«ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ» ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՎՈՎ


Մերձավոր Արևելքում սկիզբ առած քաղաքական գործընթացները շարունակվում են: Սպիտակ տան հիմնավորած «շղթայական ռեակցիան» անպայմանորեն տարածվելու է նաև Արևելքի հոգեբանությամբ, բռնատիրական նկրտումներով ապրող որոշ այլ երկրներում, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Ավելի ճիշտ` Թուրքիա-Ադրբեջան տանդեմը: Թուրքիան, իհարկե, առավել «ճկուն» քաղաքականություն վարելով` վերջերս կարողացավ խույս տալ սպասվող զարգացումներից: Փոխելով զինվորական հրամանատարությանը` Էրդողանը կարճ ժամանակով հաստատեց սեփական ուժի դիկտատուրան` հպատակեցնելով աշխարհիկ կարգի երաշխավոր հանդիսացող բանակը, որի առջև դրվեց միայն մի խնդիր. իրականացնել պաշտպանական գործառույթ: Ադրբեջանը, սակայն, չկամենալով դասեր քաղել իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններից` շարունակում է մնալ կիսասուլթանական, ուր ամեն րոպե ոտնահարվում են մարդու իրավունքները, կասեցվում է ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը: Այս իրավիճակը չի կարող դուրս մնալ ԱՄՆ-ի ուշադրությունից, որն էլ դարձել է հեղափոխություններ հրահրող ուժը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Վաշինգտոնը չափազանց շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանում հաղթանակ տանի ժողովրդավարությունը: Բնականաբար, առաջնայինը տնտեսական շահն է, որն էլ հանգիստ չի տալիս ԱՄՆ-ին: Անտարակույս, մինչև Ադրբեջան հասնելը, Վաշինգտոնը կարող էր հեղափոխությունների ալիքը տարածել Թուրքմենստանի վրա, քանզի այն ևս սուլթանական տերություն է` նավթի ահռելի պաշարներով: Սակայն տակավին Թուրքմենստանը չի մտնում ամերիկյան հաշվարկների մեջ, որովհետև այստեղ շատ նվազ են հեղափոխությունների նախադրյալները: Թուրքմենստանը հարուստ երկիր է, որտեղ չկա արտագաղթ, մարդիկ բավարարված են սպառողական միջինով, չափազանց ցածր են գազի և էլեկտրաէներգիայի գները: Երկրի նոր իշխանություններն էլ, կարծես կրկնելով չինական փորձը, աստիճանաբար գնում են դեպի ժողովրդավարացում` ներդնելով ժողովրդավարության արևելյան մոդելները: Մինչդեռ Ադրբեջանը չափազանց կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար: Բազմիցս արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը պետք է օգտագործվի որպես պլացդարմ` Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ: Բացի այդ, Ադրբեջանին ամբողջապես հպատակեցնելով իրեն` Վաշինգտոնը գրեթե մենակ կթողնի Թուրքիային, որը տարածաշրջանում միայն մի բարեկամ ունի` Վրաստանը: Վերջինս էլ արդեն իսկ ԱՄՆ-ի համար դիտարկվում է որպես «բանանային պետություն», ուր ցանկացած պահի Վաշինգտոնը կարող է ներդնել իրեն հարմար ծրագրերն ու հրամայականները: Ադրբեջանն, իհարկե, նշանակալի գործոն է, որին էլ ամբողջապես թուլացնելով` Նահանգները կարող է հասնել ցանկալիին: Եթե մի շարք պետություններում ԱՄՆ-ը շարունակում է նախադրյալներ որոնել, ապա Ադրբեջանում այդ նախադրյալը կա. դա Ղարաբաղն է, որի անկախության ճանաչումը օրավուր Վաշինգտոնի համար դառնում է կարևորագույն խնդիր: Այնտեղ լավ են հասկանում, որ մի շարք նորանկախ երկրների անկախությունը ճանաչելով, իսկ Ղարաբաղի դեպքում այլ ստանդարտներ կիրառելով` պաշտոնական Վաշինգտոնն իրեն դնում է ծանր կացության մեջ և հայտնվում համաշխարհային հանրության քննադատության կիզակետում: Հասկանալի է, որ տարիներ շարունակ ձգձգելով ղարաբաղյան խնդրի կարգավորումը և հաճախ չթաքցնելով իր համակրանքը Ադրբեջանի հանդեպ` ԱՄՆ-ը լուծել է սեփական հարցերը: Տեղին է հիշել հայտնի ասացվածքը. «Կեցցե կատուն, որ մուկ է որսում սեփական ստամոքսի համար»: Այսօր արդեն աստիճանաբար իրավիճակը փոխվում է: Վաշինգտոնը տեսավ, որ չնայած իր բազմաթիվ ջանքերին, Ադրբեջանը շարունակում է օրավուր խորանալ սուլթանական-միջնադարյան պետության սկզբունքների մեջ` արհամարհելով բազմաթիվ հորդորներ, մղվելով հաճախ դեպի բացահայտ զրպարտություններն ու շանտաժը: Ուրեմն, հարկավոր է գտնել ուղիներ` այս երկրի իշխանություններին և մասնավորաբար Իլհամ Ալիևին դաս տալու համար: Ու դարձյալ այդ «դասի» հիմքը ղարաբաղյան հիմնահարցն է: Եվ բնավ չի բացառվում, որ առաջիկայում, հատկապես ընտրություններից առաջ, Բարաք Օբաման օրակարգային դարձնի Ղարաբաղի ճանաչման հարցը` այդպիսով լուծելով մի քանի խնդիրներ: Նախ, նա ամերիկյան հասարակության մեջ կմեծացնի իր հեղինակությունը և ձեռք կբերի մեծ վստահություն: Երկրորդ. Ղարաբաղի ճանաչմամբ ԱՄՆ-ն ամբողջապես կթուլացնի ու կհպատակեցնի Ադրբեջանին` միաժամանակ այնտեղ տանելով ժողովրդավարության որոշ դրսևորումներ, որոնք հիացմուն քով ընդունելով` ադրբեջանական հանրությունն այնքան էլ խորը չի ապրի Ղարաբաղի կորուստը, մանավանդ որ այսօր նույն ադրբեջանական հանրությունն արդեն իսկ հաշտվել է այդ կորստի հետ: Նման լավատեսության համար մենք ունենք բոլոր երաշխիքները: Վերջերս չափազանց ակտիվացած դեսպան Մեթյու Բրայզան հաճախ է հանդես գալիս հայտարարություններով` շոշափելով ազգերի ինքնորոշման դրույթը: Որքան էլ ադրբեջանական քաղաքական էլիտան ջղաձգորեն արձագանքի Բրայզայի հայտարարություներին, միևնույն է, շատ բան անել չի կարող, որովհետև հասկանում է, որ սա գերհզոր տերության դիրքորոշումն է: Վերջերս ԱՄՆ-ի դաշնակիցներից` Մեծ Բրիտանիան, ճանաչելով Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը` շրջանցեց Ադրբեջանը: Սա նշանակում է, որ գերտերություններն արդեն ունեն ներքին պայմանավորվածություն` Ղարաբաղի ճանաչման հարցում: Գերտերություններից միայն Ռուսաստանի առաջնորդ Դմիտրի Մեդվեդևն է շարունակում ցույց տալ իր գիմնազիստական ամբիցիաները, երկակի խաղեր խաղալ: Դրանք չեն կարող հավերժ լինել, որովհետև պաշտոնական Բաքուն, տեսնելով ՌԴ երկդիմի քաղաքականությունը, ինքը կարող է շրջվել Մոսկվայից` նախընտրելի համարելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Մեդվեդևի վերջերս արած մի շարք հայտարարություններ հենց ռուս քաղաքական գործիչներին և քաղաքագետներին այն եզրակացության հանգեցրին, թե Կրեմլը չի կամենում տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Ուստի, ռուս քաղաքագետները հայտարարեցին, որ ամեն կերպ հարկավոր է պահպանել «ստատուս քվոն»: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք Վաշինգտոնի որդեգրած քաղաքականութ յունից, ոչ թե «ստատուս քվոն» է լուծման ճանապարհը, այլ` Ղարաբաղի ինքնիշխանության և անկախության ճանաչումը: Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հինմնահարցը կհասնի իր վերջնական լուծմանը: Այն է` անկախության ճանաչմանը: Եվ առաջին քայլը հենց Միացյալ Նահանգները կանի` առաջիկայում հեղափոխական իրավիճակներ ստեղծելով Ադրբեջանում: Ճիշտ է, կանխազգալով այս, ադրբեջանական իշխանությունները սկսեցին երկխոսություն վարել ընդդիմության հետ, սակայն Վաշինգտոնում լավ են հասկանում, որ սա ընդամենը ժողովրդավարության պարզունակ իմիտացիա է, որով, անշուշտ, անհնար է շլացնել ԱՄՆ-ին… Լ. Մ.