ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ՇՔԱՀԱՆԴԵՍ


«Ֆրիդոմ Հաուզ» միջազգային` այսպես կոչված իրավապաշտպան կազմակերպության գործունեությունից սատանան անգամ չի կարող գլուխ հանել: Հաուզականներն աստիճանաբար նմանվում են այն «միամիտ» մարդուն, ով միայն ինքն է աղմուկ-աղաղակ բարձրացնում այն դեպքում, երբ ամեն ինչի մասին բոլո°րը գիտեն ու լռում են: Որքան հայտնի է, նման մարդիկ մեր իրականության մեջ ընդհուպ մինչև հոգեկան հիվանդներ են համարվում, երբեմն նույնիսկ արժանանում են անկեղծ կարեկցանքի, իսկ ավելի հաճախ պարզապես արհամարհվում են: Եվ քանի որ իրականությունից հեռանալը դժվար է ու անիմաստ, ուրեմն այս կարգի իրավապաշտպաններին թերևս արժե երբեմն-երբեմն մի փոքր ուշադրության արժանացնել: Իհարկե, այս պարագայում շատ ավելի լավ կլիներ, եթե խոսքն իսկապես հոգեկան հիվանդների մասին լիներ: Միգուցե այդ դեպքում ամենացանկալի տարբերակն ընտրեինք` սիրով ու մեծահոգաբար անտեսելով այս և համանման մյուս միջազգայիններին: Ցավոք, «Ֆրիդոմ Հաուզի» կարգի միջազգային իրավապաշտպանները տարածված են ու հզոր, և նրանց վերջին անգամ անդրադառնալու հույսով այս դեպքում ևս ստիպված ենք խոսել այդ մասին: Կատակ բան չէ. հաուզականները միանգամից աշխարհի 30 երկրներում ժողովրդա վարության վիճակն են «ուսումնասիրում», ընդ որում` բավական «լայն կտրվածքով» և «խորությամբ»: Ահավասիկ, հայաստանյան ընտրական գործընթացները մարդիկ «զննել» են անկախությանը հաջորդած բոլոր տարիներին ու եզրակացրել, որ դրանք մշտապես ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով և նման այլ խախտումներով: Ճիշտն ասած, եթե մենք այլմոլորակայիններ լինեինք, սույն լրատվությունը, որքան էլ հնացած, այնուամենայնիվ, կարող էր մեզ համար մի փոքր հետաքրիր լինել: Բայց օրերս հրապարակված զեկույցը ոչ մի կերպ ընկալելի չէ այն առումով, թե ինչպես պիտի մեր իրավունքները պաշտպանի: Շարքային հայաստանցիներս, ախր, հենց մեր մաշկի վրա ենք զգացել անցնող տարիների բոլոր քվեարկությունների դրական ու, չենք էլ թաքցնում, ավելի շատ բացասական ազդեցությունները: Ավելին, բացասականի մասին հայաստանյան հանրությունը բոլոր մակարդակներով ասել է ավելին և ամենախիստ ձևով: Մինչդեռ միջազգային ինքնակոչ որոշ «դատավորներ» ավանդույթ են դարձրել ընտրություններին հաջորդ մի քանի օրերի ընթացքում շեփորել-սպառնալ ընտրակեղծիքների մասին իրենց ինչ-որ արձանագրությունով: Հետո, որպես կանոն, հայտարարում են, թե այդ կեղծիքները էական ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքի վրա: Որքա՞ն կարելի է այս կերպ` եթե նույնիսկ ինքնակրկնությունն էլ «գիտության մայրը» փորձենք համարել… Բայց այս ամենը ընդամենը պատմություն է, թեկուզ ոչ հեռու անցյալի: Ներկայում մեր երկիրը երկու խոշոր համապետական ընտրության է պատրաստվում, և նախընտրական լարվող ու ավելի լարվելիք իրավիճակում առանց այն էլ մեր դժգոհ հանրությանը նորից ու կրկին հիասթափեցնելը հազիվ թե բարի նպատակներ հետապնդի: Փո՞ղ եք ուզում ծախսել, ինչ-որ բա՞ն եք ուզում արած լինել` խնդրեմ, Արշակ Սադոյանն ու էլի շատերը դռնեդուռ ընկած փող են ուզում: Այն էլ` ոչ այնքան շատ և հաստատ ավելի քիչ, քան նման զեկույցների վրա է մսխվում: Գումարը կարելի է Սադոյանին տալ, և եթե, ինչպես ինքն է խոստանում, կարողանա նպաստել արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպմանն անգամ 0,001 տոկոսով, ապա դրանով ավելի մեծ գործ արված կլինի: Անհեթեթության ողջ համայնապատկերը հավուր պատշաճի ընկալելու համար մեջբերենք մի հատված հաուզական ների զեկույցից. «ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել հայաստանյան վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Նրանք փաստել են, որ ընտրությունները չեն համապատասխանել արևմտյան չափանիշներին»: Տպավորությունն այնպիսին է, թե հայ հանրությունն ընդամենը երեկ է նախագահ ու խորհրդարան ընտրել, և միջազգայիններն էլ լույսը բացվելուն պես իրենց թարմ տպավորություններն են մեզ փոխանցում (թույլ տվեք հարցնել, թե ինչու և այն էլ` հիմա): Կարճ ասած` ոչ թե զեկույց, այլ լավագույն դեպքում թղթի թափոնների արտադրամասում կուտակված թղթակույտ: Եվ զարմացնողն ու զայրացնողը հատկապես այն է, որ որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական շրջանակներ շատ լուրջ են վերաբերվում անհեթեթության այս շքահանդեսին: Ժողովուրդը կդառնա՞ քաղաքական գործոն ՀՀԿ արտահերթ համագումարում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքորոշման վերջնական հստակեցումից հետո, երկու շաբաթ շարունակ, բոլոր խոսակցությունները, կանխատեսումները, գնահատականները պտտվում էին մեկ թեմայի շուրջ. գերհզոր կուսակցություն դարձած ՀՀԿ-ին կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ «ձեռնոց նետել»: Եթե դեռ մեկ ամիս առաջ այդպիսի կարող կուսակցություն էր ներկայացվում «Բարգավաճ Հայաստանը», ապա այսօր վերջինիս նկատմամբ թերահավատությունը մեծացել է: Սակայն դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը որպես լուրջ մրցակից կարելի է արդեն «դուրս գրել»: Այն կարող է մատուցել ցանկացած անակնկալ: Առավել ևս, որ ԱԺ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա: Կանխատեսելի է, որ օգոստոսին և աշնան առաջին ամիսներին այլևս ներքաղաքական կյանքում ցնցող իրադարձություններ տեղի չեն ունենա: Այս ենթադրությունը հիմնված է այն իրողության վրա, որ իշխանական ճամբարում վերադասավորումներն արդեն իսկ «գտել» են իրենց հունը, իսկ ընդդիմադիրները դժվար թե մինչև ձմեռ ձևաչափային փնտրտուքներն ավարտին հասցնեն: Ներկայիս իրավիճակը հուշում է, որ ընդդիմադիրների «խմորը» դեռ շատ «ջուր» կքաշի: Իհարկե, առաջիկա ամիսներին «Արդարություն» դաշինքը կփլուզվի, բայց դա սենսացիա ոչ մի կերպ չես համարի: Այսօր էլ այն դեֆակտո գոյություն չունի: Ինչո՞վ է պայմանավորված արմատականների անգործունեությունը և այն փակուղային վիճակը, որի մեջ հայտնվեցին նրանք: Ինչո՞ւ միավորման բոլոր փորձերը կամ ձախողվում են, կամ հետաձգվում անորոշ ժամանակով: Արտահերթ իշխանափոխության անհաջող փորձերից հետո ընդդիմադիրները հայտնվեցին այնպիսի «մանթրաժ» վիճակում, որ ոչ մի կերպ չեն կարողանում ուշքի գալ և կազմակերպվելու փորձեր ձեռնարկել: Արտահերթ ընտրությունների հույսերն ի չիք դառնալուց հետո ընդդիմադիրները պարտադրաբար պետք է կենտոնանան ԱԺ հերթական ընտրությունների վրա: Բայց դա նրանց պլանների մեջ չէր մտնում: Միայն հեղափոխության միջոցով իշխանափոխությունը նրանց շանսեր կտար` իշխանության ղեկը ստանձնելու: Այստեղից էլ երևի ծնունդ է առնում դատապարտվածության զգացումը, որը ոչ մի կերպ չի հաջողվում թոթափել: Մի կարճ ժամանակ «հողմաղացների» դեմ դոնքիշոտյան գրոհ ձեռնարկելուց հետո հասկանալի դարձավ, որ ինչքան էլ դյուրահավատ լինի հանդիսատեսը (իմա` ժողովուրդը), իմիտացիոն պայքարով նրան տևականորեն խաբել հնարավոր չէ: Հենց այդ պահից էլ զենքերը վայր դրեցին, և սկիզբ առավ «պարապուրդի» երկարատև ժամանակահատվածը: Ինչևէ: Թեկուզ ընդդիմության պասիվության պայմաններում, ընտրապայքարը վաղուց սկսված է: Իսկ ինչո՞ւ այդքան շուտ: Ենթադրվող առաջին պատասխանն այն է, որ անցյալում հասարակությունը երբեք այսչափ անտաբեր չի եղել քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պարագայում կուսակցությունների վարկանիշն ընկնում է մեխանիկորեն` անկախ նրանց գաղափարախոսությունից, գործունեությունից կամ վարքագծից: Ժողովրդին կրկին քաղաքական գործոն դարձնելու հարցը վերջին տարիներին դարձել է թե° ընդդիմության, թե° իշխանությունների գերխնդիրը: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում է համեմատաբար բարձր վարկանիշ և ըստ այդմ էլ հավակնություններ ունեցող կուսակցությունների մտահոգությունն առ այն, որ եթե այսօրվանից չլծվեն ժողովրդին նիրհից արթնացնելու ծանր գործին, հետագայում կարող են հայտնվել ցայտնոտային վիճակում: Ընտրապայքարը ժամանակից շուտ սկսելու խթաններից մեկն էլ այն է, որ քաղաքական դաշտում, բացի 1-2 կուսակցություններից, չկան իրենց վարկանիշով մնացածնե րին նկատելիորեն գերազանցող այլ ուժեր: Եվ այս պարագայում նախկինում իրենց չդրսևորած կուսակցությունները մրցակցությանը դիմանալու շանսեր են ձեռք բերում: Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամիս հետո վերջիններս կտրուկ կակտիվացնեն իրենց գործունեությունը` միաժամանակ փնտրելով ուժեղ դաշնակիցներ: Դժվար չէ երևակայել, թե քարոզչական ինչ հնարքներ կկիրառեն իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը: Հանրապետության դեռևս ծանր վիճակի պատճառները մատնանշելիս, իշխանությունները շեշտը կդնեն հիմնականում օբյեկտիվ գործոնների վրա, իսկ սուբյեկտիվի վրայով կանցնեն «թեթևակի»` ինքնաքննադատության սահմանված պատշաճ չափաբաժին պահպանելով: Ընդդիմադիրները կընկնեն հակառակ ծայրահեղության մեջ. ոչ մի օբյեկտիվ պատճառաբանություն չեն ընդունի, ամեն թերություն կպայմանավորեն միայն սուբյեկտիվ գործոններով: «Մոգական փայտիկ ոչ մեկի ձեռքին չկա»` կպնդեն երկրի ղեկավարները, համոզելով, որ երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր է աստիճանա բար, առանց «կախարդական» թռիչքների: Դասական դարձած քարոզչական այս «մեխանիկան» օրինաչափ է, և ոչ մի նորություն չի պարունակում: Երբ ընդդիմադիրները համոզում են, թե երկրի փրկությունը իշխանափոխության մեջ է` նկատի ունենալով, որ իրենք են միայն ունակ հաղթահարելու բոլոր դժվարությունները, պետք չէ միանգամից նրանց մեղադրել իշխանատենչության մեջ: Իրենք ինքնախաբեության գերխնդիրը լուծել են: Այստեղ տեղին է հիշել Բեռնարի խոսքերը. «Մարդիկ միշտ էլ անկեղծ են. միայն նրանց անկեղծությունն է փոփոխվում»: Ահա այսպիսի փոփոխված «անկեղծության» հետ գործ ունենք, երբ երեկվա իշխանավորը, պաշտոնը կորցնելուց հետո, սկսում է ամենաթունդը հայհոյել իշխանություններին: Բոլոր դեպքերում, եթե իրատեսական հայացք նետենք ապագային, ապա կհանգենք հետևյալ եզրակացության. քարոզներով անհնար է ուղղորդել հայաստանցի ընտրողներին: Ժողովուրդը վաղուց արդեն նախկին դյուրահավատը չէ: Նա շռայլված խոստումներին այլևս ուշադրություն չի դարձնելու: Գնացել և գնալու է այն անհատի, քաղաքական այն ուժի լիդերի հետևից, հանձին որի տեսնում է կամք, վճռականություն և ազնվություն: Թե ինչ փոփոխություններ տեղի կունենան 2007-ի սկզբներին Հայաստանի քաղաքական կյանքում, ժողովրդի համակրանքի ինչպիսի «պաշարով» կուսակցությունները կներգրավվեն արդեն օրինական ընտրապայքարի մեջ` խոշոր հաշվով, այնքան էլ հեշտ չէ կանխատեսել: Անակնկալները չեն բացառվում: Բերենք ընդամենը մեկ օրինակ: 1998-ին, շատերի համար անսպասելի վերադառնալով քաղաքական ասպարեզ, Կարեն Դեմիրճյանը մեկ հարվածով, միանգամից խառնեց բոլորի քաղաքական խաղաքարտերը` «ջուրը լցնելով» վերջիններիս գործունեության պտուղները: Սա է մեր իրականությունը` ինքնատիպ, ֆենոմենալ, անկանխատեսելի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ