ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ


Մինչ հայրենի քաղաքական ուժերը ջանասիրաբար պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հստակեցվեց մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում տեղի ունենալիք թաղապետի ընտրության օրը` 2006 թ. հոկտեմբերի 29: Դրան հաջորդեց Երևանի փոխքաղաքապետ և ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի հրաժարականը` նշված քվեարկությանը իբրև համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու նպատակով: Անկեղծ ասած` փոխքաղաքապետի այս հրաժարումն ակամա հիշեցնում է մի քանի տարի առաջ սույն համայնքում ստեղծված նախընտրական խճանկարը, երբ Ա. Սահակյանը քվեների չնչին տարբերությամբ զիջեց ընտրապայքարի առաջատարի դափնին հաջողությամբ պահպանած ներկայիս համայնքապետին: Ինչպես հիշում ենք, այն ժամանակ էլ հայրենի ընդդիմությունը և մյուս քաղաքական ուժերը կարևորելով հանդերձ, շրջանցեցին տեղական մարմիններում ներկայացված լինելու փաստը` նույն ինտենսիվությամբ նախապատրաստվելով հերթական համապետական ընտրություններին: Այս դեպքում էլ, անկասկած, կուսակցությունների ավանդական պասիվությունը դժվար չէ կանխորոշել: Ուստիև մեծ է հավանականությունը, որ բացի գործող թաղապետից և Ա. Սահակյանից` այլոք չեն առաջադրվի կամ հոկտեմբերի 29-ին պայքարը հենց նրանց միջև կծավալվի: Իրողությունը հետաքրքիր և ուշագրավ է հատկապես այն առումով, որ նախկին մրցակիցների նոր ընտրամարտը ամենայն հավանականությամբ ծավալվելու է նոր իրավիճակում: Այս անհերքելի իրողությունը նախ և առաջ փակուղի է ստեղծում ՀՀԿ-ի և նույնիսկ շարքային հանրապետականների համար: Հավանական է, որ, ինչպես արդեն նշեցինք, նախորդ մրցապայքարում հաջողության հասնելուն շատ մոտ Ա. Սահակյանի` վերստին առաջադրվելու վճռականության հիմքում փոփոխված քաղաքական իրավիճակի թվացյալ առավելություններն են: ՀՀԿ-ն, անշուշտ, այն ժամանակ էլ թիվ 1 քաղաքական ուժն էր: Ի վերջո, նախորդ ընտրություններում Ա. Սահակյանի կրած պարտությունը ավելի ուշ «կոմպենսացվեց» փոխքաղաքապետի պաշտոնով: Սա ենթադրում էր ավելի մեծ իշխանություն, և նման պայմաններում առնվազն անհասկանալի է վերստին առաջադրվելու բուռն մղումը: Հեռակա տպավորությամբ` այն ժամանակ Սահակյանն ու նրա թիմը մի տեսակ անակնկալի եկան. ասել է, թե նրանց շտաբում պարտության տարբերակը չէր հաշվարկվել: Ավելորդ չէ հավելել նաև, որ ՀՀԿ-ական թեկնածուի պոտենցիալ ընտրազանգվածին այս ընտրություններում կհրապուրի նաև վերջին տարիներին նրա զբաղեցրած ավելի բարձր պաշտոնը, դրա ուղղակի կապը ՏԻՄ ողջ համակարգի հետ և, իհարկե, երիտասարդ գործչի ձեռք բերած փորձառությունը: Իր հերթին Աջափնյակի գործող թաղապետը` իբրև երկար պաշտոնավարած ղեկավար, անկասկած, բազմապատկած կլինի հանրության ավանդական դժգոհությունը, ինչը սովորական երևույթ է: Բացի այդ, նրա թեկնածության հանդեպ քաղաքական ուժերի հետաքրքրությունն է նվազել: Վերջին հաշվով Ա. Խաչատրյանի պարտությունը կարող է վերագրվել վերջինիս գլխավոր հովանավորի` Ա. Հովսեփյանի դիրքերի թուլացմանը: Եվ, ընդհակառակը, Արման Սահակյանի պարտությունն էլ ՀՀԿ հեղինակությունն ստվերելու վտանգ ունի: Չնայած դժվար է ասել` հիմնական երկու մեծ «մարտերից»` խորհրդարանական և ՀՀ նախագահի ընտրություններից առաջ արդյո՞ք ՀՀԿ-ին կարելի էր նման երկընտրանքի առջև կանգնեցնել: Չէ՞ որ Աղվան Հովսեփյանն էլ իր հրահանգներին սպասող ոչ փոքր ընտրազանգված ունի: Այսուհանդերձ, հետաքրքիր ընտրապայքարից առաջ դեռևս ողջախոհություն դրսևորելու ժամանակ կա: