշխատատեղերը, պակասել են եկամուտները: Մոտ երկու տասնամյակ շատերն էին խոստանում սպիտակցիներին` կառուցելու շաքարի նոր գործարան, որովհետև նախկին քաղաքի յուրատեսակ խորհրդանիշն էր դարձել և աշխատանքով էր ապահովում նաև Սպիտակի շրջանի հինգ գյուղի բնակիչների, ովքեր զբաղվում էին շաքարի ճակնդեղի մշակությամբ: Գործարանը, սակայն, կառուցվեց Ախուրյանում, իսկ ավանդական շատ շաքարագործներ կորցրեցին իրենց վերջին հույսը` աշխատելու մասնագիտությամբ, ապահովված լինելու աշխատանքով: Նորիկ Մուրադյանի հիմնադրած կարի արտադրական միավորումն էլ, որը ձեռք էր բերել համամիութենական ճանաչում և հռչակ, նույնպես մոռացության տրվեց, ոչ ոք չկամեցավ մտահոգվել դրա վերականգն մամբ: Մոտ երկու հազար աշխատատեղ ունեցող ձեռնարկությունն այսօր մոռացության մատնված հին հիշողություն է լոկ: Սպիտակցիների միակ հույսը մնացել է վերելակների գործարանը: Դեռևս 1990-ականների սկզբներին վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարությունն այն վերականգնելու որոշում կայացրեց, որովհետև չափազանց մեծ է դրա նշանակությունը մեր հանրապետությունում: Կառավարությունն անգամ ծրագիր մշակեց, խնդիր դրվեց հայթայթել ֆինանսական միջոցներ, Սպիտակի քաղաքային իշխանություններին հանձնարարվեց գործարանի տարածքը պահպանել… Այսօր հարյուրավոր շենքերի վերելակներ բարոյապես և ֆիզիկապես մաշվել են, նորակառույց շենքերի համար վերելակներ են ներկրվում տարբեր երկրներից` դրանց համար վճարելով եռակի թանկ: Մինչդեռ Հայաստանը համարվում էր վերելակաշինության կենտրոններից մեկը, Սպիտակի արտադրանքը արտահանվում էր ԽՍՀՄ 11 հանրապետություն, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Չինաստան և այլուր: Շուկաները դեռևս պահպանվել են, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հարևան Վրաստանը, Իրանը, Ռուսաստա նը, Բելառուսը, Ուկրաինան այժմ վերելակներ են գնում Լեհաստանից ու Գերմանիայից` հաճախ դժգոհելով, որ վճարում են շատ թանկ: Ուրեմն, Սպիտակում վերելակների գործարանի կառուցումը կարող է և´ տնտեսական մեծ օգուտ բերել, և´ մեծաթիվ տեղաբնակներ ապահովել աշխատանքով: Վերջերս նորից խոսակցություններ ծավալվեցին, կառավարությունում ակնարկներ եղան, սակայն այդպես էլ վճռական քայլեր չեն արվում: Գուցե պետք է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում էլիտար շենքեր ու հյուրանոցային-առևտրական կենտրոններ կառուցող մեր հայրենակիցներին ուղղորդի դեպի Սպիտակ, բացատրի ձեռնարկի արդյունավետությունն ու արտոնյալ հարկային պայմաններ ստեղծելով` նպաստի ձեռնարկության վերածննդին: Երբ խոսում ենք վարկերի նպատակային հատկացումների, երկրի արդյունաբերացման մասին, ապա առաջին հերթին ուշադրություն պետք է դարձվեն տնտեսության առաջատար ուղղություններին, գերակայություններին և անհրաժեշտություններին: