Ի՞նչ կզգար Հայոց Բանաստեղծն այսօր


«...Էլ հայ ժողովուրդն էս տեսակ լալկան երգ չի երգելու» Հայտնի է, որ XX դարի սկզբին հատուկ ուժով է ծավալվել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ծանր տարիներին հարազատ ժողովրդին գործնական օգնություն ցույց տալուց բացի, նա հանդես է եկել նաև լավատեսություն ներշնչող հոդվածներով, հետազոտություններով, բազմաթիվ գրառումներ կատարել` հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցերի շուրջ: Դրանք բոլորը տեղ են գտել վերջին տարիներին հրատարակված Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակության տասը հատորյակում: Կարդում ես ազգային գործչի գրեթե մեկ դար առաջ գրած այդ նյութերը և հիանում դրանց թարմությամբ, արդիականությամբ ու պայծառ լավատեսությամբ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի նրա 1917-ին արված «Դիտողություններ հայոց լեզվի մասին» գրառում ները (տե°ս ԵԼԺ, հ. 8, Եր., 1999, էջ 434-448): Հետաքրքրական է, որ հայոց լեզվի զարգացման ուղիների մասին խոսելիս Թումանյանն անդրադառնում է նաև ազգային երգերին, զգուշացնելով, որ հարազատ լեզվի հետ չվարվեն այնպես, «...ինչպես մի ժամանակ իտալական օպերաներից եղանակներ էին առնում ու դնում փոխադրած կամ առանձին թարգմանած ոտանավորի վրա ու հռչակում հայոց ազգային երգեր, և մենք կարծում էինք, թե «Մեզնից առաջը» կամ «Մեր հայրենիքը» (Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը»), «Կապույտ երկնքումը» և այլն հայկական երգեր են ու շատ հիասթափվեցինք, երբ իմացանք օտար են... (ընդգծումը մերն է` Լ. Ա.)»: «Եվ ինչպես նրանից հետո,- շարունակում է Բանաստեղծը,- այժմ փորձ են անում հավաքելու ազգային ժողովրդական երգերն ու եղանակներն ու նրանցից կազմելու ազգային երգ ու երաժշտություն, էնպես էլ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ու հիմք տալու համար, պետք է հիմնվել ժողովրդի կենդանի լեզվի, նրա ոգու ու օրենքի վրա»: (Տե°ս ԵԼԺ, հ. 8, Եր., 1999, էջ 443): Իսկ թե ինչ կարծիքի էր Հովհաննես Թումանյանը «Իտալացի աղջկա երգի» մասին, կարդանք 1915-ի մայիսի 10-ին «Հորիզոն» թերթում լույս տեսած նրա «Վան և Երևան» հոդվածում (տե°ս ԵԼԺ, հ. 7, Եր., 1995, էջ 168): «...Եվ ահա (Երևանի պատերազմից) հարյուր տարուց հետո, էսօր էլ ընկնում է Վանը: Ռուսաց հաղթական զորքի հետ ուս-ուսի Վան են մտնում մեր կամավոր խմբերը, դարձյալ ռուսաց ազգային դրոշակի հետ փողփողում է մեր ազգային դրոշակը, դարձյալ ռուսաց զինվորական քայլերգի հետ հնչում է մեր ժողովրդական երգը: - Մեր հայրենիք, թշվառ, անտեր: Մեր թշնամուց ոտնակոխ... Բայց... էս անգամ վերջին անգամն է, որ մենք երգում ենք էս տեսակ ազգային երգ, էլ հայ ժողովուրդն էս տեսակ լալկան երգ չի երգելու (ընդգծումը մերն է` Լ. Ա.), էլ հայ բանաստեղծն էս տեսակ երգ չի հորինելու Վանի պատերազմից հետո... ...Քանդված ու քայքայված հայ ժողովուրդը նորից դառնում է մի ժողովուրդ, որ... իր ամբողջ ուժն ու եռանդը գործ է դնում իր կուլտուրական, բարոյական, տնտեսական վերաշինության ու զարգացման վրա...»: Սա գրվել է 1915-ին... Մեկնաբանություններն ավելորդ են...