Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ


Ռուսաստանը Հայաստանում ժամանակ առ ժամանակ տարօրինակ որոշումներ է դնում գործողության մեջ, մեր երկրի հանդեպ դրսևորում վերաբերմունք և դիրքորո շումներ, որոնք չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մոտ մեկ տարի առաջ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում ՌԴ-ն սկսեց զարկ տալ մեր երկրում արտագաղթին` շատ հայաստանցիների գայթակղելով ռուսաստանյան բարեկեցիկ կյանքով: Տեսնելով, որ փուչիկն օրավուր պայթում է, իսկ Ռուսաստան մեկնած հայերն արդեն խորը հիասթափության մեջ են հայտնվել` այժմ էլ այդ պետությունը յուրովի է ձգտում հասնել արտագաղթի խթանմանը: Եվ ոչ միայն արտագաղթի խթանմանը, այլև հայ մասնագետներին գործազրկության մղումին: Օրերս Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հոսպիտալի ղեկավարությունը աշխատանքից ազատել է շուրջ 180 աշխատողի, որոնցից 100-ը գյումրե ցիներ են, հիմնականում` առաջնակարգ բժիշկներ, մեծ ճանաչում ունեցող մասնագետներ, որոնց շնորհիվ հոսպիտալը ձեռք էր բերել տարածաշրջանային հռչակ: Բուժհաստատության ղեկավարությունը, խույս տալով ճշմարիտ նպատակներն ի ցույց դնելուց, այն բացատրությունն է տվել, թե պատրաստվում են նոր հիվանդանոց կառուցել: Նոր հիվանդանոցի գաղափարը չափազանց հեղհեղուկ է, որովհետև հոսպիտալն ապահովված էր բոլոր պայմաններով, ժամանակակից բուժական տեխնիկայով: Ի վերջո, նոր հիվանդանոց կառուցելու դեպքում ինչո՞ւ են մարդկանց գործազուրկ դարձնում` որևէ երաշխիք չտալով, թե նրանք «նորակառույց» հիվանդանոցում կպահպանեն իրենց աշխատատեղերը: Հասկանալի է, որ այս պատրվակն օգտագործելով` հոսպիտալի ղեկավարությունը չի կամենում վճարել օրենքով նախատեսված երեքամսյա աշխատավարձը` կազմակերպության լուծարման հետևանքով առաջացող պարապուրդի դիմաց: «Մեկ գնդակով երկու նապաստակ խփել». այսպես կարելի է բնութագրել ռուսական կողմի վարքագիծը: Հայտարարելով նոր հիվանդանոց կառուցելու մասին` ղեկավարությունն ազատվում է մարդկանց վճարելու պարտականությունից և այսպես լուծում հայ բուժաշխա տողներին անաշխատանք թողնելու հարցը: Ոմանք այն կարծիքն են արտահայտում, թե այսպես ռուսական կողմը կամենում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս, իր քաղաքացիներին գործազրկությունից փրկելու համար` ստիպված լինի ինքը վճարել հիվանդանոցում աշխատողների աշխատավարձերն ու լուծել բոլոր ֆինանսական խնդիրները: Թե ո՞ր «տարբերակն» է առավել մոտ ճշմարտությանը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ անազնիվ խաղ է խաղում, հերթական անգամ ի ցույց դնում իր կողմնակալությունը: Ուշագրավն այն է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ տապալվեց կազանյան հանդիպումը, իսկ Հայաստանն էլ դրական չարձագանքեց նախագահ Մեդվեդևի` իբր ղարաբաղյան կարգավորմանն ուղղված առաջարկություններին: Առաջին անգամ չէ, որ ՌԴ¬ն նման էժանագին հնարքներով կամենում է ցույց տալ իր առավելություններն ու ուժի կամ շանտաժի դիրքերից խոսել Հայաստանի հետ: Հիշենք «Գույք պարտքի դիմաց» խայտառակ ծրագիրը, որն իրականացվեց Հայաստանում. Ռուսաստանը Իրաքի պարտքը` մոտ 3 միլիարդ դոլար, զրոյացրեց, մինչդեռ իր ռազմավարա կան գործընկեր Հայաստանից գույք պահանջեց ընդամենը 108 միլիոն դոլար պարտքի դիմաց` տեր կանգնելով մի քանի միլիարդ արժեք ունեցող գույքի… Այսօր էլ ահա հոսպիտալի մոտ 100 գյումրեցի աշխատակցի զրկելով աշխատանքից ու սոցիալական հենարաններից` Ռուսաստանը կամենում է յուրովի արձագանքել հայկական կողմի դիրքորոշումներին…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ