Սովորեցին, սովորեցրին, պիտի սովորեցնեն


ՀՀ ԿԳ նախարարությունը 4,5 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացնում է 40 հազար ուսուցիչների վերապատրաստում: Կրթական բարեփոխումների իրականացման երաշխիքը իրեն` բարեփոխողին, վերապատրաստելն է: Երկար տարիներ նախկին մեթոդներով աշխատող, դրանց սովոր ուսուցիչների վերապատրաստումն օրախնդիր է: Այս նպատակով հանրապետությունում ստեղծվել են ավելի քան 50 դպրոց-կենտրոններ, որտեղ և անցկացվելու են դասընթացները: Ավան և Նոր Նորք համայնքների համար կենտրոն դպրոց է թիվ 150-ը: Վերապատրաստողներն իրենք տարբեր դպրոցներից մրցութա յին եղանակով ընտրված և արդեն վերապատրաստված ուսուցիչներ են և պատրաստ են սովորեցնել սովորեցնողներին: Թիվ 105 դպրոցում վերապատրաստվել է 6 խումբ, յուրաքանչյուրը` 30-ական ուսուցչով: Ավանի և Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները վերապատրաստվում են հայոց լեզու, ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաներից: Մեր այցելած խմբի վերապատրաստումը վստահված էր Ղ. Աղայանի անվան դպրոցի փոխտնօրեն, 32-ամյա մանկավարժական փորձ ունեցող Վիկտոր Մելիքյանին և մայրաքաղաքի թիվ 177 դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Մելքոնյանին: Ինչպե՞ս են տրամադրված իրենք` ուսուցիչները, այս գործընթացի նկատմամբ: «Նրանք լավատես են, սիրով են մասնակցում դասընթացներին և համոզում ունեն, որ դրական տեղաշարժ, իրոք, կլինի»,- նշում է վերապատրաստող դասախոս պրն Մելիքյանը: Ի վերջո, այսօր կարևորվող նոր ինտերակտիվ մեթոդը իրականում այնքան էլ նոր չէ: Դրա սաղմերը եղել են նաև խորհրդային դպրոցում: «Սակայն մեթոդն ընդհանրացման աստիճանի չի հասել,- նկատում է մեր զրուցակիցը,- նախկինում գիտելիքները կիրառական չեն եղել: Այսօր այդ մասով հատուկ ուշադրություն է նախատեսվում»: «Համագործակցային մեթոդը գիտելիք տալուց բացի կարևորում է անձի, նրա հմտությունների ձևավորումը, հիմնավորում աշխարհաճանաչողության գաղափարը: Սա ևս կրթական նոր չափորոշիչներով սահմանված կարևորագույն խնդիր է»,- հավելում է Թամարա Մելքոնյանը: Վերապատրաստվող ուսուցչուհի Հասմիկ Պողոսյանը (թիվ 143 դպրոց) չափազանց գոհ էր դասընթացից, անկեղծորեն ոգևորված: Նա նշեց, որ հնգօրյա հանդիպումները գործընկերների հետ, վերապատրաստող դասախոսների ուշադրությունը էլ ավելի տպավորիչ և ուսանելի դարձրին պարապմունքները: Իսկ խոսքի վերջում` մի անկեղծ խոստովանություն. «Կուզենայի, որ հենց այսօր արձակուրդն ավարտվեր, ու վաղվանից մտնեինք դպրոց` այսչափ հետաքրքիր մեթոդով աշխատելու»: Ամփոփող խոսքը տանք դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանին, ում ընդունելությունից, ցուցաբերած պատրաստա կամ վերաբերմունքից գոհ են և° վերապատրաստողները, և° վերապատրաստվողները: «Իմ դիտարկմամբ, այս դասընթացներն, իրոք, անհրաժեշտություն են դպրոցի համար և ճիշտ ժամանակին են կազմակերպվել: Մենք ամեն կերպ պիտի նպաստենք նոր կրթակարգի ներդրմանը և սահուն անցմանը: Այս մոդելով դպրոցն ու ուսուցիչը դառնում են բարեփոխումների կրողն ու ուղղությունը: Փորձել եմ բարեխիղճորեն կազմակերպել, ստեղծել նպաստավոր պայմաններ` դասընթացներն արդյունավետ անցկացնելու համար: Նկատել եմ, որ ուսուցիչները մեր դպրոց մտել են հաճույքով, գրեթե չբացակայելով: Վստահ եմ, որ այս հինգ օրերի համագործակցությունը նրանց համար հետագա շահավետ փոխշփումների հիմք կդառնա: Վստահ եմ նաև, որ մեթոդի ներդրման հաջողությունը դպրոցում շուտով նկատելի կլինի:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ